ՀԱԿ. Տեղի ունեցածը իշխանությունների արձագանքն է արտահերթ ընտրությունների մասին քննարկմանը

ՀԱԿ. Տեղի ունեցածը իշխանությունների արձագանքն է արտահերթ ընտրությունների մասին քննարկմանը
ՀԱԿ. Տեղի ունեցածը իշխանությունների արձագանքն է արտահերթ ընտրությունների մասին քննարկմանը

ՀԱԿ հայտարարություն է տարածել անրդառնալով երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպին:
«Շարունակվում են Հայ Ազգային Կոնգրեսի համակիրների նկատմամբ ապօրինություններն ու բռնությունները:

Հերթական միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին, ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն:

Սրանով, սակայն, ոստիկանության գործած ապօրինությունները չեն ավարտվում: Մասնավորապես

 

  • ոստիկանության կողմից արգելվել է երիտասարդներին ցուցաբերել բուժօգնություն` անգամ շտապօգնության բժշկի կողմից վնասվածքներն արձանագրելուց հետո

  • դատավարական ձևակերպում չեն ստացել նրանց ստացած վնասվածքները, և երիտասարդները չեն ներկայացվել դատաբժշկական փորձաքննության, մինչդեռ ոստիկանի նկատմամբ այս ընթացակարգը պահպանվել է

  • բերման ենթարկվելուց հետո 20 րոպե անց ժամանած փաստաբաններին միայն ժամանելուց 40 րոպե անց է հաջողվել մուտք գործել բաժանմունք, սակայն օրենքի բացահայտ անտեսմամբ փաստաբանները չեն ներգրավվել գործին: Ավելին, բաժանմունքում փաստաբանների նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, նրանց շուրջ 1 ժամ ապօրինաբար զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, խլել են փաստաբաններից մեկի հեռախոսը:

  • փաստաբանների` գործին ներգրավումը մերժելու պայմաններում ընդունվել է ձերբակալման մասին ապօրինի որոշում:

  • Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս սադրանքը, դիտարկում այն, որպես իշխանությունների արձագանք երկխոսության շրջանակներում սկսված արտահերթ ընտրությունների մասին բովանդակային քննարկմանը: Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացրած ծավալուն փաստաթուղթն, ըստ էության, անհարմար վիճակի մեջ է դրել վարչախմբին և նման քայլերով փորձ է արվում վիժեցնել բովանդակային այս քննարկումը: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ չունենալով փաստարկներ` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջոցով օրինակարգ իշխանության ձեւավորման՝ Հայ Ազգային Կոնգրեսի հիմնավորումների վերաբերյալ, ռեժիմը դիմում է Կոնգրեսի դեմ պայքարում իր համար սովորական դարձած բիրտ ուժի կիրառմանը։ Բացառված չէ նաեւ, որ օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը:

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր երիտասարդներին և օրենքով սահմանված կարգով պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր բռնություն են կիրառել ինչպես նրանց, այնպես էլ փաստաբանների նկատմամբ»:

© Medialab.am