13 կուսակցությունների առաջարկությունը համարում եմ ոչ միայն անտեղի, նաև վնասակար, ես չեմ մասնակցի նման ֆորմատի․ ՀՀ նախկին վարչապետ

Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը անդրադարձել է 13 կուսակցությունների հայտարարությանը և սոցցանցի իր էջում գրել․

13 կուսակցությունների առաջարկությունը համարում եմ ոչ միայն անտեղի, նաև վնասակար: Երկիրը ունի ղեկավար, որը ամբողջական պատասխանատվություն է կրում իրավիճակի համար: Եթե գտնի նպատակահարմար՝ կխորհրդակցի ում հետ կուզի: Որպես նախկին վարչապետ հրաժարվում եմ մասնակցել որևէ նման ֆորմատի:

Հիշեցնենք՝ 13 կուսակցություններ, այդ թվում՝ Դաշնակցությունը, Հանրապետականը, հայտարարություն են տարածել՝ պահանջելով Հայաստանի կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։ Այդ մարմինը պետք է ունենա որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություն։

Բացի այդ, պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար կառավարությունից պահանջում են ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող  նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց: