Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լուիզ Մուշիկիվաբոյին. Տեսանյութ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լուիզ Մուշիկիվաբոյին. Տեսանյութ
Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լուիզ Մուշիկիվաբոյին. Տեսանյութ

Պաշտոնական այցելությամբ Ռուանդայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 6-ին հանդիպում ունեցավ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ:

Զոհրաբ Մնացականյանը և Լուիզ Մուշիկիվաբոն հանգամանալից անդրադարձ կատարեցին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին և դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերին: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և նորարարության ոլորտների զարգացմամբ տնտեսության խթանումը և որպես ՖՄԿ գագաթաժողովում նախագահության գերակա ուղղություն, ի թիվս այլոց, առանձնացրեց ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը և թվային օրակարգի առաջմղումը, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործումը և այդ ոլորտում հայաստանյան փորձի տեղայնացումը:

Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական հետաքրքրվածություն են դրսևորում առավել ընդլայնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ բազմակողմ համագործակցությունը, որի առնչությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը լավ հարթակ է հանդիսանում փոխշահավետ շփումների հաստատման և զարգացման գործում:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին Կազմակերպության առջև ծառացած խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, գործունեության հետագա ծրագրերի, ֆրանկոֆոնիայի շրջանակներում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ սերտ համագործակցության շուրջ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։