«Դադարեցնում եմ նաև իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. Սյունիքի նախկին մարզպետի հայտարարությունը

«Դադարեցնում եմ նաև իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. Սյունիքի նախկին մարզպետի հայտարարությունը
«Դադարեցնում եմ նաև իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. Սյունիքի նախկին մարզպետի հայտարարությունը

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ։ 

«Սիրելի՛ սյունեցիներ,

Ինչպես գիտեք, հոկտեմբերի 4-ին ես դիմում էի գրել պաշտոնից ազատվելու համար, և ՀՀ կառավարության որոշումով ազատվեցի Սյունիքի մարզպետի պաշտոնից:

Շնորհակալություն եմ հայտնում այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ ձեռքբերած իմ համախոհներին` իմ աշխատանքի, գաղափարների, թիմի հանդեպ ցուցաբերած վստահության, գնահատանքի համար:

Ձգտել եմ սկիզբ դնել մարզի համար կարևոր գործընթացների ու կայուն հուն ապահովել դրանց համար, որոնք, հուսով եմ, շարունակություն կունենան: Շնորհակալ եմ նաև իմ ընդդիմախոսներին ու բնական եմ համարում քննադատությունն ու ղեկավար պաշտոնում աշխատող մարդու գործունեության հանդեպ պահանջկոտությունը:

Այդուհանդերձ, իմ ծառայությունը Սյունիքին ու մեր հանրապետությանը ես ավարտված չեմ համարում և քանի որ անտարբեր չեմ մեր մարզում ու երկրում ընթացող քաղաքական իրողությունների հանդեպ և լսելով այս վերջին օրերին ինձ հղված` իմ հայրենակիցների հորդորները, կոչերը, որոնք չեմ կարող հաշվի չառնել` ես դադարեցնում եմ նաև իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Համաժողովրդական վերածննդի պայքարն սկսեց ժողովուրդը, սկսեցինք բոլորով, համախմբվեցինք մեկ առաջնորդի շուրջ, և դրա վերջնական հաղթանակի ու հաջողության գրավականը կրկին ժողովուրդն է: Ուստի, այսօր ևս պարտավոր ենք լինել մեր քաղաքացիների կողքին, քանի որ որոշիչը բոլորիդ կամքն է, ու պետք է համախմբվենք միասնական պայքարի ու նրա հիմքում եղած գաղափարների շուրջ: Այսուհետ ևս կշարունակեմ ծառայել Սյունիքին, սյունեցիներին ու մեր պետությանը՝ իմ նպաստն ու ջանքը ներդնելով առավել հզոր մարզ ու հայրենիք ունենալու գործում:

Կարեն Համբարձումյան, ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ»։