«Ֆիլմի արտադրողները եկան մեր բնակարան, հայտնեցին, որ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեցող ֆիլմ ենք նկարահանում». Սարգիս Քլոյան

«Ֆիլմի արտադրողները եկան մեր բնակարան, հայտնեցին, որ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեցող ֆիլմ ենք նկարահանում». Սարգիս Քլոյան
«Ֆիլմի արտադրողները եկան մեր բնակարան, հայտնեցին, որ քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեցող ֆիլմ ենք նկարահանում». Սարգիս Քլոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

– Պարո՛ն Քլոյան, «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության եթերում օրերս ցուցադրվեց «Գործ N° մարտի 1» ֆիլմը, որտեղ 2008 թվականի մարտի մեկի ողբերգական իրադարձությունները ներկայացվում են աղավաղված։ Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը այդ նոր ֆիլմի մասին։ Շատերը նշում են, որ զոհերի հարազատները չեն էլ իմացել, թե ինչ ֆիլմում են նկարվում, իրենց մանիպուլացրել են ֆիլմն արտադրողները։

– Ֆիլմի արտադրողները եկան մեր բնակարան, մեզ հայտնեցին, որ խոսքը վերաբերում է միայն մեր ընտանիքին, մեր երեխայի կենսագրությանը, քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեցող ֆիլմ ենք նկարահանում։

Հարցրեցին՝ տղաս քանի՞ տարեկան էր, որտեղ է սովորել, ամուսնացա՞ծ էր, թե՞ ոչ։ Դրանից հետո արդեն հարցրեցին՝ ինչպե՞ս հայտնվեցի Մյասնիկյանի արձանի մոտ։ Ես՝ որպես մասնակից, բացատրեցի, պատմեցի, թե ինչ է եղել իրականում։ Բայց այդ ֆիլմը դիտելուց հետո հասկացա, որ ամեն ինչ 180 աստիճան շուռ տված է, որը չի համապատասխանում իրականությանը։ Վաղը մենք Հայ ազգային կոնգրեսում հանդիպելու ենք փաստաբան Վահե Գրիգորյանի հետ և հայտարարություն ենք տարածելու, որպեսզի ստուդիայից հանեն այդ ժապավենը։

– Կարծում եք՝ սա նպատակ ուներ Ռոբերտ Քոչարյանին փրկելո՞ւ։ Փաստորեն ֆիլմի նկարահանումներն սկսվել են ամառվանից, երբ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է։

– Առանց որևէ կասկածի, սա Ռոբերտ Քոչարյանի ձեռքի գործն է։ Նա շրջապատ էլ ունի, փող էլ ունի։ Նա ամեն ինչ անում է, որ չդատվի։ Մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ պադվալից դուրս չգա մի 25 տարի, եթե էդքան կապրի։

– Իսկ ի՞նչ տևողությամբ ձեզ նկարեցին, որ հետո տեսաք, որ ֆիլմում միայն պատառիկներ են ձեր խոսքից։

– Իհարկե, խաբվածություն կա։ Ինձնից մեկ ժամ հարցազրույց են վերցրել, իսկ ֆիլմում ընդամենը մի խոսք են մեջբերել, որ ես ասել եմ՝ մեղավորները պետք է պատժվեն։ Ուրիշ ոչ մի բան չեն թողել։ Իսկ գիտե՞ք, թե ես ինչքան մարդու եմ իմ խոսքում մեղադրել, ինչքան գեներալների, ինչքան քննիչների, նաև Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ Ես որպես այդ օրերի ցույցերի մասնակից՝ ամեն ինչ իմ աչքով եմ տեսել։ Իհարկե, ես ինձ խաբված եմ զգում ու չգիտեմ՝ սա ինչով կվերջանա։ Մեկ ժամ ինձ նկարել են ու ընդամենը 20-30 վայրկյան են ցույց տվել։

– Մարտի 1-ի մասին կա նաև այլ ֆիլմ՝ Տիգրան Պասկևիչյանի նկարահանած «Հայաստանի կորսված գարունը», որը երբևէ չի ցուցադրվել Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ։ Հիմա հանրային պահանջ է ձևավորվել՝ ցուցադրել այդ ֆիլմը։ Դուք նույնպե՞ս պահանջելու եք, որ այն ցուցադրվի։

– Այսօր Առաջին լրատվական կայքով ցուցադրվեց «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը։ Իհարկե, մենք մեր ձայնը բարձրացնելու ենք, որ ֆիլմը ցուցադրվի նաև Հանրային հեռուստատեսությամբ։ Դա հանրային հեռուստատեսություն է, որը սնվում է հարկատուների փողերով, և նա պարտավոր է իմ պահանջը կատարել։ Մենք դիմելու ենք Ազգային ժողով, Կառավարություն, որ ճնշում գործադրի Հանրայինի վրա, որ այդ ֆիլմը ցույց տան։

– Փաստորեն ձեզ ասել են, որ ֆիլմը միայն ձեր մասին է և խաբե՞լ են։ Հնարավո՞ր է՝ դատի տաք ձեզ խաբելու համար։

– Դատ անպայման լինելու է, հատկապես այն երիտասարդին, որն ասում է, թե ես տեսա, թե ինչպես զենքեր բաժանեցին ժողովրդին և այլն։ Մենք Հատուկ քննչական ծառայություն ենք դիմելու, որ այդ երիտասարդին կանչեն հարցաքննության ու ասի, թե որտեղ է տեսել, որ զենք են բաժանել ժողովրդին։ Քրեական գործ պետք է հարուցվի, որ մեզ խաբել են ու կեղծել են ամեն ինչ, գլխիվայր շուռ տված են ներկայացրել իրականությունը։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի դրա վերջը, մեր փաստաբան Վահե Գրիգորյանի հետ պետք է աշխատենք, տեսնենք՝ ի՛նչ արդյունքի կհասնենք։

– Պարո՛ն Քլոյան, Հայաստանում իշխանություն է փոխվել։ Դուք իսկապե՞ս հավատում եք, որ այս գործը բացահայտվելու է, և բոլոր մեղավորները պատասխանատվության են կանչվելու։

– Ես միանշանակ հավատում եմ, բայց նաև հասկանում եմ, որ մի քիչ երկար է տևելու, 1-2 տարի պետք կլինի, բայց գործն ամբողջությամբ կբացահայտվի։

– Կարծում եք, որ Քոչարյանը պետք է մնա բանտում, և հերթական արդարացումը չե՞նք տեսնի։

– Ռոբերտ Քոչարյանը հիմա նստած տեղը աշխատում է, իսկ եթե դուրս գա, ամբողջ գործընթացը վարի է գնալու։ Նորից եմ կրկնում՝ նա շրջապատ ունի, նա փող ունի, ամեն ինչ հնարավոր է։ Նա 5-6 փաստաբան է վարձում, լրագրողներ է վարձում, հեռուստաալիք բացեց, «Արարատը» դարձրեց «Հինգերորդ ալիք»։ Նա փող ունի, ամեն ինչ էլ կարող է անել։ Կբերի 10-20 վկաներ, կկաշառի, ինչ ուզի՝ կասեն։ Դրա համար նա պետք է մնա բանտում։

Լուսանկարը` «Ազատություն»

Մանե Հարությունյան

MediaLab.am