«Խիստ մտահոգ եմ այսօր Հայաստանում տիրող «կիսակարանտինային» վիճակից, որը ժողովուրդն է առաջացրել։ Մի մասը ենթարկվում է կարգ ու կանոնին ու տնից դուրս չի գալիս, մյուս մասի համար ոչինչ փոխվել»,- ասում է 46-ամյա Մարիամ Մանուչարյանը, որը կրթական ծրագրով այժմ գտնվում է Չինաստանում՝ Պեկինից ոչ հեռու գտնվող Թիենջին քաղաքում։
Մեկ ամիս առաջ «Մեդիալաբին» տված հարցազրույցում Մարիամը նշել էր, որ չինացիներին մեծապես օգնեց իրենց կարգապահությունը, քանի որ մեկ մարդու պես լսում ու ենթարկվում էին, Հայաստանին անդրադառնալիս նկատում է, որ շատերը չեն հետևում կանոններին, ինչը լուրջ հետևանքների է հանգեցնելու և արդեն հանգեցրել է։
«Եթե այսքան ինֆորմացիա ունենալուց հետո էլի մարդիկ կան, որ մատների արանքով են նայում, և իրենց համար միևնույն է թե իրենց և թե իրենց շրջապատի կյանքը, մնում է, որ կառավարությունը խիստ պատիժների ենթարկի, կոշտ վերահսկողություն ցուցաբերի,- ասում է Մարիամը՝ հավելելով, որ մի քանի պարզ կանոնները կարող են իրավիճակը դեպի լավը փոխել,- մնում են տանը, պահպանում են հիգիենան, իմունիտետը, տաք ջուր են խմում, նոր վարակներ չեն լինում, և եղածներն էլ բուժվում են»։
Մարիամը նշում է, որ արդեն երրորդ ամիսն է՝ ինքնամեկուսացված է և պահպանում է կանոնները, չնայած դա այնքան էլ հաճելի չէ, բայց իրավիճակի միակ լուծումն է։ Թեպետ գարուն է և դրսում արև, սակայն հորդորում է հայրենակիցներին տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ «Ի տարբերություն իմ սիրելի հայրենակիցների, որ իրենց հարազատների, իրենց սիրելիների հետ են, իրենց տանն են, մենք շատ հեռու ենք, ոնց որ ուրիշ մոլորակում, չորս պատի մեջ ենք՝ կոշտ կանոնների տակ, նոր-նոր կարող ենք դուրս գալ, իհարկե, բոլոր էդ չեկինգները անցնում ենք»։
Թեպետ կարծում է, որ Հայաստանում կառավարությունն ուշացումով քայլերի դիմեց, սական նշում է, որ այժմ պետք է ժողովուրդը համագործակցի, տանը մնա․ «Սա մի ուրիշ հնարավորություն է, որ իրենց տրված է, իրենց ընտանիքի հետ ժամանակ անցկացնել, միասին լինել, ժամանակը վայելել: Իհարկե, առիթը էդքան էլ հաճելի չէ, բայց սա էն դեպքն է, որ բոլորն ասում էին՝ այ որ ժամանակ լիներ՝ սա կանեի, նա կանեի, հիմա էդ ժամանակը ունեն ու կարող են օգտագործել։ Եվ սա առիթ է նաև, որ մարդիկ կարողանան իրենց ազատ ժամանակը վերարժևորել, վերաիմաստավորել, մնալ իրենք իրենց, երբեմն՝ հարազատների հետ, ավելի մտերմանալ, որ դիմակայեն: Փառք Աստծո, սա ռմբակոծություն չի, պատերազմ չի, վիրուս է, որի դեմ հնարավոր է պայքարել և հնարավոր է զերծ մնալ՝ մի քանի պարզ կանոններ պահպանելով»։
Մարիամը պատմում է, որ այժմ Չինաստանում դրական դինամիկան հստակ զգացվում է։ Չեն աշխատում միայն կրթօջախները և մշակույթի կենտրոնները, բաց են բոլոր մոլերը, ռեստորանները, սրճարանները։ Կարծում է, որ ապրիլի կեսերից ավագ դպրոցները կբացվեն, մայիսից՝ մնացյալ դպրոցները։
«Երթևեկությունը առաջվա նման կա, գնացի քաղաքի կենտրոնը հասա, որտեղ նույնիսկ մարդիկ լողում էին, ձուկ էին բռնում, փոքր երեխեքն էլ ձուկ էին բռնում, ամեն ինչ նորմալ է, կյանքը իր հունի մեջ, նավը աշխատում էր, նաև դրված էր ալկոգել, դիմակ են տալիս, նոր թույլ են տալիս նավ նստել։ Նույնիսկ ավտոբուս բարձրանալիս, մետրոյում՝ վարորդը ջերմությունն է չափում, կոդը սկան են անում՝ առանց դիմակի ոչ մեկը չի բարձրանում»,- նշում է Մարիամը։
Արփինե Արզումանյան
MediaLab.am