Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում

Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում
Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում

Երիտասարդ ամուսինները պատրաստվում են ընթրիքի գնալու, սակայն երբ ամուսինը` 31-ամյա Արսեն Մինասյանը տեսնում է կնոջ զգեստը, զայրանում է ու սկսում նրան բացատրել, որ իր կինը չի կարող նման զգեստով ընթրիքի գնալ.
«Դու քեզ հայելու մեջ նայե՞լ ես: Իմ կինն իրավունք չունի սենց տեսքով տնից դուրս գալու, աշխատողներն ի՞նչ կասեն` Արսենը մեռել ա, որ իրա կինը էս տեսքով ա տնից դուրս գալիս»,- ասում է արտասահմանյան ընկերության աշխատակից Արսենը` կոպտորեն բռնելով կնոջ ձեռքն ու հրամայելով փոխել զգեստը:

Երբ կինն ընդդիմանում է, ամուսինը սկսում է նրան հարվածել ու ստիպում վարվել այնպես, ինչպես ինքն է ուզում. «Ինձ հունից մի´ հանի: Ե՞րբ պիտի էս ուղեղդ մտնի, որ պիտի անես էն, ինչ ես եմ ուզում, ուղեղդ ե՞րբ ա մտնելու, որ դու իրավունք չունես ինձ հակաճառես»:

Նման պատմությունները ու կնոջ նկատմամբ բռնությունը հայկական հեռուստաէկրանին հաճախ է սկսել հայտնվել, այս դրվագը «Կյանքի կարուսել» մանրապատումից է, սակայն իրականում նման տեսարաններ կարելի է տեսնել հայրենական արտադրության շատ սերիալներում:

Հայկական հեռուստաընկերությունների եթերը լցնող սերիալների ու իբրև թե կյանքից վերցված մանրապատումները հաճախ կնոջ նկատմամբ ակամա բռնություն են քարոզում:

Համեմատաբար ավելի նոր սերիալներում անգամ դրական համարվող տղամարդկանց կերպարները կանանց ճնշում ու ստորացնում են, իսկ ինքնուրույն ու անկախ ներկայացվող կանայք հաճախ խաբեբայի կամ ամուսնուն դավաճանողի հատկանիշներ ունեն:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների մասնագետներն ու կանանց խնդիրներով զբաղվող հոգեբանները միակարծիք են` հայկական արտադրության հեռուստասերիալներում ամենավտանգավորը ցուցադրվող բռնությունն է կանանց նկատմամբ:

«Այդ սերիալներում կանայք անընդհատ ստորացվում են, լալիս, ծեծի են ենթարկվում, ինչը չի կարող հոգեբանական ազդեցություն չթողնել,- ասում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («ՓԻՆՔ Արմենիա») ՀԿ ղեկավար Մամիկոն Հովսեփյանը: – Նոր ձևավորվող պատանու մեջ կարծրատիպ է ամրանում, որ իսկական տղամարդը հենց այդպիսին պիտի լինի, իսկ աղջիկների մեջ էլ` որ ինքը ստրուկ պիտի լինի»:

Հունիսի վերջին «Կապիտալ» օրաթերթի ու «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության (այն գործում է ոլորտում համաշխարհային առաջատար GFK ընկերության լիցենզիայով) հրապարակած` ամենադիտված հաղորդումների ցուցակը Հայաստանի ողջ տարածքի համար գլխավորում են հեռուստասերիալները:

Ըստ ուսումնասիրության` աշխատանքային օրերի կարևոր գնահատվող ժամերին` 18։00-00։00-ը, ամենաշատը դիտում են Հանրային հեռուստաընկերության «Հրեշտակների դպրոցը» և «Աննա-2» ու «Արմենիա» հեռուստաընկերության «Եզրագծից այն կողմ» և «Դժվար ապրուստ» սերիալները։ Ավելին` ամենադիտվող առաջին 10 հորիզոնականներից 8-ը զբաղեցնում են հենց հեռուստասերիալները:

Մամիկոն Հովսեփյանն ասում է` այս սերիալներից յուրաքանչյուրում կնոջ կերպարն աղավաղված է ու ոչ դրական գծերով է ներկայացված.

«Օրինակ` «Աննա» սերիալը. գլխավոր հերոսուհին կարծես թե վատը չէ, բայց, դե, միշտ տանջված է, տխուր, սթրեսների մեջ, տպավորությունն այն է, որ լավ մարդիկ չեն կարող երջանիկ լինել»:

Իսկ մյուս ամենաբարձր վարկանիշ ունեցող սերիալները` «Հրեշտակների դպրոցը», «Դժվար ապրուստն» ու «Եզրագծից այն կողմը», լի են կանանց ստորացման ու ծեծի տեսարաններով. կա´մ նրանց մազերն են քաշում ու ծեծում, կա´մ դավաճանում են ու անընդհատ նշում, որ կինը կարծիք հայտնելու ու ձայնի իրավունք չունի, կա´մ էլ կանայք անընդհատ կապտուկներով են շրջում:

Հեռուստասերիալները կազմում են Հայաստանում ամենաշատը դիտվող հեռուստաալիքների` Հանրայինի, «Արմենիայի» և «Շանթի» եթերի կեսից ավելին: Հատկապես մարզերում, որտեղ հանգիստը կազմակերպելու մեծ ընտրություն չկա, դրանք ակամա մարդկանց կյանքի բաղկացուցիչ մասն են դառնում:

Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ Օլգա Եսայանն ասում է` իրենց մոտ թե´ երեխաները, թե´ պատանիները, թե´ մեծերը հանգստի ժամին հիմնականում զբաղվում են սերիալ դիտելով, ինչը չի կարող անհետևանք լինել.

«Երևի նրանք [սերիալներ նկարահանողները] ուզում են, որ սերիալները իրական կյանքին մոտ լինեն, ու քանի որ հայկական իրականության մեջ նման երևույթներ շատ են հանդիպում, իրենք էլ նույնն են ցուցադրում, բայց չեն մտածում, որ իրենք էլ հենց նպաստում են այդ ամենին ու ազդեցություն թողնում»:

Մինչդեռ «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Դժվար ապրուստ» սերիալի սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը չի կարծում, թե սերիալների բովանդակությունը կարող է ազդել հոգեկերտվածքի ձևավորման կամ կարծրատիպերի ամրապնդման վրա:

«Այս կյանքում յուրաքանչյուր տեղ` շուկայում, սուպերմարքեթում, դրսում կատարվող ինչ-որ բան կարող է ազդեցություն ունենալ մեր կյանքի վրա: Ու ես չեմ կարծում, որ հեռուստատեսությամբ ցուցադրվող ինչ-որ հաղորդումներ կարող են ավելի խոր ազդեցություն թողնել, քան իրականությունը, որ մեզ շրջապատում է»,- ասում է Գրիգորյանը:

«Մեր իրականությունն ավելի դաժան է, այն աղտոտում է մեր հասարակությունը: Եթե հասարակությունն ու իրականությունը լավը լինեն, չի կարող ինչ-որ սերիալ աղտոտել հասարակությունը»,- հավելում է նա:

Մամիկոն Հովսեփյանն ասում է` հատկապես Գյումրիում ու Վանաձորում անցկացված իրենց աշխատանքային դիտարկումներից պարզ է դարձել, թե ինչպես են սերիալները որոշակի կարծրատիպեր ձևավորում.

«Երբ 14-15 տարեկան աղջիկներին հարցնում էինք` ինչպե՞ս են պատկերացնում իրենց ապագան, նրանք հիմնականում պատասխանում էին` մեծանալ, ամուսնանալ, երեխա ունենալ, ճաշ եփել: Սակայն ամենացավալին այն է, որ նրանց մեջ կարծրատիպ է ձևավորվել, թե ցանկացած վեճի դեպքում միշտ կինն է մեղավոր»:

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նշում է, որ իր սցենարով բեմադրվող սերիալում («Դժվար ապրուստ») որևէ բան անհիմն չէ, եթե տղան բարձր ձայնով է խոսում մոր հետ, ապա մայրը բացատրություն է պահանջում.

«Եթե ինչ-որ բան է լինում, ուրեմն դրա համար պատճառներ են լինում, եթե կնոջը ծեծում են, ուրեմն նա թույլ է տվել, որ իրեն ծեծեն, հենց էնպես ոչինչ չի լինում»:

Լոռու մարզի կանանց իրավունքների կենտրոնի համակարգող Սիրան Քոչինյանի մեկնաբանությամբ` թեպետ ոչ բոլորը կարող են նմանակել սերիալներում ցուցադրվող բռնությունն ու վարվելակերպը, ոմանց վրա դա կարող է ազդեցություն ունենալ:

«Դա անհատական է, բռնություն տեսնող երեխաներից մեկը կարող է սովորել դա, մյուսը կարող է երբեք չանել նման բան: Օրինակ` «Կարգին սերիալը» մոր, եղբոր հանդեպ վերաբերմունքի բացասական կողմեր է նաև պարունակում, ինչը հնարավոր է հանգեցնի բռնության ավելացման, հնարավոր է` ոչ»,- ասում է ՀԿ ղեկավարը:

Քոչինյանի կարծիքով` սերիալներում իրական կյանքի հետ կապ չունեցող տեսարաններ են պատկերվում, ու դրանք միայն բթացնում են մարդկանց ուղեղը:

Սակայն «Կանանց ռեսուրսային կենտրոնի» համահիմնադիր Լարա Ահարոնյանը նշում է, որ հենց այդ ծայրահեղությունն էլ, որ ցուցադրվում է սերիալներում, կարող է վտանգավոր լինել, քանի որ մարդիկ կարող են մտածել, թե դա իրենցից հեռու է, ու ակամա ազդվել այդ ամենից:

«Մենք մի քննարկում էինք կազմակերպել, որտեղ կանայք իրենք էին ասում, որ տղամարդիկ շատ բան հենց սերիալներից են սովորում, իսկ որ ամենավատն է` մանուկներն ու պատանիները շատ են ազդվում դրանցից»,- պատմում է Ահարոնյանը:

Նրա գնահատմամբ` խնդիրներից մեկն այն է, որ ոչ ոք չի ուսումնասիրում` ինչպե´ս կարող են այդ սերիալներն ազդել հասարակության վրա, որևէ ակադեմիական հետազոտություն չի անցկացվում, որպեսզի հեռուստաընկերություններն ու սցենար գրողներն էլ որոշակի հետևություններ անեն:

Հունիսին «Հասարակությունն առանց բռնության» ՀԿ հրապարակած հարցման համաձայն` Հայաստանում կնոջը վերապահվող կարծրատիպերից են` չարախոսը, բամբասկոտը, հարմարվողը, թույլը, խորամանկը, ու այս կարծրատիպերը կանանց վերագրել է հարցվածների 80 և ավելի տոկոսը: Մինչդեռ տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը չէր գերազանցում անգամ 50 տոկոսը, ու նրանց վերագրվող ամենամեծ ցուցանիշ ունեցող հատկանիշներից են ուժեղն ու կոպիտը:

Ոստիկանության տվյալներով` վերջին տարիներին կանանց հանդեպ բռնությունը չի ավելացել, սակայն դրա մասին ավելի շատ են սկսել խոսել:

«Բռնությունների աճ չունենք, բայց չի էլ նվազում բռնության դեպքերի քանակը: Իսկ ընտանեկան բռնությունը միայն վերջին տարիներին է, որ բարձրաձայնվում է»,- հուլիսի 20-ին լրագրողներին ասել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

Դուրյանը նաև նշել է, որ միաժամանակ կանայք հաճախ վախենում են կամ ամաչում են բացահայտել բռնության դեպքերը հասարակական կարծիքի ու ավանդույթների ճնշման, ինչպես նաև ամուսնուց կախվածության պատճառով:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան Ռուբեն Պողոսյանի գնահատմամբ` հեռուստատեսությունն ու լրատվամիջոցները հոգեբանական ազդեցություն են թողնում հասարակություն վրա.

«Մեր հասարակությունում այնպիսի ավանդույթներ կան, ինչպիսիք են` կինը խոսելու իրավունք չունի, պետությունը տղամարդկանց կառավարման գործն է»:

«Ու երբ սերիալներում այս ամենն արտացոլվում է, դա ամրացնում է կարծրատիպերը: Ու ցավալին այն է, որ դա ոչ այնքան կարեկցանք է առաջացնում, որքան ընդունվում է որպես սովորական երևույթ»,- բացատրում է Պողոսյանը` առաջարկելով հեռուստատեսությամբ ավելի շատ ցուցադրել կյանքում կանանց մեծությունը, կարևորությունը ներկայացնող պատմություններ:

Սառա Խոջոյան

Նյութի պատրաստմանը մասնակցել է Անուշ Բուլղադարյանը:

Ծաղրանկարը` Վահե Ներսեսյանի

© Medialab.am