«Նարեկ Սարգսյանը շուտով մեր տեսադաշտում կլինի». Վալերի Օսիպյան

«Նարեկ Սարգսյանը շուտով մեր տեսադաշտում կլինի». Վալերի Օսիպյան
«Նարեկ Սարգսյանը շուտով մեր տեսադաշտում կլինի». Վալերի Օսիպյան

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգայն հետախուզում է հայտարարվել, ոստիկանությունը համագործակցում է Ինտերպոլի հետ:

Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսին:

«Թույլ տվեք չմանրամասնել, բայց ոնց որ թե մեր տեսադաշտում շուտով կլինի»,- ասել է Օսիպյանը:

Օսիպյանը նշել է, որ Նարեկ Սարգսյանը Հայաստանից հեռացել է հետախուզում հայտարարելուց 1-2 օր առաջ:

31-ամյա Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվել է 2018թ.հուլիսի սկզբին:

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև զենք-զինամթերք:

Բացի այդ՝ ԱԱԾ քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել է Մարտիրոս Սարյանի շուրջ 280 000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկար. ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկը չարաշահելով նկարչի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից այդ գծանկարները վերցրել էր՝ խոստանալով դրանց դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Սակայն Նարեկը խոստումը չի կատարել և հրաժարվել է վերադարձնել նկարները:

Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվել է նաև մեկ այլ դրվագով՝ մարդ առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: