Դատարանի վճռով այսօրվանից անջատվում է Առաջին լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով

Այսօրվանից անջատվում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով․ այս մասին հայտարարություն է տարածել Առաջինի լրատվական ալիքը։

«Հարգելի՛ հեռուստադիտողներ, տեղեկացնում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ծանուցում է ստացել առ այն, որ դատարանի վճիռն ապահովելու համար անհրաժեշտ է հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցնել Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը:

Այսպիսով, այսօրվանից անջատվում է Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը սովորական թվային ընդունիչով: Հանրային հեռուստաընկերությունն այս որոշման հետ համաձայն չէ, սակայն չի կարող այլևս իրականացնել հեռարձակում:

Հայտնում ենք, որ Առաջինը կրկին մասնակցելու է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման հայտարարված մրցույթին:

Հեռուստադիտողին տեղեկացնում ենք, որ Առաջինի լրատվական ալիքին կարող են հետևել մալուխային եղանակով (Ucom, Rostelekom, Team Telecom և այլն), 1lurer.am կայքի ուղիղ հեռարձակման բաժնում, YouTube-յան ալիքում և այլ սոցհարթակներում (Facebook, Telegram, Instagram):

Տեղեկացե՛ք առաջինը Առաջինի լրատվական ալիքով»,- ասված է հաղորդագրությունում։