«Այլընտրանքային ծառայության մասին» օրենք. ըստ պատգամավորի` «2003-ին ընդունված «չօրենքն» օր առաջ պետք է փոխվի»

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենք. ըստ պատգամավորի` «2003-ին ընդունված «չօրենքն» օր առաջ պետք է փոխվի»
«Այլընտրանքային ծառայության մասին» օրենք. ըստ պատգամավորի` «2003-ին ընդունված «չօրենքն» օր առաջ պետք է փոխվի»

1993-ից ի վեր Հայաստանում ազատազրկման են դատապարտվել 474 «խղճի կալանավորներ»` Եհովայի վկաներ: Այսօր, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, 33 քաղաքացի գտնվում է ազատազրկման վայրերում, իսկ 16-ի նկատմամբ դատավճիռը կայացվել է, սակայն բողոքարկման պատճառով այժմ նրանք գտնվում են ազատության մեջ:
Հայաստանում թեև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքն ընդունվել է դեռ 2003-ին, սակայն այն գործնականում չի կիրառվում: Դրա վառ վկայությունն այն է, որ 2004 թ.-ից մինչև 2012 թ. նոյեմբերի 1-ը Հայաստանում դատապարտվել են 274 Եհովայի վկաներ:

Իրավապաշտպանների պնդմամբ` պատճառը օրենքի թերություններն են. այլընտրանքային և այլընտրանքային աշխատանքային ծառայության դեպքում սահմանվում է զինվորական վերահսկողություն, ինչը հակասում է այլընտրանքային ծառայության համար դիմող բազմաթիվ անձանց կրոնական համոզմունքներին: Բացի այդ, այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կազմը ներկայումս հիմնականում բաղկացած է զինվորականներից, ինչը հակասում է այս ոլորտում առկա միջազգային չափանիշներին:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Մեդիալաբին» ասում է, որ երբ 2003 թ. օրենքն ընդունվում էր, ՀԿ սեկտորն առաջարկեց մշակել այնպիսի փաստաթուղթ, որը կհամապատասխաներ և´ ՄԻ սկզբունքներին, և´ Եվրախորհրդի առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, սակայն այդ առաջարկներn իրականություն չդարձան: Որպես հետևանք ունեցանք «ի սկզբանե չգործող օրենք, որը նոր խնդիրներ ստեղծեց»:

«Մենք ուղղակի ընդունեցինք մի փաստաթուղթ և Եվրախորհրդին ասացինք, որ ունենք այդպիսի օրենք, որն իրականում չօրենք էր»,- ասում է պատգամավորը:

Ներկա փուլում օրենքում փոփոխություններն արդեն իսկ քննարկվել են ԱԺ-ում, սրանով կառավարությունը փորձում է ոլորտը «կարգի բերել»:

Էդմոն Մարուքյանը համոզված է՝ այլընտրանքային զինվորական ծառայության խնդիրը վերաբերում է բացառապես մարդու իրավունքներին, իսկ օրենքներում փոփոխություններն առաջին հերթին իրականացվում են Հայաստանի քաղաքացիների համար:

«Մարդու իրավունքներ, ուրիշ ոչինչ»,- «Մեդիալաբին» ասում է պատգամավորը` անդրադառնալով տեսակետներին, թե առաջարկվող փոփոխությունները Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիրներ կստեղծեն:

Սակայն, ի տարբերություն Մարուքյանի, փոփոխությունների շուրջ կարծիքները խիստ իրարամերժ են:

Մինչ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը փոփոխությունների քննարկման շրջանակներում խոսում է «աղանդների դեմ պայքարից», ԲՀԿ խմբակցության քարտուղար, եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նախագիծը որակել է որպես «շատ զգայուն» և հայտարարել, որ չպետք է այն ընդունել միայն Եվրախորհրդի ճնշման տակ, այլ պետք է խորհրդարանական լսումներ կազմակերպել:

Էդմոն Մարուքյանը զարմացած է, թե ինչպես կարելի է այլընտրանքային ծառայության հարցը կապել ազգային անվտանգության խնդիրներին, ինչպես նաև խորհրդարանի ամբիոնից հնչեցնել այնպիսի տերմիններ, ինչպիսին է, օրինակ, «աղանդավոր»-ը:

«Խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնք ՀՀ օրենսդրության և Սահմանադրության համաձայն գրանցվել են ԱՆ կենտրոնական ռեգիստրում որպես կրոնական կազմակերպություններ և նրանց հետևորդներին մենք ասում ենք աղանդավորներ: Չեմ կարծում, որ հարցին պետք է այս մոտեցմամբ անդրադառնալ: Նրանք մեր քաղաքացիներն են, մեր հասարակության մի մասը,- «Մեդիալաբին» ասում է պատգամավորը ու հարցնում,- ի՞նչ է, անվտանգության խնդիր չէ՞ կեղծ հիվանդություններով բանակից խուսափելու խնդիրը, ինչը կոռուպցիոն ճանապարհով է իրականացվում»:

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն` այլընտրանքային զինծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը:

Փոփոխությունները նախատեսում են նաև կրճատել այլընտրանքային զինվորական և աշխատանքային ծառայության ժամկետները` նախկին 36 ամսվա փոխարեն այլընտրանքային ծառայության ժամկետը սահմանել 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքայինը` 36 ամիս` նախկին 42 ամսվա փոխարեն:

Էդմոն Մարուքյանը համոզված է, որ այս փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում նրանք իրենց համոզմունքի հիմքով կմասնակցեն երկրի պաշտպանության գործին:

«Օր առաջ այդ մարդկանց ներուժը թեկուզև այլընտրանքային ձևով ի նպաստ մեր երկրի պաշտպանությանն օգտագործելը շատ կարևոր է մեզ»,- ասում է նա: Պատգամավորը շեշտում է` Սահմանադրության 46-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել երկրի պաշտպանությանը, բայց սահմանադիրը չի ասում, որ անպայման պետք է զենքը ձեռքդ վերցնես ու կռվես: Էդմոն Մարուքյանը դեմ է բանակը գլխաքանակով ապահովելուն, ինչը, նրա համոզմամբ, խնդիրներ է ստեղծելու, որոնց օրինակն ունենք:

«Կարո Այվազյանի հայտնի գործ կա. տղան ԱՄՆ-ում է մեծացել, հայերեն մոտավորապես է հասկացել, նրան օդանավակայանից բանակ են տարել, պապն անընդհատ ահազանգել է, որ տղան ԱՄՆ-ում դատապարտվել է և զենք կրելու իրավունքից զրկվել, նրան բանակ մի´ տարեք: Բայց նրան տանում են, ծառայում է դիրքերում առաջին գծում և մի օր սպանում է իր հինգ համածառայակիցներին, որոնց մեջ նաև` սպաներ և վերջում` ինքն իրեն. ահա բանակը գլխաքանակով ապահովելու արդյունքը»,- որպես օրինակ նշում է նախկին փաստաբան պատգամավորը:

Ավելին, ըստ նրա, եթե փոփոխությունները ժամանակին արվեին, ո´չ իրենց կրոնական համոզմունքներից ելնելով սովորական զինծառայությունից խուսափող քաղաքացիները կտուժեին, ո´չ մեր հարկատուները, ո´չ էլ ՄԻԵԴ-ում Հայաստանը կպարտվեր:

«Ի սկզբանե պարզ էր, որ այն մարդիկ, ովքեր իրենց համոզմունքի ու խղճի դավանանքի հիմքով չեն ցանկանում բանակում ծառայել, ընդհանրապես չեն ծառայելու, այսինքն` այլընտրանքային կամ աշխատանքային ծառայություն էլ չեն անցնելու: Որպես հետևանք` նրանք հայտնվեցին ՔԿՀ-ներում: Դատապարտվեցին, նստեցին այդ մարդիկ, հետո նրանց գործերը հասան ՄԻԵԴ: Մենք փաստորեն դատապարտեցինք մեր քաղաքացիներին, մեր հարկատուների հաշվին նրանց պահեցինք ՔԿՀ-ներում, և նրանք ՔԿՀ-ներում գուցե վատ բարքեր սովորեցին, իսկ այժմ պետությունը փոխհատուցում է վճարում նրանց անօրինական դատապարտելու համար: Այս բացասական ազդեցությունների շարքը կարելի է երկար թվարկել»,- «Մեդիալաբին» ասում է պատգամավորը:

Եթե օրենքի փոփոխություններն ընդունվեն, այն, ըստ Մարուքյանի, անմիջապես կտարածվի մոտ 80 քաղաքացիների վրա, որոնց մի մասն արդեն իսկ պատիժ է կրում, իսկ մի մասի գործերն էլ դատաքննության կամ նախաքննության փուլում են գտնվում:

«Եթե փոփոխություններն ընդունվեն, այս մարդկանց վրայից նաև դատվածությունն է դուրս գալու, իսկ նրանք նաև անօրինական դատապարտվելու համար փոխհատուցում ստանալու իրավունք են ստանում, այս առումով ևս ի սկզբանե անարդյունավետ օրենքի բացասական հետևանքները շարունակվում են»,- նշում է Մարուքյանը:

Մարիաննա Ղահրամանյան

© Medialab.am