Ինչպե՞ս են Վանաձորում պահպանվում անվտանգության կանոնները․ ԱԱՏՄ տեսադաշտում են նաեւ կասեցման որոշումը խախտողները

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերի ուժեղացված վերահսկողական ստուգայցերն այսօր ընթացել են Վանաձորում, զուգահեռ՝ դրանք շարունակվել են ողջ հանրապետությունում։

Պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ԱԱՏՄ մասնագետները Վանաձորում դիտարկել են 84 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ կարի խոշոր արտադրություններ՝ «Գլորիան»՝ մասնաճյուղերով», «Սարտոնը», ինչպես նաեւ առեւտրի, սպասարկման կենտրոններ, դեղատներ, ատամնաբուժական հաստատություններ։

Տեսուչների այսօրվա դիտարկումները ևս փաստում են, որ խախտումները նվազման կայուն միտում են ցուցաբերում։ Տնտեսավարողների մոտ արձանագրված խախտումների մասով ԱԱՏՄ աշխատակիցները կազմում են արձանագրություններ՝ պարետին ներկայացնելու համար։

Մշտադիտարկման գործընթացին զուգահեռ՝ ԱԱՏՄ մասնագետները շարունակել են նաեւ կասեցման աշխատանքները՝ արձանագրելով, որ վերջին շրջանում նվազել է նաեւ դրանց թիվը։

Ժամանակավորապես կասեցման ենթարկված տնտեսավարողների թվում էր նաեւ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկը, որը, կասեցված լինելով հանդերձ, շարունակել է գործել։ Հետեւողականորեն ուշադրության կենտրոնում պահելով տնտեսավարողի գործունեությանը՝ ԱԱՏՄ մասնագետներն այդ մասին հրատապ կերպով տեղեկացրել են ոստիկանությանը, որի կողմից կազմվել է արձանագրություն․ պարետի որոշման չկատարումը ենթադրում է տուգանքի նշանակում։

Համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների ուժեղացված ռեժիմով դիտարկումը շարունակական է ողջ հանրապետությունում։ Խախտումների դեպքում տնտեսավարողների գործունեությունը ժամանակավոր կասեցվում է, ուստի տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած նորմերը:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։