«Արմեն Չարչյանը պետք է որոշի՝ ինչպիսի մարդ է և ինչպիսի մասնագետ». պատգամավորը անցնում է «Հաց բերողի» մահվան գործով

2016-ին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերից հայտնի Արթուր Սարգսյանի (Հաց բերող) մահվան վերաբերյալ քրեական գործը նոր զարգացումներ է ստանում. այս գործով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով՝ խնդրելով խորհրդարանին քրեական հետապնդում հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ:

Գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկվելու է փետրվարի 7-ին մեկնարկելիք Ազգային ժողովի նիստերի ընթացքում:

Հանրությանը Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանը «Սասնա ծռերին» աջակցելու մեղադրանքով կալանավորվել էր 2016-ի ամռանը, սակայն կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու պատճառով ազատ էր արձակվել 2016-ի դեկտեմբերի 30-ին: Բայց կրկին կալանավորվել էր՝ քննչական մարմին չներկայանալու պատճառաբանությամբ: Նա շուրջ 25 օր մնացել էր հացադուլի մեջ՝ պահանջելով ազատ արձակել իրեն, և միայն 2017-ի մարտի 6-ին մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ նրա խափանման միջոց կալանքը փոխվել էր: Սակայն ազատ արձակվելուց 10 օր անց վիրահատությունից հետո նա մահացել էր։

Նրա մահվան կապակցությամբ 2017-ին հարուցվել էր քրեական գործ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու դեպքի առիթով: Սակայն քրեական գործը ընթացք չի ունեցել, և այս գործով ակտիվություն ցուցաբերվել է միայն 2018-ի իշխանափոխությունից հետո: Այդ տարի ամռանը նշանակվել էր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն՝ Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով: 2018-ից անցել է գրեթե չորսուկես տարի, և այս տարիների ընթացքում Սարգսյանի մահվան հանգամանքների մասին ոչ մի բացահայտում չի արվել, ոչ մի գործողություն չի կատարվել:

Ուշագրավ է, որ Սարգսյանի մահվան վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում ակտիվություն դրսևորվեց ՀՀ գլխավոր դատախազի փոփոխությունից հետո: ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի պաշտոնավարման մեկնարկից գրեթե մեկ ամիս անց՝ նոյեմբերի 10-ին, որոշվել է Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ բժշկական ակնհայտ կեղծ եզրակացություն տված 4 փորձագետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել: Իսկ մյուս փորձագետ Արմեն Չարչյանը առարկել է վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

63-ամյա Արմեն Չարչյանը բժիշկ է, վնասվածքաբան, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը: Քաղաքական գործունեությունը սկսել է 2021-ից, երբ «Հայաստան» խմբակցության կազմում մասնակցել է Ազգային ժողովի ընտրություններին:

Ըստ դատախազի ներկայացրած միջնորդության՝ այն ժամանակ փորձագետ Արմեն Չարչյանը իր տված եզրակացությամբ հայտնել է, որ Արթուր Սարգսյանի մոտ գրանցված Բեխտերևի հիվանդությունը պրոգրեսիվող ու ծանր ընթացք չի ունեցել, հետևաբար չի կարող խոչընդոտել պատիժ կրելը: Եվ հենց այս եզրակացությունից հետո է Արթուր Սարգսյանը կալանավորվում, ինչն էլ հանգեցնում է նրա առողջական վիճակի վատթարացման:

Մինչդեռ մեկ այլ հանձնաժողովային փորձաքննության ընթացքում պարզվել է, որ ներկայացված փաստաթղթերի և մյուս նյութերի տվյալներով հնարավոր էր որոշել Արթուր Սարգսյանի ունեցած Բեխտերևի հիվանդության պրոգրեսիվող ծանր ընթացքը: Ըստ Կառավարության որոշման՝ հիվանդության նման ընթացքը դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին։

«Արմեն Չարչյանի համար եկել է ևս մի պահ, երբ նա նորից կանգնած է իր և հանրության խղճի առջև, երբ նա հնարավորություն ունի որոշելու, թե ինչպիսի մարդ է և ինչպիսի մասնագետ, որոնք են նրա արժեքները, ու ինչ արժեն դրանք և, առհասարակ, ինքն ինչ արժեք ունի: Արդյոք նա մարդ է, որի համար բարձրագույն արժեք են ճշմարտությունը, արդարությունը, մարդը, թե՞ մարդ, որը պատրաստ է ցանկացած գնով կաշին փրկելու:

Արմեն Չարչյանը թերևս հնարավորություն ունի այս կյանքում պատասխան տալու Արթուրի նկատմամբ իր արարքի համար, առայժմ մեզ՝ հանրությանը: Նա պետք է որոշի` պատրա՞ստ է, թե՞ ոչ, թաքնվո՞ւմ է պատգամավորի անձեռնմխելիության հետևում, թե՞ կանգնում արդարադատության առջև: Այս որոշումը չափազանց կարևոր է հենց նրան որպես մարդ գնահատելու տեսանկյունից, քանի որ սա մի հարց չէ, որը ենթակա է քաղաքականացման: Սա մի հարց է, որը վերաբերում է իր «լավ բժիշկ» գործունեության շրջանում կատարած արարքին, և դրա համար «թե՛ լավ բժիշկը, թե՛ լավ մարդը» պետք է պատրաստ լինեն պատասխան տալու: Այլապես հարց կառաջանա, թե ո՛ւր են այդ «լավ բժիշկն ու լավ մարդը»»,-հայտարարել է Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը, որը ակտիվորեն ներգրավված էր «Սասնա ծռերի» գործով, ասում է՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ կատարվածը սպանություն է, և դրա բացահայտումն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը քննություն են բոլոր իշխանությունների համար:

«Այդ քննությունը չեն հանձնել նախկինները, չէին հանձնում ներկաները, և հիմա էլ, անկեղծ ասած, չգիտեմ՝ կլինի՞ լուծում, թե՞ ոչ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Պապիկյանը:

Նրա խոսքով՝ այս գործով պատասխանատվության հարցը պետք է ընդգրկուն լինի՝ փորձագետից սկսած մինչև կալանքի որոշում կայացրած դատավոր պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Ես չեմ կարող ասել՝ ինչ միջնորդության շրջանակներում է Չարչյանը ենթադրաբար ենթարկվելու քրեական հետապնդման, բայց եթե դա օբյեկտիվ է, ապա պետք է մյուս պաշտոնատար անձինք, որոնք վարույթին առնչվել են, ևս կանգնեն արդարադատության ատյանի առջև»,- նշում Պապիկյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am