Այսօր Հայաստանում կմեկնարկի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը. ՊՆ

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում այսօր ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կմեկնարկի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այն կանցկացվի սեպտեմբերի 11-20-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՊՆ-ից, զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

«Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար: Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում»,-Նշվում էր Պաշտպանության նախարարության հաղորագրությունում: