«Այն վարքերն ու բարքերը, որ բերում են բանակ, ցավոք սրտի, պատուհաս են դառնում բանակի համար». Արմեն Մովսիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանը, որը վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում։

– Պարո՛ն Մովսիսյան, Նիկոլ Փաշինյանը կոչ է անում սփյուռքահայերին գալ ու մասնակցել ապրիլի 5-ին տեղի ունենալիք սահմանադրական հանրաքվեին։ Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում սահմանադրական հանրաքվեի գաղափարն ինքնին, երկրորդ՝ արդյոք շատե՞րը կանսան վարչապետի կոչին։ 

– Չեմ կարծում, որ միայն հանրաքվեին մասնակցելու համար ընդհանուր սփյուռքից մարդիկ կգան-կհասնեն Հայաստան, որքան էլ կողմնակից լինեն հանրաքվեին։ Մեծ հոսք չի լինի։ 

– Իսկ հանրաքվեի գաղափարին ինչպե՞ս եք վերաբերվում։

– Տեսեք` երկու տարին բավական մեծ ժամանակաշրջան էր, և այդ ընթացքում բավականին բան կարելի էր անել։ Հանրաքվեն ընդամենը մասնավոր լուծում է, մինչդեռ անցած երկու տարին կարելի է համարել կորսված հնարավորությունների շրջան։ Իհարկե, հիմա պետք է կողմ քվեարկել հանրաքվեին, բայց, իմ կարծիքով, սա գուցե անհրաժեշտ է, բայց բավարար չէ փոփոխությունների հասնելու համար։ Կարծում եմ՝ պետք է ավելի լայն հարցեր բարձրացվեին, ամբողջական սահմանադրական փոփոխությունների գնային, մինչդեռ այդ հարցը բառիս բուն իմաստով 1,5 տարի սառեցրեցին, ու մենք ժամանակի կորուստ ունեցանք։ 

– Այսինքն՝ իշխանությունները դանդաղեցի՞ն։

– Ես կասեի՝ ոչ թե դանդաղեցին, այլ ավելորդ լոյալությամբ, ավելորդ թավշյա ճանապարհով գնաց իշխանությունը։ Սա բացարձակ կոչ չէ բռնությունների, դաժան մեթոդների, բայց ստացվեց, որ ավելի շուտ թավշյա բարեփոխականների կուրս էր, որը ոչ թե հեղափոխության, այլ իշխանափոխության է նման։ Այս տեսանկյունից, այո՛, դանդաղում է իշխանությունը։ 

– Այնուամենայնիվ, այսօր հակահեղափոխության վտանգ կա՞։ Իշխանություններն ասում են, որ այս հանրաքվեով հեղափոխության երրորդ փուլն են ամփոփում, «ոչ» են ասում ռևանշին, հակահեղափոխությանը։ 

– Ես միշտ ասել եմ, որ հայկական իրականության մեջ փոփոխություններին հակադրվող ձայներն այնքան նվազ են ու այնքան տարբեր գույների, որ չեմ պատկերացնում, թե այդ ուժերը կարող են կոնսոլիդացվել։ Այստեղ մի բան է մնում, որ իշխանությունը հանկարծ այնպես չանի, որ հակադիրները սկսեն համախմբվել, ու իր համակիրների բանակը սկսի նվազել։ 

Այստեղ իշխանությունն անելիք ունի, որ չնպաստի բացասական երևույթների։ Իսկ այդ վտանգը կարելի է չեզոքացնել միայն տնտեսական երևացող հաջողություններով ու երկրի անվտանգության ճիշտ արտաքին քաղաքականությամբ: Ի վերջո, հեղափոխությունը կամ հակահեղափոխությունը պետք է հենվի ժողովրդի վրա, իսկ ժողովրդի կարծիքն այսօր միանշանակ է, որ հնին վերադարձ չկա։ 

– Բանակում 15 օրվա ընթացքում 8 զոհ ենք ունեցել, ընդ որում, ոչ հակառակորդի կողմից։ Սա ահազա՞նգ է իշխանությանը, կարո՞ղ ենք ասել, որ հեղափոխությունից հետո իշխանությունները բանակը վերափոխելու աշխատանքներ չեն իրականացնում։ Դուք ի՞նչ տպավորություն ունեք։

– Ամեն զինվորի կորուստ ցավալի է, մանավանդ խաղաղ պայմաններում, երբ այդ ամենը ոչ թե սահմանին է կատարվում, այլ բանակի ներսում։ Ես կարծում եմ, որ այստեղ միայն նոր իշխանությունների մեղքը չէ, սա 30 տարի կուտակված պրոբլեմների հետևանք է, երբ, բանակը արտաքին ձևից բացի, իր ներքին կարգուկանոնը, իր ոգեղենությունը ոչ թե զինվորական կարգուկանոնով էր որոշում, այլ թայֆայական, գողական ներքին պայմանավորվածություններով։ Ես կարծում եմ, որ ամենակարևոր լուծման ձևը կրթական ցենզը բարձրացնելն է։

Պետք է հաշվի առնել, որ մարդիկ, որոնք ունեցել են պրոբլեմ քաղաքացիական կյանքում, հնարավոր չէ, որ բանակում փոխվեն, այլ արժեհամակարգ կրող անձեր դառնան։ Այսինքն՝ այն վարքերն ու բարքերը, որ նրանք բերում են բանակ, ցավոք սրտի, պատուհաս են դառնում նաև բանակի համար։ 

Հեռուստատեսությամբ մատուցվող աղբը, գողական սերիալները, որ լցվում են մարդկանց ուղեղները, դառնում են արժեքային համակարգ, դառնում ապրելու ձև, ապրելու սկզբունք։ Սա ամբողջ համալիր միջոցառումների կարիք ունի, սրանց լուծումը դնել միայն նոր իշխանությունների կամ բանակի ղեկավարության վրա՝ սխալ է։ Ընդհանուր դաստիարակության ու կրթության հարցեր են կանգնած:

– Այսինքն՝ խնդրի լուծումը պետք է սկսել մանկապարտեզի՞ց։ 

– Իհարկե դա գալիս է դաստիարակությունից, բակից, դպրոցից, իսկ բանակն իր դերը պետք է կատարի կարգապահությամբ։ Այստեղ պետք են համալիր մոտեցումներ, սերնդի դաստիարակության, կրթության, կասեի՝ նաև աշխարհաճանաչման որակը պետք է բարձրացվեն։

Վերադառնանք սահմանադրական հանրաքվեին, իշխանությունը հաջողելո՞ւ է, որովհետև խնդիր կա 650 հազար «այո» ձայն ապահովել։

– Իհարկե միանշանակ հաջողելու է, որովհետև ժողովրդի ընդհանուր համակրանքը կա։ Այնքան սակավ են «ոչ»-ի ձայները, որ դրանք մոծակի խայթոցների պես բաներ են լինելու։ 

Ուղղակի չհաջողման մտավախությունները գալիս են հենց իմքայլականների ծանրաշարժությունից, նախաձեռնությունների սակավությունից, խմբակցության առաջին անձի առաջարկներին ու նախաձեռնություններին ապավինելուն: 

Ես սպասում էի շերտավորման, որ նույնիսկ «Իմ քայլը» դաշինքում կլինեին մարդիկ, որոնք կունենային իրենց սեփական կարծիքը և կառանձնանային հենց ֆրակցիայի մեջ: 

Բայց, փաստորեն, քանի որ իրականության մեջ այդ պատգամավորական խավը չի ունեցել քաղաքական պայքարի երկար պատմություն և կոփվածություն, 95%-ով իներտ քվեարկողների բանակ է դարձել, որը չի նպաստում լուծումներ գտնելուն, կարծիքների բախմանն ու առաջընթացին: 

Կատակով ասած՝ անշառ խորհրդարան ունենք, հնից իհարկե լավ, բայց կակնկալեի ավելին: Իսկ «այո»-ն, մեկ է՝ անցնելու է, ինչքան էլ շատերս դժգոհություններ ունենք: Եթե իհարկե ոչ վաղ անցյալի անտերությունը չենք մոռացել, որ այդ նույն Սահմանադրական դատարանը ամեն իշխանավորի հագով ընտրությունը վավերացնում էր, ու «մեր դեմ խաղ չկա»-ն խաղի կանոն էր: «Այո»-ն պիտի հաղթի:

Մանե Հարությունյան

MediaLab.am