«Պետական մակարդակով ցույց տրվեց, որ կինն ամուսնու սեփականությունն է՝ ինչպես ուզի` կվարվի». Ինչու արդարացվեց բախտագուշակի Վարսիկի որդին

«Պետական մակարդակով ցույց տրվեց, որ կինն ամուսնու սեփականությունն է՝ ինչպես ուզի` կվարվի». Ինչու արդարացվեց  բախտագուշակի Վարսիկի որդին
«Պետական մակարդակով ցույց տրվեց, որ կինն ամուսնու սեփականությունն է՝ ինչպես ուզի` կվարվի». Ինչու արդարացվեց բախտագուշակի Վարսիկի որդին

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները զարմացած են: Գավառի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 9 տարի կնոջը ֆիզիկական ու հոգեբանական բռնության ու խոշտանգումների ենթարկած տղամարդը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, ազատ է արձակվել հենց դատարանի դահլիճից:

«Անարդար ու անհիմն որոշում»,- Կանանց ռեսուրսային կենտրոնի  ղեկավար Լարա Ահարոնյանը «Մեդիալաբի» հետ զրույցում այսպես գնահատեց  Հասմիկ Խաչատրյանի աղմկահարույց գործով դատավճիռը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Գավառի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց 28-ամյա Հասմիկ Խաչատրյանի՝ հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսի նկատմամբ ընտանեկան բռնության գործով դատավճիռը: Բռնության ենթարկված կնոջ նախկին ամուսին Սարգիս Հակոբյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրման և համաներմամբ ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճից։

Լարա Ահարոնյանի խոսքով, ամբողջ  դատավարության ընթացքում ներկայացվել են բոլոր փաստարկները,որոնք վկայում են այն մասին, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել: Հասմիկ  Խաչատրյանը երկու անգամ դատական փորձաքննության է ենթարկվել , կասկածից վեր է եղել փաստը, որ նրա մարմնի վրայի հետքերն ու վնասվածքները ծեծի հետեւանք են :

«Մենք շոկի մեջ ենք: Իմանալով հանդերձ , որ մեր դատական համակարգը շատ կոռումպացված է եւ պատրաստված չէ ընտանեկան բռնությանն առնչվող գործերին, եւ որ  այս գործերով տուժողն ավելի խոցելի է, իսկ բռնության ենթարկող անձն ավելի շատ ռեսուրս ունի ազդելու դատական համակարգի վրա, չէինք սպասում այսպիսի որոշում, թեեւ կարծում էինք, որ առավելագույն պատժաչափ չի նշանակվի», -«Մեդիալաբին» ասում է Լարա Ահարոնյանը:

Տեղեկացնենք, որ Սարգիս Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խաչատրյանի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի ենթարկել, մարմնական ու հոգեկան տառապանք էր պատճառել նրան: 

Վերջինս պարբերաբար բռնության էր ենթարկել Հասմիկ Խաչատրյանին` գիտակցության կորստի աստիճան, սիգարետներ հանգցրել մարմնի վրա, աթոռով, ոտքով բռունցքներով  դաժան ծեծի ենթարկել կնոջը:

28-ամյա Հասմիկ Խաչատրյանը եւ Սարգիս Հակոբյանը համատեղ կյանքի ընթացքում երկու երեխա ունեցել, որդին այժմ 6 տարեկան է, դուստրը` 7:

Մեղադրող դատախազը դատարանից Սարգիս Հակոբյանի արարքի համար յոթ տարվա ազատազրկում էր պահանջում, բայց գործով դատավորը վերաորակեց նրա արարքը՝ Քրեական օրենսգրքի  119-րդ հոդվածը՝ խոշտանգում , փոխարինելով 117-րդ հոդվածով՝ ծանր մարմնական վնասվածք հասցնելը:

«Ծիծաղելի է, որ  այդքան փորձաքննություններից ու փաստերից հետո դատավորը նման գնահատական է տալիս»,- «Մեդիալաբին» ասում է Լարա Ահարոնյանը:

«Հասարակությունն առանց բռնության» ՀԿ գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանի խոսքով, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի բացակայությունը էապես կարող էր փոխել դատարանի նման որոշումը:

«Դատավճռը  եւս մեկ անգամ վկայեց մեր դատական համակարգի թերի եւ կողմնակալ լինելը: Փաստերը, որ Հասմիկը բռնության է ենթարկվել, անհերքելի են: Տեղի ունեցավ ամենաթողության հերթական դրսեւորումը: Սա խոսում է այն մասին, որ կանանց իրավունքների պաշտպանության եւ  ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում շատ մեծ բաց ունենք: Համապետական մակարդակով ցույց է տրվում, որ դա անպատժելի երեւույթ է , որ կինը սեփականություն է, որին կարելի է վերաբերվել այնպես, ինչպես ամուսինը ցանկանում է»,-«Մեդիալաբին» ասում է Աննա Նիկողոսյանը:

Լարա Ահարոնյանի կարծիքով, խնդիրն ավելի խորը համակարգային է: Ըստ նրա, Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի  գոյությունը գուցե իր դերը խաղար դատավարության ժամանակ, որպեսզի տուժողը պատշաճ  հարցաքննվեր: (Ընտանեկան  բռնության կանխարգելման օրենքի նախագիծն` այստեղ)

«Ամբողջ դատավարության ժամանակ դատավորի հարցերն  այնպիսին էին, որ տուժողը կրկին հայտնվում էր զոհի կարգավիճակում: Դատարանում չէր հասկացվում այն իրողությունը, որ խոսքը ընտանեկան բռնության մասին է եւ այն տեղի ունենում փակ դռների հետեւում՝,  առանց ականատեսների եւ քանի որ  պետականորեն ընդունված չէ, որ ընտանեկան բռնությունը լուրջ ոճիր է, անգամ ականատեսները, հարեւանները չեն խոսում այդ մասին»,-ասում է Լարա Ահարոնյանը:

«Հասարակությունն առանց բռնության» ՀԿ-ն երկու տարի շարունակ զբաղվում է ընտանեկան բռնության ենթարկված կանանց գործերով: Աննա Նիկողոսյանի խոսքով, հսիուն գործերից քսաներեքը մահվան ելքով դեպքեր են եղել: Մնացած դեպքերում գործ ուենենք ֆիզիկական բռնության հետ:

«Մեր կազմակերպության կողմից անդրադարձած դեպքերի հիման վրա կարող եմ ասել, որ բոլոր դեպքերում, երբ կինը սպանվել է, քննությունը եւ դատարանի որոշումը բավականին անկողմնակալ է եղել, իսկ այն  դեպքերում, երբ խոսքը ֆիզիկական եւ հոգեբանական բռնության կոմպոնենտի մասին է, կամայականությունների դաշտն ավելի մեծ է եղել»,-ասում է Աննա Նիկողոսյանը եւ հավելում, որ Հայաստանի դատական համակարգում, փաստորեն, կնոջը ծեծի ենթարկելը, որպես լուրջ հանցագործություն չի ընկալվում:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները  պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, ինչպես նաեւ բողոքի ակցիաներ կազմակերպել դատարանի կայացարած անարդար որոշման դեմ: 

Լարա Ահարոնյանն այսուհանդերձ, դրական է համարում այն փաստը, որ բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանն ինքն է ցանկանում բարձրաձայնել դատարանի անարդար որոշման մասին:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության ենթարկված կանանց մեծ մասը տարբեր պատճառներով չի բարձրաձայնում այդ մասին:

«Հասմիկի քայլը կարելի է հերոսություն համարել, որովհետեւ նա չվախեցավ ասել, թե ինչ է կատարվել իր հետ: Կանանց շատ քիչ տոկոսն է դիմում կանանց կազմակերպություններ եւ էլ ավելի քիչ տոկոսը՝ բարձրաձայնում այդ մասին ԶԼՄ-ներով: Կանայք վախենում են, այն խարանից, որ շրջապատում իրեն կմեղադրեն, որ բռնության է ենթարկվել»,-«Մեդիալաբին» ասում է Աննա Նիկողոսյանը:

Լուսանկարում` Հասմիկ Խաչատրյանը

Էմմա Քալաշյան

© Medialab.am