Ենթարկվիր ու հպատակվիր՝ դա է պատվիրանը, ու դա որդեգրվեց Հայաստանում, ինչն էլ անում է գործող իշխանությունը. Լիլիթ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը 

– Տիկի՛ն Գևորգյան, բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ կողմերն ի վերջո կկնքեն այդ պայմանագիրը, ու որ այլևս խոչընդոտ չկա դրա համար։

– Հիմնական սկզբունքը տարածքային ամբողջականության ճանաչումն էր, որը Հայաստանն արեց կոնկրետ տարածքով ու առաջին անգամ պաշտոնապես հրաժարվեց Արցախից, իսկ Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի ճանաչել։ 

Տրանսպորտային հաղորդակցության պարագայում էլ Հայաստանը միակողմանի զիջման գնաց, որովհետև սկզբում խոսքը բոլոր ճանապարհների բացման մասին էր, իսկ հիմա խոսում են միջանցքի մասին՝ կապ չունի, թե ո՛վ է դա հսկելու, կարևոր է, որ միջանցքային տրամաբանություն մտցվեց։ 

Հայաստանը զիջեց նաև «անկլավների» հարցում, այսինքն՝ Հայաստանը բոլոր միակողմանի զիջումներն արեց, ու Ադրբեջանը ստացավ մինիմումից շատ ավելին։ 

Սա խաղաղություն չի լինելու, սա կապիտուլյացիա է, Ադրբեջանը նախ ռազմաճակատում հաղթանակ տարավ, բայց շատ ավելի մեծ հաղթանակներ տարավ 2020-ից հետո՝ քայլ առ քայլ իրականացնելով իր ծրագրերը։ Այն պահին, երբ Ադրբեջանը զգա, որ իր հաղթանակը ապագայում կասկածի տակ չդնող իրավական հիմքն ամրագրված է Հայաստանում, այդ ժամանակ էլ նրանք կստորագրեն։ 

Հայաստանի ներկայիս իշխանության հետ Ադրբեջանը հասնելու է նրան, որ ռևանշիստական որևէ քայլ այլևս թույլ չտրվի Հայաստանում։ Երրորդ բաղադրիչը, որ շատ կարևոր է Ադրբեջանի համար, Սփյուռքի քաղաքական դերի վերացումն է, որը, եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես իրենք են ծրագրել ու իրականացնում են Փաշինյանի իշխանության հետ, պետք է որ հաջողի։ 

– Ձեր ասած կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրմանը միջնորդ երկրներն իրենց համաձայնությունը կտա՞ն, թե՞ ոչ։

– Գիտենք, որ միջնորդները մի քանիսն են, ավելի խոշոր միջնորդը մի կողմից Ռուսաստանն է, որը այս կապիտուլյացիոն ճարտարապետության հեղինակներից մեկն է, որովհետև առանց Ռուսաստանի համաձայնության չէր լինի 2020 թվականի պատերազմը, որը փոխեց բալանսը, որից հետո Ռուսաստանի նախագահի կազմած փաստաթուղթը կապիտուլյացիայի հիմք դարձավ։ 

Ռուսաստանը շարունակաբար Արցախի հարցը դարձրեց Ադրբեջանի ներքին հարց՝ արգելափակելով Արևմուտքի կողմից համապարփակ լուծման ցանկացած քայլ, որը կարգավիճակի հարց կբարձրացներ: Կրկնեմ, որ Ռուսաստանը շարունակաբար պնդում էր, որ հիմա կարգավիճակի հարց չպետք է քննարկվի։ Ամենակարևորն էլ դեռ անհասկանալի է մնում, թե Արցախում էթնիկ զտմանը նրանց մասնակցությունը պասի՞վ, թե՞ ակտիվ է եղել։

– Այսինքն՝ Ռուսաստանը կո՞ղմ կլինի այդ փաստաթղթի ստորագրմանը։

– Ռուսաստանը համահեղինակն է կապիտուլյացիոն այս պայմանագրի, ու նրանց համար, այո՛, կարևոր է, որ իրենք ներգրավված լինեն, բայց եթե ներգրավված էլ չլինեն ու երկկողմանի լինի, ապա Ռուսաստանի իրավունքները պաշտպանված են, որովհետև Հայաստանի հարավում կա իր ռազմական ներկայությունը: 

Իհարկե, ռուսների ու ադրբեջանցիների համար լավ կլիներ, որ գոնե մի 5-10 հազար արցախցիներ վերադառնային Արցախ, ինչը վերջնականապես կփակեր էթնիկ զտման խնդիրը ու Արցախի հարցը ու հնարավորություն կտար ռուս խաղաղապահներին այնտեղ մնալու։ 

Ինչ վերաբերում է Արևմուտքին, այստեղ կա Բրյուսելը, որը հենց սկզբից կատարեց բավականին ոչ կոնստրուկտիվ դեր, քանի որ չունենալով խորքային գիտելիքներ ու բանակցությունների փորձ, ըստ էության, օգնեց, որ այդ խաղաղության պայմանագիրը, որը հիմնված է դիսբալանսի վրա, ստանա լեգիտիմություն, ու ընդունեցին այն, այն պարզ պատճառով, որ ԵՄ-ն այս տարածաշրջանում չունի ռազմավարական շահեր: Նրան հետաքրքիր են ճանապարհներն ու էներգետիկ մատակարարումները, դրա համար էլ հատկանշական է, որ Հայաստանի իշխանությունները Ֆրանսիա-ԱՄՆ երկյակից երկու ձեռքով ամուր կառչելու փոխարեն շատ արագ մեկուսացրին Ֆրանսիային, ինչը, ի դեպ, Ադրբեջանի պահանջն էր, որ բավարարեցին, ու տարան մի ճանապարհով, որը սպիտակեցնում է այդ ոչ բալանսավորված պայմանագիրը։ 

Երրորդը ԱՄՆ-ն է, որի դեպքում դարձյալ Հայաստանի կողմից տարվեց հետևյալ քաղաքականությունը․ Հայաստանի իշխանությունները ներկայացրին խաղաղության պայմանագիրը իբրև իրենց ամենանախընտրելի ճանապարհ, որին իրենք ամեն կերպ աջակցում են։ ԱՄՆ-ի դեպքում Հայաստանի իշխանությունները երեք տարի շարունակ նպատակաուղղված տարել են քաղաքականություն, որպեսզի իրականում չլինի լուրջ ռազմավարական անցում։ 

Երբ Ռուսաստանն ակնհայտորեն փոխեց իր դիրքորոշումը տարածաշրջանում ու անցավ Ադրբեջանի կողմը՝ հայկական շահերի հաշվին, ակնկալիքն այն էր, որ Հայաստանը կարող է վերաբալանսավորվել, բայց նրան պետք էր արտաքին գործընկեր: 

Իրանը չէր լինի, որովհետև Իրանն էլ էր լավ տեղեկացված, ու թե ինչպե՛ս նրանք իրենց պահեցին պատերազմի ժամանակ, փաստում է, որ եղել է Արցախի վրա հարձակվելու տարածաշրջանային կոնսենսուս։ 

Մնում էր ԱՄՆ-ն, բայց հայկական կողմը երեք տարի մսխեց, ըստ էության, երբ ԱՄՆ-ում կար այդ հնարավորությունը, ու շեշտը դրեց սպիտակեցնելու վրա ու իբրև ընդունելի տարբերակ ներկայացնելու Ալիևի ու Պուտինի կապիտուլյացիոն պայմանագիրը։ 

– Տիկի՛ն Գևորգյան, Հայաստանը հիմա այլևս տարբերակներ չունի՞։

– Հայաստանը միշտ ունի տարբերակներ, հարցն այն է, թե հաջողության հավանականությունը որքա՞ն մեծ է՝ կախված արտաքին ու ներքին խաղացողների կոնսոլիդացիայից։ Ուկրաինայի պատերազմն ուղղակի դուռ էր բացել, որ Հայաստանը դա օգտագործի և կարողանա իր շահերը ձևակերպել ու որևէ դեր ստանձնել, հիմա այդ հնարավորությունները, իհարկե, արդեն փակվում են։ Իսկ Հայաստանի ներսում էլ չկա կոնսոլիդացված ուժ, որ կարողանա նման բան անել, որովհետև թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում մոլորված են։ 

– Այսինքն՝ Հայաստանն այս պահին դաշնակից չունի՞։

– Դաշնակից պետություն ինքնըստինքյան չեն դառնում, դա լինում է աշխատանքի արդյունքում, եթե Հայաստանը կարողանա իր նպատակները ճիշտ դնել ու կազմակերպված աշխատանք տանել, ապա կկարողանա այնպես անել, որ իր ռազմավարական նպատակները դառնան նաև ԱՄՆ-ի ռազմավարական նպատակները, ինչպես նաև այլ երկրների դեպքում դա կարող է լինել։ 

– Հայաստանը, փաստորեն, ընտրել է խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհը։

– Հայաստանն ընտրել է «3+3» կամ տարածաշրջանին ինտեգրվելու տարբերակը՝ընդունելով տարածաշրջանի արժեհամակարգն ու աշխարհակարգը, որտեղ ուժն է որոշում իրավունքը։ Իր համար ընտրեց ո՛չ արևմտյան, ո՛չ եվրասիական ապագա։ Տարածաշրջանում երկրներ են, որտեղ ոչ մի պետություն շահագրգիռ չէ, որ ձևավորվի ուժեղ ու անկախ Հայաստան, կան երկրներ, որոնք քիչ թե շատ բարյացակամ են, որոնք ակտիվ միջոցներ չեն ձեռնարկի Հայաստանի թուլացման համար, բայց այդ թուլացումն էլ չեն կանխելու։ 

– Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր ասած կապիտուլյացիոն փաստաթղթի համար հիմա կա կոնսենսուս։

– Այո՛, Հայաստանի փոքրացված դերը ցեմենտվում է, ու դրան համաձայն են։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունն ինքնակամ հրաժարվում է պետության սկզբունքներից, արժեքներից, ինչը խարխլում է պետականությունն ու ինքնիշխանությունը։ Զավեշտալին այն է, որ դրվում է այնպիսի փաստարկ, որ պետականությունը հայրենիք չէ, պետական ինքնությունը հայկական ինքնություն չէ։ Ծիծաղելի, զավեշտալի ու ողբերգական է, որ հենց հայերն են փորձում վերացնել իրենց ազգային, պետական ինքնությունը։ Սա արտառոց վարքագիծ է, երբ երկիրը ռեֆորմատավորում է իր ամբողջ ինքնությունը։ 

Հայաստանի իշխանությունն ու հանրությունը ու Սփյուռքի մի մասը ընտրեցին եվրասիականությունը, որ չես փախչի քո աշխարհագրությունից, այսինքն՝ ենթարկվիր ու հպատակվիր, դա է պատվիրանը ու դա որդեգրվեց, ինչն էլ անում է գործող իշխանությունը։ Հարցն այն է, որ դու ընդունում ես, որ քեզ հետ կարող են խոսել ուժի դիրքերից, դու թողնում ես մի կողմ միջազգային իրավունքն ու ընտրում ես եվրասիականը, որտեղ ուժեղը կարող է ստանալ ամեն ինչ, իսկ դու խաղաղեցվում ես ու կախված ես լինելու ագրեսիվ դիկտատորի հայեցողությունից՝ կուզեն՝ կապրես խաղաղ, չեն ուզի՝ չես ապրի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am