Աղդամի ճանապարհից օգտվելը կնշանակի հանձնվել Ադրբեջանին, դա հնարավոր բան չէ. Ռուբեն Գալիչյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալիչյանը

– Պարո՛ն Գալիչյան, երբ Ադրբեջանի նախագահն ասում է, թե պատրաստ է Արցախ հումանիտար օգնություն հասցնել, բայց միայն Աղդամի ճանապարհով, ի՞նչ է ենթադրում սա, կներկայացնե՞ք այն երթուղին, որով պետք է Հայաստանից օգնությունը Ալիևի ասած ճանապարհով մտնի Ստեփանակերտ:

– Երթուղին պետք է հարյուր կիլոմետրից անցնի Ադրբեջանի տարածքով, այսինքն՝ Արցախից դուրս է գալիս, գնում է Աղդամով Ադրբեջան, Ադրբեջանի տարածքով իջնում է մինչև հարավ՝ մինչև Արաքս գետի մոտերը, այնտեղ Հորադիզից պտտվում է, գալիս ու միանում է այսօրվա անցակետին, որը տեղադրված է Կոռնիձորում: Այսինքն՝ 100 ու ավելի կիլոմետր ճանապարհ ամբողջովին անցնելու է Ադրբեջանի միջով: 

Իրենց ասածն այն է, որ Ադրբեջանն է օգնությունը տալու, այլ ոչ թե Հայաստանը, իհարկե այդ օգնությունը տալու համար իրենք պայման կդնեն, որ արցախահայերը միանան իրենց ու Ադրբեջանի մաս կազմեն: Սա հնարավոր բան չէ, շատ երկար ու անուղղակի ճանապարհ է, եղած ճանապարհն օգտագործելու փոխարեն իրենք ուզում են ցույց տալ, որ ամբողջ ճանապարհն իրենց վերահսկողության տակ անցնի:

– Այդ նպատակո՞վ է, որ Լաչինի միջանցքով արգելում են տեղաշարժը:

– Այո՛, որովհետև այնտեղ գոնե ռուսներն իրավունք ունեն հսկելու, իսկ Աղդամում վերահսկողությունն ամբողջովին իրականացնելու է Ադրբեջանը, ռուսներն իրավունք չեն ունենա հսկելու, որովհետև այդ ճանապարհն ամբողջովին Ադրբեջանի տարածքի միջով պետք է անցնի, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետով ամրագրված չէ: 

Այդ պայմանագիրը, որ իրենք որոշել և ստորագրել են, շրջանցում են, չեն ուզում կատարել, ինչպես իրենց մյուս պարտավորությունները չեն անում, միջազգային դատարանի վճիռը չեն կատարում: Ինչպե՛ս կարող ենք վստահ լինել, որ ուրիշ որևէ պայմանագիր, եթե կնքվի այդ խաղաղության պայմանագիրը, ինքը կատարելու է դա, չի անելու:

– Պարո՛ն Գալիչյան, այսինքն՝ այդ բեռնատարները, որոնք արդեն մեկ շաբաթից ավելի է՝ Կոռնիձորում են, պետք է շրջանցեն Լաչինի միջանցքը, Հակարիի կամուրջը, մտնեն Ադրբեջան, հետո ձեր ասած ճանապարհով հասնեն Ստեփանակե՞րտ:

– Այդ կամրջով պետք է ներս մտնեն, հետո գնան Ադրբեջանի ներքին ճանապարհներով, պտտվեն ամբողջ Արցախի շուրջ, բարձրանան դեպի հյուսիս ու արևելյան կողմից մտնեն Արցախ:

– Եթե Արցախում համաձայնեն օգտվել այդ ճանապարհից…

– Դա նշանակելու է հանձնվել Ադրբեջանին, որովհետև նրա հսկողությանն ես հանձնում ճանապարհդ ու ամեն ինչդ, դա հնարավոր բան չէ: Այդ օրվանից կնշանակի Արցախի ճանապարհը կտրել աշխարհից ու ճանապարհ բացել դեպի Ադրբեջան, ինչը իրենք են ուզում: Առաջին անգամ, երբ լսեցի Աղդամի ճանապարհի գաղափարը, ասացի՝ ինչպե՛ս կարելի է, փոխանակ ձեռքդ ուղիղ բերանդ տանես, ձեռքդ տանում ես գլխիդ հետևը, մյուս կողմից աշխատում հասցնել բերանիդ: Ադրբեջանի ցանկությունն է միայն ամեն ինչ իր հսկողության տակ առնել: 

– Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե հնարավոր կլինի անգամ տարեվերջին ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե Հայաստանն իրենից տարածքային ամբողջականության մասով նկրտումներ չունենա: Ո՞րն է Ալիևի պատկերացրած տարածքային ամբողջականությունը:

– Արցախը, «անկլավները»՝ սա է նրա աչքի առաջ, եթե այդպես է, ապա ինքն էլ Հայաստանի ամբողջականությունը պետք է ճանաչի ու Հայաստանից գրաված տարածքներից դուրս գա, գնա խորհրդային սահմանների վրա կանգնի, ոչ թե գա մտնի Հայաստանի տարածք, պետք է վերադարձնի Հայաստանից գրաված ամբողջ բարձունքները: Բայց նա չի պատրաստվում դա անել, միայն պահանջում է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am