Կա՛մ մնում եք որպես մեր քաղաքացի, կա՛մ հեռանում․ Ալիևը շարունակում է հերքել Լաչինի միջանցքի շրջափակումն ու սպառնալ Արցախին. Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում շարունակել է հերքել Լաչինի միջացքի ու Արցախի շրջափակման փաստը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

«Տեղաշարժի ազատությունն արգելափակված չէ»,- պնդել է Ալիևը ու նշել, թե, իբր, ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումից հետո մարդիկ «անխոչընդոտ» անցել են։ Նա մեղադրել է Հայաստանին ու Կարմիր խաչին սադրանքների մեջ։ Այնուհետև Ալիևը ևս մեկ անգամ արդարացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան։

«Պատերազմում հաղթելն իմ կյանքի կամ գոնե քաղաքական կյանքի առաքելությունն էր, և ես այն հաջողությամբ իրագործեցի։ Մենք վերականգնել ենք արդարությունն ու մեր տարածքային ամբողջականությունը ու հիմա խոսում ենք խաղաղությունից»,-ասել է Ալիևը՝ նշելով, թե տարածքային պահանջներ չունեն Հայաստանից, սակայն նա այդպես էլ չի հայտարարել, որ Բաքուն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

« ․․․ այն մարդիկ, որոնք ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ մնալ այստեղ՝ ապրելու որպես մեր քաղաքացիներ ու ազգային փոքրամասնություն, գիտե՞ք, մենք նրանցից շատ ունենք, կա՛մ հեռանան»,-հայտարարել է Ալիևը։

Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարող Ադրբեջանը նախագահը նաև նշել է, թե  «այլ պատերազմ չեն ուզում, ո՛չ հիմա և ո՛չ էլ ապագայում»։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերին, ապա նրանք չպետք է հետևեն իրենց, այսպես կոչված, առաջնորդներին։ Նրանք անընդհատ ստել են նրանց։

Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով ադրբեջանական հասարակության մաս՝ անվտանգության երաշխիքներով և իրավունքներով, այդ թվում՝ կրթական, մշակութային, կրոնական, մունիցիպալ, նրանք կկարողանան նորմալ կյանքով ապրել, նրանց  այլևս չեն ենթարկի մանիպուլյացիայի։ Մենք նրանց նորմալ կյանք ենք առաջարկում»,- ասել է Ալիևը։