Արցախի նախկին փոխվարչապետը ամսական 62.5 հազ դրամով վարձակալում է Զեյթունի այգին․ Fip.am

Երևանի Զեյթուն թաղամասի «Շատրվաններ» զբոսայգին զբաղեցնում է մոտ 1.5 հեկտար տարածք։ Այն ունի եռանկյունաձև հատակագիծ և պարփակված է Դավիթ Անհաղթ, Դրոյի, Ռուբինյանց և Ավետիս Ահարոնյան փողոցներով։ Այսօր այն գտնվում է անխնամ և լքված վիճակում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ում պատասխանատվության տակ է գտնվում այգին և ինչ հանգամանքներում է Զեյթունի ամենամեծ կանաչ տարածքներից մեկն այս վիճակում հայտնվել։ 

Այգու առաջին վարձակալը

Զբոսայգին դեռ 2006-ի ապրիլին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ավագանու որոշմամբ 50 տարի ժամկետով վարձակալությամբ հանձնվել էր Աշոտ Տոնոյանին, որը «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատերն էր։ Տոնոյանը 2007-2012 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ Նա մահացել է 2014-ի հունիսին։

2006-ին կնքված պայմանագրով Տոնոյանը պարտավորվել էր այգին բարեկարգել՝ ներդնելով 392 մլն դրամ և 50 տարվա ընթացքում 37.5 մլն դրամ վճարել համայնքի բյուջե։ Այսինքն, փաստացի, վարձակալության համար Տոնոյանը պարտավորվում էր վճարել տարեկան 750 հազար դրամ, իսկ ամսական՝ ընդամենը 62 500 դրամ։ 

Բարեկարգման աշխատանքների համար 392 մլն դրամի մոտ 40 տոկոսը՝ 170 մլն դրամը, Տոնոյանը պետք է ներդներ այգու տարածքի և հարակից մայթերի ծածկույթի փոփոխման համար։ Դրանից բացի, Տոնոյանը, որը պայմանագրում նկարագրվում էր որպես Քանաքեռ-Զեյթունում «պարկեշտ քաղաքացու և ազնիվ գործարարի բարի համբավ» ունեցող մեկը, պետք է վերանորոգեր այգու շատրվանները, կանաչապատ տարածքները, լուսավորությունը, ոռոգման ցանցը, տեղադրեր նստարաններ, աղբամաններ և կառուցեր հասարակական զուգարան։ Այս ամենը, ըստ պայմանագրի, պետք է արվեր երկու տարվա ընթացքում։

Միաժամանակ, համայնքն իրավունք ուներ (ունի) բարեկարգման աշխատանքներն ուսումնասիրելու նպատակով կազմակերպել ստուգայցեր և վարձակալից պահանջել փաստաթղթեր։ Վարձակալի կողմից բարեկարգման մասնակի՝ ոչ ամբողջական կատարվելու դեպքում, ըստ պայմանագրի, վարձակալության ժամկետը (50 տարի) պետք է նվազեր երեք տարով, իսկ վարձակալը պարտավորվելու էր երեք ամսվա ընթացքում կատարել պարտավորություններն ամբողջությամբ։ Իսկ դրանք կրկին չկատարելու դեպքում՝ ամեն եռամսյակը մեկ վարձակալության ժամկետը կնվազեր երեքական տարով։ 

Պայմանագիրն ուժի մեջ էր մտել պետական գրանցում ստանալու օրը՝ 2006-ի մայիսի 3-ին։

Ի՞նչ է արել Տոնոյանը

Քանի որ պայմանագրի կնքումից արդեն անցել է մեկ տասնամյակից ավել ժամանակ, դժվար է գնահատել, թե ինչքանով է Տոնոյանը կատարել իր պարտավորությունները։ Մեզ հասանելի աղբյուրներից մեկը Google Earth ծրագիրն է, որում տեղադրված արբանյակային լուսանկարները ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ կա ակներև բարեկարգում։ Սակայն միանշանակ չենք կարող ասել, որ բարեկարգումն ամբողջական է կատարվել։

Այգու արբանյակային պատկերները Google Earth ծրագրով, 2004 և 2008 թվականների դրությամբ

Fip.am-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից ճշտել` արդյո՞ք այգին պայմանագրով սահմանված ձևով է բարեկարգվել, և արդյո՞ք համայնքը ստուգել է բարեկարգման արդյունքները։ Սակայն մի քանի հարցումներից հետո մեր հարցերի պատասխանները այդպես էլ չստացանք։ 

Տոնոյանը այգին փոխանցում է Աղաբեկյանին

Տոնոյանը 2012-ի հոկտեմբերին, Երևանի քաղաքապետի թույլտվությամբ, 2006-ի վարձակալության պայմանագրով նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել է «Սփեյսգրուպ» ՍՊԸ-ին, որի 100 տոկոս բաժնետերն Արթուր Աղաբեկյանն է։ Վերջինս Արցախյան պատերազմի ժամանակ եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի առաջին պաշտպանական շրջանի հրամանատար։ Աղաբեկյանը 2007-2009 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ՀՅԴ-ից, իսկ 2012-2017 թթ.՝ Արցախի փոխվարչապետ։ 2017-ի հոկտեմբերից մինչ 2019-ի հունիս զբաղեցրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնը։ 2017-ին Աղաբեկյանին շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը։ 

Վարձակալության համար ինչպես Տոնոյանը, այնպես էլ այգին այժմ վարձակալող Աղաբեկյանին պատկանող «Սփեյսգրուպ» ՍՊԸ-ն, 2006-ի պայմանագրի համաձայն, տարեկան վճարում է 750,000 դրամ։ Այսինքն՝ մոտ 1.5 հեկտար մակերես ունեցող այգու համար նախկին ՀՅԴ-ական պատգամավորը և Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյան վճարում է ընդամենը 62,500 դրամ, այլ կերպ ասած՝ քառակուսի մետրի համար մոտ 4.3 դրամ:

«Սփեյսգրուպ» ՍՊԸ-ի գործունեությունը, ըստ պետական եկամուտների կոմիտեի կայքի (ՀՎՀՀ՝ 00877924), այժմ ժամանակավոր դադարեցված է։

Այգու սեփականաշնորհված հատվածը

Այգու վերին մասում՝ Ավետիս Ահարոնյան-Դրո խաչմերուկի մոտ, կա երկու շենք, որոնք սեփականաշնորհված են։ Դրանց հասցեներն են Դրոյի 2 և Դրոյի 2/3: Այսօր երկու տարածքներն էլ պատկանում են «Լայֆգրուպ» ՍՊԸ-ին, որի ներկայիս սեփականատերը ևս Արթուր Աղաբեկյանն է։

Fip.am-ն ուսումնասիրեց այս երկու շենքերի կադաստրային փաստաթղթերը՝ պարզելու, թե ովքեր, երբ և ինչ պայմաններով են դրանք սեփականաշնորհել։ Փորձել ենք նաև պարզել, թե արդյո՞ք դրանց սեփականաշնորհումը չի հակասում Հողային օրենսգրքին, մասնավորապես, արդյո՞ք դրանք սեփականաշնորհման ենթական էին, թե՞ ոչ։

Այսպես, Դրոյի 2 հասցեում տեղակայված սրճարանը, ըստ կադաստրային տվյալների, կառուցվել է 1978-ին։ Սրճարանը՝ առանց հողատարածքի, 1998-ի հունիսին Սեփականաշնորհման նախարարության կողմից վաճառվել էր Սամվել Սիմոնի Թովմասյանին 14.56 մլն դրամով (29,000 դոլար)։ Սրճարանի զբաղեցրած տարածքը (240 քմ), Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, 2005-ի մայիսին տասը տարով տրվել էր վարձակալության՝ տարեկան 3500 դրամով։ 

Երկու տարի անց՝ 2007-ի հուլիսի 12-ին, Երևանի քաղաքապետարանը սրճարանի (Դրոյի 2) և հարակից (Դրոյի 2/3) հողատարածքները՝ ընդհանուր 393 քմ, ուղղակի վաճառքով օտարել էր Թովմասյանին՝ 4.2 մլն դրամով, որը հողատարածքի կադաստրային արժեքն էր։ 

Թովմասյանն ութ օր անց՝ հուլիսի 20-ին, Դրոյի 2 հասցեում տեղակայված սրճարանը և 240 քմ հողատարածքը վաճառել է Աշոտ Տոնոյանին՝ 49 մլն դրամով (142,000 դոլար՝ այն ժամանակվա փոխարժեքով), և այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք համայնքը վնաս չի կրել ցածր գնով հողատարածքը վաճառելու արդյունքում։ 

Ինչ վերաբերում է հողատարածքի սեփականաշնորհմանը, ապա 2007-ի մայիսի 25-ի՝ Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշման մեջ ասվում է, որ համաձայն ներկայացված տեղագրական սխեմայի՝ հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Սակայն 1998-ին սրճարանի (առանց հողամասի) սեփականաշնորհման պայմանագրում նշված է, որ օբյեկտը գտնվում է «այգու մեջ»։

Հարևանությամբ գտնվող Դրոյի 2/3 հասցեում տեղակայված շինությունն էլ սեփականաշնորհվել է 1997-ի հոկտեմբերին։ Սեփականաշնորհման նախարարությունը 272 քմ մակերեսով շինությունը 18.9 մլն դրամով (մոտավորապես 38,000 դոլար՝ այն ժամանակվա փոխարժեքով) վաճառել է Վանո Նորիկի Այվազյանին։ Վերջինս էլ 2000-ի հունվարին այն գրեթե նույն գնով՝ 19 մլն դրամով վաճառել է Զոհրաբ Բագրատի Գենոսյանին: Վերջինս 2006-ի մայիսին սրճարանը վաճառել է Տոնոյանին՝ 58.5 մլն դրամով (132,000 դոլար)։ Այս շինության հողատարածքը, ինչպես վերը նշեցինք, Տոնոյանը գնել էր Երևան համայնքից՝ 2007-ի հուլիսին։

2009-ին Տոնոյանն այդ շինությունն անհատույց օգտագործման է հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Ամուսնության պալատի («Զագս») տեղակայման նպատակով։ 2012-ի հուլիսին Տոնոյանը այս երկու շինությունները ներդնում է «Լայֆգրուպ» ՍՊԸ-ում, որի 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում այգու այսօրվա վարձակալը՝ Արթուր Աղաբեկյանը։

Այսօր Դրոյի 2 հասցեում գործում է Հայաստանի ֆուլ-կոնտակտ կարատեի ֆեդերացիայի Մուրադ Քսպոյանի մարզասրահը, իսկ Դրոյի 2/3 հասցեում գործում է մանկական սրճարան։

Անպատասխան հարցեր

Զեյթունի այգու պատմությունը ուսումնասիրելիս մի քանի հարցեր են առաջանում։

1) Արդյո՞ք Աշոտ Տոնոյանը այգին ամբողջությամբ բարեկարգել է այնպես, ինչպես պարտավորվել էր 2006-ի վարձակալության պայմանագրով։ Եթե ոչ, ինչո՞ւ չի կրճատվել նրան և այնուհետև այգու վարձակալ դարձած Արթուր Աղաբեկյանին պատկանող «Սփեյսգրուպ» ՍՊԸ-ի կողմից այգու վարձակալության ժամկետը՝ մի բան, որ պետք է արվեր ըստ պայմանագրի։ 

2) Նույնիսկ եթե վարձակալը այգին բարեկարգել է ամբողջությամբ, արդյո՞ք համայնքը վնաս չի կրում մոտ 1.5 հա մակերեսով այգին ամսական ընդամենը 62.5 հազար դրամով վարձակալության տալով։ 

3) Արդյո՞ք այգում կամ այգու հարևանությամբ գտնվող Դրոյի 2 և Դրոյի 2/3 հասցեներում տեղակայված օբյեկտների մոտ 400 քմ հողատարածքի սեփականաշնորհումը 2007-ին չի խախտել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը։ 

4) Արդյո՞ք մոտ 400 քմ հողատարածքի սեփականաշնորհումը կադաստրային արժեքով՝ մոտ 4.2 մլն դրամով, վնաս չի հասցրել համայնքին։ Այն ժամանակվա փոխարժեքով դա կազմում էր ընդամենը 12,400 դոլար։

Այս հարցերի հասցեատերը, թերևս, Երևանի քաղաքապետարանն ու իրավապահ մարմիններն են։

Աղբյուրը՝ Fip.am