Վրաստանը պարբերաբար իր հարթակն է առաջարկել հայ-ադրբեջանական բանակցություների համար, որովհետև շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ. Ջոնի Մելիքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է վրացագետ Ջոնի Մելիքյանը

– Պարո՛ն Մելիքյան, ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների երկկողմ հանդիպման վայրի ընտրությունը, ինչո՞ւ Թբիլիսին։

– Վրաստանում, որովհետև այս մեկ տարվա ընթացքում Վրաստանը պարբերաբար իր հարթակն է տրամադրել կամ առաջարկել իր հարևան Հայաստանին ու Ադրբեջանին, և անցյալ տարի, երբ կարողացան հանդիպել ու հումանիտար ինչ-որ հարցերում լուծում գտնել, եղավ հենց Վրաստանի առաջարկած հարթակում։

Այս հանդիպումից, սակայն, սպասելիքներ պետք է շատ չլինեն․ հերթական հանդիպումն էր, որի շրջանակում կողմերը քննարկել են օրակարգային հարցեր, փոխանակել մոտեցումները, որոնք առ այսօր հանրային հայտարարություններում էականորեն տարբերվում են, Ադրբեջանը շարունակում է իր մաքսիմալիստական քաղաքականությունը, ու այսօր կա այն իրավիճակը, որը կա։

– Համակարծի՞ք եք այն վերլուծաբանների հետ, որոնք ասում են, թե անկախ արդյունքից, այսօր Ադրբեջանի և Թուրքիայի հետ ուղիղ երկխոսությունը կարևոր է Հայաստանի համար։

-Հարցն այն է, որ մեր տարածաշրջանում ու դրանից դուրս կան լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, ուստի Հայաստանի համար մեկուսանալը էլ ավելի վտանգավոր է, հետևաբար ավելի կանխատեսելի դարձնելու համար շատ ավելի կարևոր է Հայաստանի համար Թուրքիայի հետ ունենալ այն հարաբերությունների սկիզբը, բանակցությունները, որն այսօր կան, մանավանդ որ երկու կողմից էլ շեշտվում է, թե այս ամենն առանց նախապայմանների է, ինչը տալիս է մանևրելու ու հարաբերությունները կանխատեսելի դարձնելու հնարավորություն։

Ադրբեջանի հետ կապված կան շատ ավելի լայն հնարավորություններ ու հարթակներ բանակցելու համար, բայց պետք է հասկանալ, որ Ադրբեջանը փորձել ու փորձելու է իր մաքսիմալիստական քաղաքականությունը վարել, ճնշումների ու սպառնալիքների միջոցով փորձել առավելագույնը կորզել Հայաստանից, իսկ մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի այն, որ հարցերը, որոնցում ավելի ինքնավստահ ենք ու կարող ենք հարց լուծել, քննարկվեն երկկողմ, իսկ հարցերը, որոնցում կարևոր է մեր ռազմավարական գործընկերների ներկայությունը, քննարկվեն եռակողմ, որովհետև այսօր շատ կարևոր է, որ մենք օգտագործենք բոլոր լծակներն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։

– Հայաստանն այսօր ունի՞ այդ լծակները, որոնցով կկարողանա ճնշել ու կասեցնել Ադրբեջանի, ինչպես ասում եք՝ մաքսիմալիստական նկրտումները, պարո՛ն Մելիքյան։

– Բոլոր մեխանիզմները կան՝ դատական մեխանիզմները, միջազգային իրավունքը, տարբեր հանձնաժողովներն են, որոնց կարելի է դիմել՝ սկսած պատերազմի ժամանակ տեռորիզմից մինչև հումանիտար հարցերն ու մշակութային կոթողների վանդալիզմը։

Շատ-շատ բաներ կան, որ կարելի է վերցնել ու օգտագործել Ադրբեջանի դեմ որպես զենք, ի վերջո, երկրներ եղան, որոնք արձանագրեցին, որ 44-օրյա պատերազմին ադրբեջանական կողմը ներգրավել է նաև Սիրիայից վարձկանների։

Հայկական դիվանագիտությունը պետք է ամենօրյա ռեժիմով աշխատի ու այս ամենը օգտագործելով՝ փորձի ինչ-որ արդյունքի հասնել։ Շատ կարևոր է նաև սփյուռքի ներգրավվածությունը այս հարցում, շատ կարևոր է, որ այս բոլոր հնարավորություններն ավելի արդյունավետ օգտագործվեն, ինչն այսօր, ցավոք, չի արվում։ Այսինքն՝ հնարավորություն կա, ուղղակի պետք է աշխատել։

– Վրաստանն ի՞նչ դիրքորոշում ունի հայ-թուրքական հարաբերություների կարգավորման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։

– Եթե ընդհանուր դիտարկենք՝ բոլոր երկրները կողմ են, որ լավ հարաբերություններ լինեն, ու խաղաղություն և կայունություն լինեն տարածաշրջանում, ուղղակի կարևոր է գինը։

Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայունությամբ, խաղաղությամբ, քանի որ այդ ամենը հնարավորություն է տալիս նոր ներդրումների հոսք ապահովել տարածաշրջան ու Վրաստան, բայց մենք պետք է հասկանանք՝ ինչի դիմաց ենք ստանում այդ խաղաղությունն ու կայունությունը։

Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը Վրաստանի համար կարևոր է, բայց մյուս կողմից էլ՝ մարտահրավեր է, քանի որ մեր առևտուրը, մարդկանց հոսքը դեպի Թուրքիա Վրաստանի տարածքով է տեղի ունենում, հետևաբար, եթե հիպոթետիկ ապագայում բացվում է սահմանը, և սկսվում է առևտրաշրջանառությունը, այդ ամենը չի կարող չազդել Վրաստանի տնտեսության վրա։

Այսինքն՝ Վրաստանը մի կողմից կկորցնի, մյուս կողմից էլ՝ ինչ-որ բան կստանա, քանի որ ապաշրջափակման շրջանակներում Պարսից ծոց և Սև ծով միջանցքի ակտիվ աշխատանքն էլ ավելի մեծ հոսք կապահովի Վրաստանի համար։ Ուստի Վրաստանի ու մյուս պետությունների մոտեցումը պարզ է, ուղղակի մենք պետք է հասկանանք, որ մեր մոտեցումը պետք է բխի մեր ազգային շահերից, թե ինչի դիմաց ի՛նչ ենք ստանում։

– Պարո՛ն Մելիքյան, քանի որ Ադրբեջանի մոտեցումները, որոնցով պատրաստ են Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, ըստ էության, պարզ են, ըստ ձեզ, դրանք բխո՞ւմ են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերից։

– Նախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ հստակ նշված էին հումանիտար հարցերի կարգավորում և հայ ռազմագերիների վերադարձ, նշված էր նաև Մինսկի խմբի մասին ու այն, որ հակամարտությունը լուծված չէ։

Իմ անձնական մոտեցումն այն է, որ այդ հակամարտությունը կլուծվի, եթե լուծվեն հումանիտար հարցերը, մշակութային կոթողների հետ կապված, երբ մենք լուրջ միջազգային կառույցներից ունենանք երաշխիքներ, որ դրանք չեն ոչնչացվի։

Ամենակարևորը կարգավիճակի հարցն է, որը ես տեսնում եմ Ադրբեջանից դուրս, բայց այս ամենն ունենալու համար բանակցություններում մենք պետք է ակտիվ աշխատենք ու սպասենք այն շրջանին, երբ Արևմուտք-Ռուսաստան այդ բախումն այսքան վառ արտահայտված չի լինի։ Կարգավիճակը մեզ համար շատ կարևոր է, բայց դրան զուգահեռ պետք է զարգացնենք տնտեսությունն ու բանակը, քանի որ անվտանգության միակ երաշխիքը հայ զինվորն է, ով էլ ինչ ասի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am