Առաջին դասարանցիների «արտակարգ հանդեսը» արտակարգ իրավիճակում

«Սկզբում երեխաները հուզված էին և անհանգիստ, չունեի հնարավորություն ջերմորեն գրկելու և խրախուսելու նրանց անմիջական ձևով»,- պատմում է 100 դպրոցի տարրական դասարանի դասվար Նազելի Ղահրամանյանը։ 

Արտակարգ իրավիճակով պայմանավորված 1-ին դասարանցիների Այբբենարանի հանդեսը նույնպես անցել է «արտակարգ» ձևով։ 

Որպեսզի օրը, այնուամենայիվ, հիշելի դառնա, ուսուցչի նախաձեռնությամբ հանդեսը տեղի է ունեցել, սակայն, հեռավար՝ առցանց եղանակով, ինչը հետաքրքիր և միաժամանակ նորարար փորձառություն էր ինչպես ուսուցչի, այնպես էլ աշակերտների և ծնողների համար։

«Ուսումնական ծրագրի համաձայն՝ երբ Այբբենարանն ավարտում ենք, դասարանում նախապատրաստում ենք մի փոքրիկ միջոցառում, որպեսզի երեխաները արժևորեն իրենց առաջին դասագիրքը՝ Այբբենարանը, որով սովորել են Մաշտոցյան տառերը, գրերը: Բայց քանի որ իրավիճակը ստիպել է հեռավար ուսուցման անցնել, ես մտածեցի՝ ինչու ոչ, թող թեկուզ հեռավար միջոցառում կատարվի, երեխաները այդ օրը հիշեն, արժևորեն այն գիրքը, որով սովորեցին տառերը, դարձան գրաճանաչ։ Առաջարկեցի ծնողներին, նրանք մեծ ոգևորությամբ համաձայնեցին, երեխաները նույնպես զարմացած էին, թե ինչպես պետք է դա լինի, ինչպես պետք է ներկայացնեին»,- նշում է ուսուցչուհին։

Ղահրամանյանը հավելում է, որ ծնողների համար նույնպես անսովոր էր այն, և չէին պատկերացնում, թե ինչպես կընթանա, բայց գաղափարը հետաքրքիր էր, և փորձեցին։

«Ամենահետաքրքիրը հենց նախապատրաստական աշխատանքներն էին, սկզբում առաջարկեցի տառերը լինեն կարմիր գույնով կամ ոսկեգույն, սակայն այս պայմաններում գրախանութները փակ են, անհնար էր կազմակերպել այնպես, որ բոլորի մոտ նույն գույնը լիներ: Հետո ասացի՝ կարող եք անել այն գույնով, ինչ տանը ձեռքի տակ ունեք, այդ գույներով էլ պատրաստեք, սակայն ծնողներին դուր եկավ գաղափարը, որոշեցին կարմիր։ Այնուամենայնիվ կային ընտանիքներ, որ տանը գունավոր թղթեր չունեին, կարմիր գույն չունեին, որոշեցին տարբեր ձևերով ստանալ այդ գույնը՝ կային ջրաներկով էին ներկել, կային, որ զատկական գույներն էին օգտագործել կամ փաթաթել էին կարմիր թելով, պատրաստել էին իրենց տառերը»,- նշում է Նազելի Ղահրամանյանը։

Ուսուցչուհին ասում է, որ նկարահանումների և Զում ծրագրի միջոցով հեռավար դասի ընթացքում կազմակերպվել է պրոցեսը։ Միջոցառմանը նաև մասնակցել է այդ պահին մեկուսացման մեջ գտնվող աշակերտ։

«Գրաճանաչության հեռավար տոն»: Մեր կրթօջախի ամենափոքր սաները, արտակարգ իրավիճակի պայմանները հաշվի չառնելով, իրենց աչքերի լույսն ու ջերմությունը հեռավար փոխանցեցին բոլորիս՝ ապացուցելով, որ գիտելիքի անսահման դռները մշտապես բաց են բոլորի առջև՝ անկախ ամեն ինչից: Սիրելի՜ փոքրիկներ, բարի գալուստ գիտելիքների զարմանահրաշ աշխարհ, բանալին այսուհետ ձեր ձեռքերում է:

Gepostet von Երևանի համար 100 հիմնական դպրոց am Montag, 13. April 2020
100 դպրոցի 1-ին դասարանի հեռավար հանդեսը

«Դասի ավարտին երեխաներից շատերն ասեցին, որ նոր հասկացան, թե ինչ է նշանակում «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը։ Ծնողները միշտ հանդեսը պատկերացրել են դահլիճում, ասում էին՝ չէին պատկերացնի, ոնց կարող է առցանց լինել։ Համեստ, բայց շատ նշանակալից միջոցառում ունեցանք՝ առանց դահլիճի, ատրիբուտների և ավելորդ ծախսերի»,-  նշում է ուսուցչուհին։

Հեռավար ուսուցմանն անդրադառնալիս Ղահրամանյանը նշում է, որ լինում են տեխնիկական խնդիրներ՝ երեխաներն ունենում են տեխնիկայի և ինտերնետի հետ կապված խոչընդոտներ, հաճախ որոշ աշակերտների համար դասաժամերի փոփոխություն է իրականացվում, որ հարևանից հեռախոս վերցնեն կամ WiFi ինտերնետ։

Սակայն, ընդհանուր առմամբ, ուսուցչուհին ընդգծում է, որ ծնողներն ուրախ են, որ այս իրավիճակում դասապրոցեսը շարունակելու հնարավորություն ստեղծվեց։

Նշում է, որ առաջարկներ կան, որ եթե հետագայում էլ գնան դպրոց, շաբաթը մեկ անգամ կամ ամիսը մեկ-երկու անգամ հեռավար ուսուցում ունենան, ծնողներն էլ մասնակցեն դասին և իմանան՝ ինչպես են երեխաների դասերն անցնում։

«Արժևորում եմ այն փաստը, որ ծնողը ներկա գտնվեց երեխայի դասին, ծնողներից շատ-շատերը չէին պատկերացնում՝ ինչպես են դասերն անցնում դպրոցում, ինչպես է դասավանդվում, հիմա նրանք շեշտում են փաստը, որ գիտեն, թե ինչպես ենք դասավանդում: Մենք էլ նույն ձևով կարողանում ենք օգնել երեխաներին, որպեսզի երեխան նյութը ընդունի, դրական կողմ ունեցավ ծնողների համար։ Կարող եմ փաստել, որ այս մեկ ամսվա ընթացքում այն երեխաները, որոնք որոշ տեղեր դժվարանում էին, ունեն առաջընթաց»,- ընդգծում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am