Քաղաքապետարան. ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են

Քաղաքապետարան. ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են
Քաղաքապետարան. ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են

Չնայած մայրաքաղաքում տեղացած առատ ձյան հետեւանքով շատ վայրերում ստեղծված դժվարին իրավիճակին, Երեւանի քաղաքապետարանն հավատացնում է, թե ամեն ինչ արվում է իրավիճակը շտկելու նպատակով:
Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, մայրաքաղաքում տեղացող ձյան հետևանքով երթևեկության և հետիոտնի համար հնարավոր անհարմարությունները վերացնելու նպատակով վաղ առավոտից մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են փողոցների և մայթերի մաքրման աշխատանքներ:

«Աշխատանքներում ներկայում ներգրավված են ձյան մաքրման համար նախատեսված 270 միավոր հատուկ տեխնիկայից 35-ը` այդ թվում ինչպես ձյուն մաքրող, այնպես էլ աղ և ավազ ցանող մեքենաներ: Անհրաժեշտության դեպքում կավելացվի հատուկ տեխնիկայի քանակը»,-նշված է քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ըստ քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների,  մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում պահեստավորված է անհրաժեշտ քանակությամբ աղ և ավազ (1300 տոննա աղ, 2200 խմ ավազ): Նշված քանակությունն անընդհատ լրացվում է:

«Այս պահի դրությամբ փողոցների և մայթերի մաքրման համար օգտագործվել է շուրջ 70 տոննա աղ և մոտ 160 խմ ավազ,-նշված է հաղորդագրության մեջ:-Բոլոր վարչական շրջաններում, հատկապես մայրաքաղաքի բարձրադիր հատվածներում, ներկա պահին ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են»:

© Medialab.am