Ֆրանսիայի մի շարք քաղաքներում պարետային ժամ կսահմանվի․ անկարգությունների հետևանքով շուրջ 1000 իրավապահ է վիրավորվել

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում պարետային ժամ կսահմանվի՝ շարունակվող զանգվածային անկարգությունների և խանութների թալանի պատճառով։ Երկրի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի խոսքով՝ դեպարտամենտների ղեկավարներին հանձնարարվել է կիրառել այս միջոցը՝ առաջին հերթին առևտրային հաստատությունները պաշտպանելու նպատակով։

Սպասվում է, որ այն քաղաքների ցանկը, որտեղ պարետային ժամ կսահմանվի, կհրապարակվի հոկտեմբերի 19-ի երեկոյան։

Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատի գնահատմամբ՝ անկարգությունների հետևանքով ամբողջ երկրում կարող էր տուժել ավելի քան 2000 խանութ։ Մինչդեռ Ֆրանսիայի առևտրի նախարարության տվյալներով՝ վնասված առևտրային հաստատությունների թիվն առնվազն 3000 է։

Երկրի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ անկարգությունների ընթացքում վիրավորվել են շուրջ 1000 ոստիկաններ և այլ ուժային կառույցների աշխատակիցներ, նրանցից յոթը՝ ծանր։ Հանգստյան օրերին ամբողջ Ֆրանսիայում ձերբակալվել է 2331 մարդ։

Միաժամանակ, երբ անկարգությունների մասնակիցները թալանել ու ավերել են խանութները, իրավապահների թիվը, ըստ ամենայնի, բավարար չի եղել արագ միջամտելու համար։ Առևտրային հաստատությունների սեփականատերերը պատմել են, որ ոստիկանություն զանգահարելիս իրենց պատասխանել են, թե դեպքի վայր աշխատակիցներ ուղարկելու հնարավորություն չկա։

Վարչապետ Լեկորնյուն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում չի բացառում նաև Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը։

«Ապացույցներ կան, որ գործ ունենք ծայրահեղ ձախերի շարժման հետ, որը ձգտում է քաոս սերմանել նախագահական ընտրություններից առաջ»,- հայտարարել է վարչապետը։

Ֆրանսիայի իշխանությունները քննարկում են անվտանգության միջոցների հետագա խստացումը՝ շարունակվող բռնություններն ու թալանը կանխելու նպատակով։