«Չկարեցա վրեն, ասեց՝ ես չգա՞մ իմ պարտքը տամ, տվեց… իր կյանքով»․ Աղունիկն ասում է՝ Էդգարը «բոյ է տվել մինչև վերջին շունչը»

Աղունիկ Պետրոսյանը հուզմունքով է պատմում իր առաջնեկ ու ամենասիրելի թոռան՝ Էդգար Բաղդասարյանի մասին։ Էդգարը շատ փոքր տարիքից տատի խնամքի տակ է եղել: Աղունիկը նշում է՝ շատ կապված էին իրար հետ, բոլոր թոռները մի կողմ էին, Էդգարը՝ մի կողմ։

«Ո՜նց եմ իրան սիրել, պահել, ունեցել եմ չորս էրեխա, պահել եմ չորս էրեխուս, հետո՝ էդգարիս, պահել եմ չորսից առավել, բոլոր թոռներիցս առավել, բոլորն ասում էին՝ տատին մեզ չի սիրում, էդգարին ա սիրում։ Ես ինքս ինձ հիմա մեղադրում եմ, երևի Աստված զայրացավ, որ շատ սիրեցի, ասեց՝ հերիք ա առանձնացնես»,- ցավով ասում է 57-ամյա Աղունիկը ու նշում, որ Էդգարին կորցնելով՝ իր կյանքի իմաստն է կորցրել։

Էդգար Բաղդասարյանը 1 տարի 3 ամսվա զինծառայող էր Հադրութում, երբ պատերազմը սկսվել է։ Էդգարը կրտսեր սերժանտ էր, սեպտեմբերի 25-ից դիրքերում է եղել, պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում պայքարել է թշնամու դեմ։ 

Էդգարի ընկերները հետագայում պատմել են հարազատներին, որ մարտի դաշտում Էդգարը ոտքից վիրավորվել է, սակայն չի խնայել իր կյանքը և գնացել է վիրավոր ընկերոջը օգնության, այդ ժամանակ էլ ԱԹՍ-ի երկրորդ հարվածից զոհվել է։

«Որ վիրավորվել ա, չի թողել օգնություն ցույց տան, դուրս հանեն, ընկերներին ասել ա՝ դուք պրծեք, փախեք։ Բոյ ա տվել մինչև վերջին շունչը, հոկտեմբերի 13-ին զոհվել է»,- հուզմունքով պատմում է Աղունիկը։

Տատն ասում է՝ Էդգարը մինչ բանակ գնալը Ռուսաստանում էր, երկքաղաքացիություն ուներ, հորդորել է թոռանը, որ չգա ծառայելու, սակայն Էդգարն ընդդիմացել է․ «Չկարեցա վրեն, ասեց՝ ես փախչո՞ղ տղա եմ, չգա՞մ իմ պարտքը տամ։ Էկավ իր պարտքը տվեց… իր կյանքով»։

Էդգար Բաղդասարյանը հուղարկավորվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում։

Հետմահու պարգևատրվել է 

Թոռան զոհվելու մասին Էդգարի հարազատները իմացել են հոկտեմբերի 15-ին։

Աղունիկը պատմում է, որ երբ հոկտեմբերի 13-ից թոռից զանգ չի ստացել, անհանգստացել է, պատմում է, որ ողջ գիշեր աղոթել է թոռան համար։

«Աղոթում էի, մոմեր էի վառում սրբի նկարի առաջ, մոմը ներքևից կրակ էր տվել, սրբի նկարը վառվել էր, հենց էդ ժամանակ էլ էրեխես չկար»,- հուզվում է Աղունիկը։

Թոռից երկու օր զանգ չստանալուց հետո փորձել է նրա մասին որևէ լուր իմանալ, գնացել է Մարտունու զինկոմիսարիատ․

«Իրանք արդեն էդ լուրը ստացել էին։ Ինձ համար տվեցին, որ զանգեմ, զանգեցի, էդ համարն անհասանելի էր, դուրս եկա՝ ուշագնացի նման, ուղեղս նորմալ չէր աշխատում, ճանապարհին անկախ ինձնից լացում էի, հեռախոսս բացի, հենց էդ պահին էրեխուս անունը կարդացի զոհվածների ցուցակում»,- ցավով հիշում է Աղունիկը։

Նրա խոսքով՝ Էդգարի մահը սգում է ամբողջ գյուղը, Էդգարին բոլորն էին սիրում։

Տատն ասում է՝ Էդգարը շատ համեստ էր, ուշադիր, հոգատար․ 

«Ես եմ պահել-մեծացրել, մի օր չեղավ ասեր՝ ինձ էս ա պետք, չեմ թողել, որ որևէ բանի կարիք զգա, բայց երբևէ մի օր չտրտնջաց։ Բոլորն ասում էին՝ Էդգարն ուրիշ ա։ Մենք շատ կապված տատ ու թոռ ենք էղել։ Անգամ իրա սիրած աղջկա մասին իրա գաղտնիքը իմ հետ կիսվում էր, մոր հետ էլ կապված էր, բայց մենք ենք միասին էղել 18 տարի։

Ասում էր՝ տա՛տ, քեզ ոչ ոք չի կարա փոխարինի, պատերազմի ժամանակ զոհվելուց առաջ իրա փոքր հեռախոսը տվել էր ընկերոջը, ասել էր՝ կտաս տատիս, իրան շատ եմ սիրում, որ ստեղից պրծնեմ գամ, իրան վերցնելու եմ, աշխարհը ման տամ, բայց չեկավ․․․»։

Աղունիկի խոսքով՝ թոռը շատ երազանքներ ուներ, նախևառաջ ցանկանում էր իր մոր ու եղբոր համար տուն գնել, որ վարձով չապրեն․

«Ասում էր՝ կգամ, մորս համար տուն կառնեմ, որ մամաս ու ախպերս վարձով չապրեն, նոր իմ մասին կմտածեմ։ Ես ամեն ինչ ինքս կստեղծեմ, ինչքան կկարողանամ: Որևէ մեկից որևէ բան չէր պահանջում»,- պատմում է տատը։

Աղունիկն ասում է՝ Էդգարը շատ էր սիրել Հադրութը ու զինվորական ծառայությունը ու ցանկություն ուներ մնալ Հադրութում և զինվորական դառնալ։

«Ասում էր՝ զինվորական կդառնամ, կկարողանամ համ աշխատեմ, համ սովորեմ։ Սիրեց ու մնաց Հադրութի լեռներում»,- ասում է տատը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am