Հրայր Թովմասյանի գործով քաղաքական հետապնդում ու ենթատեքստ չկա․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

Հրայր Թովմասյանի գործով քաղաքական հետապնդում ու ենթատեքստ չկա․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար
Հրայր Թովմասյանի գործով քաղաքական հետապնդում ու ենթատեքստ չկա․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու հարցին։

«Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ենթատեքստ չփնտրեք»,- ասաց նա՝ հավելելով՝ ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականության համար նաև խնդիր է առաջացել լսել Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին։
«Եվ երբ ասում ենք երեխաներ, առանձին անձինք ասում էին՝ 16-18 տարեկան, ես ասում եմ՝ երեխաները 23-25 տարեկան են։ Այսինքն՝ խնդիրը կապված է եղել գույքի հետ, իրենց  գույք է փոխանցվել, և մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել՝ ամբողջականությունն ապահովելու համար»,- ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը։
Նա հավելեց, որ ԱԱԾ-ն նախօրոք փորձել էր կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ, բայց նա զանգերին չէր պատասխանել։

«Մենք ուզում էինք իրեն տեղեկացնել, որ մենք հրավիրելու ենք իրենց։ Սակայն ինքը հեռախոսազանգերին չի պատասխանել և հետագայում մեկնել է Մոսկվա։ Ուղղակի մենք իրեն որպես բարի կամքի դրսևորում ուզում էինք տեղեկացնել։ Եվ այստեղ, խնդրում եմ, ոչ մի քաղաքական ենթատեքստ չփնտրեք»,- ասաց նա։