Սասուն Միքայելյան․ «Սուրբ խոսքի» մարդը

Մհեր Արշակյան

Իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ արտառոց առաջարկով է հանդես եկել՝ դիմել կաթողիկոսին, որ նա Սուրբ Գեղարդով շրջի Հայաստանի տարածքով։ 

Միքայելյանն անկեղծորեն հավատում է, որ Սուրբ Գեղարդը գտնվում է Հայաստանում և անկասկած հրաշքներ կգործի, քանի որ 1798-ին Վրաստանում ժանտախտի ժամանակ արդեն գործել է։ 

Հիմա ո՞նց Սասուն Միքայելյանին ասենք, որ առողջապահությունը Սուրբ Գեղարդից ոչնչով բաժանված չէ, որ ուրիշին չվարակելու ինքնագիտակցությունը նույն Սուրբ Գեղարդն է, որ հավատն իսկապես առողջարար է, եթե դու ամբողջ էությամբ մտածում ես դիմացինիդ մասին։ 

Ի՞նչ կարիք կա, որ կաթողիկոսը Սուրբ Գեղարդը վերցնի ու ընկնի Հայաստանով մեկ։

Նախկինում դա արել են, որովհետև Աստծո «գործիքները» բացահայտված չէին։ Այսօր այդ գործիքները կան, ճիշտ է՝ ոչ բոլորը։ 

Մահանում են ինչից պատահի։ Աստծո ամենամեծ գործիքը մերձավորի զգացումն է։ Հենց այդ մերձավորի զգացումից է քեզ թույլ տրված ինքդ քեզ սիրել այնքան, որ հասկանաս, թե ինչքան սիրելի է դիմացինը։ 

Կաթողիկոսն ի՞նչ կարող է անել։ Նա, դիցուք, կարող է սեր սփռող որևէ խոսքով հանդես գալ, հիշեցնել, թե ինչքան կարևոր է դա, որ սերը երբեմն մեզ պետք է ուրիշներից հեռու մնալու համար, եթե մոտիկությունը վտանգավոր է։ 

Չէ՞ որ սերը չի հարցնում տարածություններ, ինքն իր տարածություններն ունի։ Բոլոր վարակները գոյություն ունեն ի հեճուկս սիրո տարածության։ Բայց սերը Աստծուց է՝ կարող է ասել կաթողիկոսը, իսկ Աստված ձեր մեջ է, եթե անգամ կորոնավիրուսով վարակվեք, դրանով ձեր Աստծուն չեք վտանգում, կարող եք վտանգել միայն Աստծո արարածին։ 

Ահա այսպիսի կամ ավելի գեղեցիկ ու մխիթարիչ բաներ կարող է ասել կաթողիկոսը։ 

Այլապես Սուրբ Գեղարդն ինքն էլ չի ուզենա տրվել ցուցադրականությանը, եթե հավատն ու սերն առանց իրեն ոչինչ չեն կարող անել։ 

Կաթողիկոսը լռում է, ու ես չեմ կարող ասել՝ նա ճի՞շտ է, թե՝ ոչ։ Ինքը սովոր է լռել ամենակարևոր պահերին:

Եթե դուք ուզում եք, որ կաթողիկոսի փոխարեն «խոսի» Սուրբ Գեղարդը, կրկին մոլորության մեջ եք։ 

Որովհետև մարդն ինքն էլ Սուրբ Գեղարդ է, եթե մյուսների համար է։ Ինքնամեկուսացած մարդը, դիցուք, Սուրբ Գեղարդ է։ 

Դիցուք, ի՞նչ է Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի պատերից ներս։ Եթե այն հրաշափառ է, ի՞նչ տարբերություն՝ որտեղ է։ Եթե այն կա ինչ-որ մի տեղ, այն կա քո մեջ։ 

Եվ հետո, եթե իսկական հավատը քեզ չի ապահովագրում վարակից, իսկական հավատը քեզ օգնում է տանել փորձությունը՝ առանց մյուսներին դրա մեջ ներքաշելու։ 

Միջնադարում գուցե Սուրբ Գեղարդն օգնել է (ես չեմ ուզում վիճարկել որևէ մեկի հավատը), բայց արդյո՞ք մարդն ամեն ինչ անում է, որ բանը չհասնի Սուրբ Գեղարդի «ճանապարհորդությանը»։ 

Ըստ իս՝ ո՛չ։ 

Եվ հետո՝ Սուրբ Գեղարդը մասունք է, եթե դուրս բերվեց փողոցներ, բոլորը լցվելու են դուրս։ Իսկ դա վտանգավոր է՝ բոլորը փորձելու են դիպչել մասունքին, լինելու են կուտակումներ, իսկ կուտակումները կկաթվածահարեն Հայաստանը։ 

Սուրբ Գեղարդն այնտեղ է, որտեղ պետք է լինի այս օրերին։ Իսկական Գեղարդն է, թե իսկականը չէ, ինքն է, թե ինքը չէ՝ այն փողոցներում առաքելություն չունի։ 

Եթե այն Մայր Աթոռի պատերից դուրս եկավ՝ շատերը կխոցվեն։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am