«Էդ դեպուտատ են, ինչ են, չե՞ն հասկանում, որ պետք ա միավորվեն, Հայաստանն էս ցեխից հանեն». Կապանում սուր են ընդունում ներքաղաքական լարվածությունը

«Ամեն կրակոցից վեր ենք թռնում: Երեկ իրիկունը ժամը 11-ից հետո ավտոմատնի օչերեդ ա լյա: Բայց, դե, հինչ ըրած, գյուդում ընք, որ մեր տղաները մեզ պաշտպանում ըն լյուբոյ ժամանակ»,- 63-ամյա Քնարիկ Հարությունյանի վախերն են պատերազմից հետո:

Ճերմակ մազերով մեծահասակ կինը Կապանի Վաչագան գյուղական համայնքից է: Գյուղին մերձ ադրբեջանական դիրքեր չկան, բայց բնակիչները բարձրությունից կարողանում են տեսնել ամեն դիրքերը, օրինակ՝ վերջերս ադրբեջանցիներին անցած Փելասարի դիրքը, լսել կրակոցներ: 

Ասում է՝ կորցրել են նախապատերազմյան հանգիստ կյանքը: Նույնիսկ սոցիալական խնդիրներն են անտեսվում անվտանգային անորոշ իրավիճակում: 

«Էն վախտը  (պատերազմից առաջ – հեղ.) հանգիստ էինք լյա, անտառ ընք լյա քինում, հիմա՝ չէ, անտառը, օրինակ՝ մի քիչ ապասնի ա: Յոլա ընք տանում, ամեն ինչ հնարավոր ա, մենակ անվտանգությունը ապահովելն ա խնդիրը»,- «Մեդիալաբին» ասում է Քնարիկ Հարությունյանը:

44-ամյա Անահիտ Ղազարյանի ամուսինը և որդին, որոնք նույնպես Վաչագանի բնակիչներ են, 44-օրյա պատերազմի մասնակիցներ են եղել: Դիրքերում եռամսյա ծառայությունից հետո Անահիտն ասում է ամուսինը վերադարձել է ու առայժմ հայտնի չէ՝ ինչ կանի: Վախեր իրենք էլ ունեն. 

«Իրիկունը, խոսքի օրինակ՝ ժամը 6-ից հետո չենք կարում տնից դուրս գանք, փակվում նստում ենք»:

Ի տարբերություն Վաչագանի, Կապանը ադրբեջանցիների դիտակետում է. քաղաքի վերանորոգված օդանավակայանի անմիջապես դիմաց՝ բարձր դիրքր վրա, ադրբեջանական դրոշն է: 

Քաղաք այժմ հնարավոր է հասնել վերջին շրջանում այլընտրանքային անվանումն ստացած Տաթև-Կապան ճանապարհով, որը սկսեց ամբողջությամբ շահագործվել ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակվելուց հետո: Ճանապարհը նեղ է, լիարժեք վերանորոգված չէ, կան հատվածներ, որոնցում փոսեր են, բայց, միևնույն է՝ իրանական բեռնատարները կարողանում են անցնել դրանով:

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը իրենց հիմնական խնդիրը համարում է անվտանգության հարցը: 

«Գիտեք, որ թշնամին շատ մոտ է գտնվում բնակավայրերին: Խնդիրներ են առաջացել ճանապարհներին, ամբողջովին փակվել են Գորիս-Կապան և Ճակատեն-Կապան ճանապարհները: 

Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու հետևանքով լուրջ խնդիրներ առաջացան վեց գյուղական բնակավայրերի հետ, որոնք հայտնվել են, մեղմ ասած, շրջափակման վիճակում: Հիմա ճանապարհաշինական աշխատանքներ են կատարվում հիմնական ճանապարհը կառուցելու համար, բայց դա բավական երկար ժամանակ կպահանջի»,-ասում է Փարսյանը:

Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ճակատեն գյուղում, որի՝ Կապանին կապող ճանապարհն այժմ փակ է, Փարսյանը եղել է երեք օր առաջ: Ասում է՝ սննդի հետ կապված խնդիր չկա, բայց մարդկանց տեղաշարժն ապահովելու համար հասարակական տրանսպորտի հարցը մասնակի է լուծված: 

«Համայնքին տրամադրվել է երկու «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, մեկը՝ ամբողջովին հարմարեցված մարդատար, մյուսը հարմարեցված չէ, հիմա սա հարմարեցնում ենք ուղևորափոխադրման համար: Մտածում ենք նաև ուղևորափոխադրում իրականացնել Ծավ-Ճակատեն հատվածում: Դրա վերաբերյալ քննարկում ենք ունեցել վարչապետի խորհրդական, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ղուկասյանի հետ, որ ամբողջովին լուծենք բնակիչների՝ տրանսպորտով փոխադրման խնդիրը»,- ասում է Փարսյանը:

Համայնքի բնակիչների համար սոցիալական խնդիրները մղվել են հետին պլան, և նրանց մտածմունքի հիմնական թեման դարձել է սահմանային անվտանգությունն ու ներքաղաքական իրավիճակը: 

Կապանում «Մեդիալաբի» թղթակցի հետ զրուցած քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ նույնիսկ սահմանային հարցերը հնարավոր է լուծել, եթե ներքաղաքական գզվռտոցը չլինի:

«Խորհրդարանում իրար միս են ուտում, էդա մեզ շարքից հանում: Էդ դեպուտատ են, ինչ են, չե՞ն հասկանում, որ պետք ա միավորվեն, Հայաստանն էս ցեխից հանեն, հետո ինչ ուզում են՝ անեն: Իրանք են անում, որ թուրքը գալիս, մեր դուռը ծեծում ա: Իրար ուտում են խորհրդարանում, թուրքն էլ տենում, ուրախանում ա»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է 75-ամյա Վալերի Մարտիրոսյանը:

Նա բնիկ կապանցի է, հիշում է թուրքերի հետ հարևանությունը ու պնդում. 

«Ես 30-40 տարի իրանց հետ ապրել եմ: Թուրքը որ գա, ես վախում չեմ, ես մենակ իրանց կպահեմ սահմանին, թող իրանք մենակ չբզկտեն էս ազգին: 30 տարի Ղափանի տեղը չէին իմանում, հիմա ով հելնի գոռում ա՝ Սյունիք, Ղափան, որ ժողովուրդը իրանց կողքը կանգնի: Ո՛չ, ինչքան ընդդիմությունը գոռա, էնքան ժողովուրդը իրանցից երես ա թեքելու»:

«Էս վիճա՞կ է, ամբողջ օրը լարված, ժողովուրդը նստում հեռուստացույցի մոտ, ուզում է հասկանա՝ ինչ է կատարվում Երևանում, ով ում ինչու ծեծեց: Շատ ժամանակ անջատում եմ, չեմ ուզում լսեմ էդ կեղտոտությունները: Հազար կուսակցություն են ստեղծել ու իրար մեջ գզվռտոց առաջ բերել: Ամոթ ա, էն ժամանակ աթոռին նստած էին, մի լավ բան չէին անում, հիմա աքլորացել են: Մեր կորցրած ջահելները ափսոս չե՞ն»,- ասում է 73-ամյա Ամալյա Մարտիրոսյանը: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am