ՎՏԲ բանկի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն ազդի. հայաստանցի թոշակառուները կստանան իրենց թոշակները

«ՎՏԲ-Հայաստան» բանկն այս պահին շարունակում է տրամադրել հիմնական ֆինանսական ծառայությունները՝ պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ: Այդ մասին «Մեդիալաբի» գրավոր հարցմանն ի պատասխան արձագանքել են Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական բանկի հայաստանյան մասնաճյուղից:

Այս բանկը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ գործադրված պատժամիջոցների թիրախում էր հայտնվել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, թե բանկի բոլոր ակտիվները կսառեցվեն:

«Մեդիալաբը» գրավոր հարցմամբ հետաքրքրվել էր, թե որքանո՞վ այս հանգամանքը կարող է անդրադառնալ «ՎՏԲ Հայաստան» բանկի գործունեության վրա, և արդյոք հիմնականում այս բանկի միջոցով կենսաթոշակ ստացող հայաստանցի թոշակառուները կկարողանան ստանալ իրենց կենսաթոշակները: Ի պատասխան բանկից հայտնել են. 

«Կիրառված սահմանափակումները չեն ազդում հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա:

Բոլոր հաշիվներն ակտիվ են, և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները:

Կանխիկ միջոցների ստացումը հնարավոր է Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից և գործընկեր-բանկերից:

Հաճախորդներին, ովքեր այժմ գտնվում են արտերկրում, խորհուրդ է տրվում կանխիկացնել միջոցները կամ վճարել այլ բանկի քարտերով»:

MediaLab.am