«Բազմաթիվ ոլորտներ են տուժել ու տուժում, ապշում եմ՝ ինչպե՞ս կարելի է մինչև հիմա քայլեր չձեռնարկել». Վահրամ Միրաքյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը

– Պարո՛ն Միրաքյան, «Մանթաշյանց» գործարարների միությունը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Կառուցապատողների հայկական ասոցիացիան և «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիան բաց նամակ են հղել Կենտրոնական բանկին, էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը՝ կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել դրամի արժևորումը կանխելու համար: Ի՞նչ պատասխան եք ակնկալում, ու արդյո՞ք արդեն արձագանքներ եղե՞լ են գերատեսչությունների կողմից:

– Դեռ արձագանք չկա: Երեկ ենք տարածել, իսկ այսօր շաբաթ է: Ակնկալում եմ, որ արձագանք կլինի, իսկ թե ինչպիսի՝ չեմ կարող ասել, բայց պատասխան ամեն դեպքում ակնկալում եմ, որովհետև գործարարության իրենց ոլորտները կենտրոնացնող ամենամեծ կազմակերպություններն են միավորվել: Եթե չարձագանքեն՝ կնշանակի, որ հաշվի չեն առնում ոլորտի հիմնական խաղացողներին, իսկ դա արդեն ժողովրդավարական հարաբերություն չի լինի ոլորտի ու իշխանությունների միջև: Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի:

– Մինչ այս ձեր մտահոգություններով, առկա խնդիրների մասով պատկան մարմիններին դիմե՞լ եք:

– Այս հարցով՝ չէ:

– Դրամի ու դոլարի փոխարժեքով պայմանավորված՝ ի՞նչ խնդիրների առաջ և ո՞ր ոլորտներն են կանգնած: Կարո՞ղ էին պատկան մարմիններն այնպես անել, որ իրավիճակն այդքան չբարդանար:

– Իհարկե կարող էին ու հիմա էլ կարող են: Խնդիրներն այնքան բազմավեկտոր են, որ գրեթե չկա մի ոլորտ, որին արտարժույթի փոխարժեքի այս տատանումները չհարվածեն: Ամենատեսանելին արտահանման ոլորտն է. պայմանական պահածո արտահանող ընկերությունը, որը նախկինում արտահանում էր 10 դոլարով, որն արժեր պայմանականորեն 5000 դրամ, հիմա արժի 4000 դրամ, հետևաբար այդ ընկերության ապրանքի ինքնարժեքը, ենթադրենք՝ 4200 էր, ինքը վաճառում էր 5000-ով, հիմա արդեն վաճառում է ինքնարժեքից ցածր գնով: Հետևաբար, ի՞նչ պետք է անի գյուղատնտեսական ապրանք արտահանողը՝ բարձրացնի գները ու կորցնի շուկան, երկրորդ՝ գյուղացուց, որ ապրանք է մթերում, ավելի մատչելի գնով առնի, եթե մթերում էր 150 դրամով, հիմա կմթերի 100 դրամով, որ կարողանա ինքնարժեքը պահել ու շուկան պահպանել: Ստացվում է, որ 1.5 մլն գյուղացի, որ հիմա գյուղատնտեսական ապրանք են արտադրում, ստիպված են ավելի էժան վաճառել իրենց արտադրանքը, այսինքն՝ տուժում է 1.5 մլն մարդ:

Միջազգային բեռնափոխադրողները ևս տուժում են. բոլոր հաշվարկներն արված են դոլար-դրամ հարաբերակցությամբ, հիմա ստիպված են գները բարձրացնել, արդյունքում՝ լոգիստիկան թանկանում է, միջազգային բեռնափոխադրում իրականացնող ընկերությունները դուրս են մնում մրցակցությունից և այլն:

Հաջորդ ամենակարևոր ու ռիսկային ոլորտը Այ Թի-ն է, որտեղ ևս շատ ծանր իրավիճակ է տիրում, որովհետև իրենք աշխատավարձը վճարում են դրամով, իսկ գումարի մուտքը դոլարով է լինում: Փաստացի, իրենց մոտ հիմա 20%-ով ավելի քիչ գումար է սկսել մուտք գործել: Ի՞նչ պետք է անեն այդ ընկերությունները, կա՛մ պետք է իրենց գները բարձրացնեն, իսկ եթե գներն այսօր 20%-ով բարձրացնեն, այն կհավասարվի եվրոպական Այ Թի ոլորտի գներին, հետևաբար Հայաստանն արդեն կկորցնի իր գրավչությունը, այսինքն՝ Հայաստանը դուրս կմղվի ՏՏ ոլորտի մրցակցային դաշտից, իսկ այս ոլորտը մեր ամենաահռելի ու լավ զարգացող ոլորտն է: Այս պահին օրինակ գիտեմ, որ 600-700-հոգանոց ընկերությունը մինչև տարեվերջ պատրաստվում էր 1000-հոգանոց դառնալ, հիմա բոլոր ծրագրերը սառեցրել է: 

Փոքր ու միջին բիզնեսի ահռելի շերտ, որը զբաղվում է արտահանմամբ, ևս փաստի առաջ է կանգնել: Նկատի պետք է ունենալ, որ երբ դրամի փոխարժեքն իջնում է, տուժում են ներկրողները, իսկ դրամի արժևորման դեպքում՝ արտահանողները, իսկ տնտեսության համար շատ ավելի կարևոր են վերջինները, քանի որ եթե նրանք տուժեցին, ապա ժամանակի ընթացքում տնտեսությունը դեֆոլտի է հասնելու: 

Ինձ համար անտրամաբանական ու տարօրինակ է, երբ Կենտրոնական բանկից մեկնաբանություն են անում, թե տնտեսության որոշ ոլորտներ տուժել են, որոշ ոլորտներ՝ չէ, ու հավասարության նշան է դրվում ներկրողի ու արտահանողի միջև, դա անգրագիտության գագաթնակետն է: Ինչպե՞ս կարելի է ներկրողին ու արտահանողին հավասար հարթության վրա դնել ու ասել՝ այսինչ ոլորտը տուժել է, այնինչը՝ չէ, որովհետև արտահանողի ստեղծած արժեքն ու դրա դերը մի քանի անգամ բարձր են տնտեսության մեջ, քան՝ ներկրողինը:

– Պարո՛ն Միրաքյան, սովորական քաղաքացին այս ամենի հետևանքները, փաստորեն, զգալու է թանկացումների՞ միջոցով:

– Իհարկե զգալու է, սակայն բացի թանկացումներից, կոնկրետ օրինակ գիտեմ, որ վիսկի արտադրող ընկերությունը, որն ունի 150 աշխատող, մտածում է փակել ընկերությունը, քանի որ -10%-ով է այսօր վաճառք իրականացնում: Որոշ ընկերություններ, հնարավոր է՝ այդպիսի կտրուկ քայլերի չդիմեն, բայց տնտեսությունն այս վիճակով չի կարող զարգանալ, տնտեսությանը մեծ հարված է հասցվում: 

– Պատկան մարմիններն ի՞նչ կարող էին անել, որ տնտեսությունն այս վիճակին չհասներ, ասացիք՝ կարող էին միջոցներ ձեռնարկել:

– Ամենապարզ լուծումները երկուսն են. մեկը, որ ավելի շատ դրամ մտցնեն տնտեսության մեջ, որ դրամը չարժևորվի, բայց դա չեն անում, որովհետև դա կբերի ինֆլյացիայի՝ գների բարձրացման, իսկ դա արդեն քաղաքական դաշտ է տեղափոխվում, ու ստացվում է, որ քաղաքական նկատառումներով հարվածի տակ են դնում տնտեսությունը: 

Երկրորդ տարբերակը, որն ավելի հարմար է ու ոչ այդքան ռիսկային, արտահանողներին քեշբեք (հետվճար) տրամադրելն է, ուղղակի այստեղ պետք է ավելի լավ հասկանալ, ընդհանրացնել ոլորտները: Այս պահի դրությամբ հիմնական լուծումները սրանք են:

– Փոխարժեքի տատանումները նաև ներդրումային ոլորտի վրա՞ են ազդում:

– Իհարկե: Եթե նախկինում ներդնում էին 10 մլն դոլար ու կառուցում իքս հյուրանոցը, հիմա այդ նույն հյուրանոցը կառուցելու համար պետք է 12 մլն դոլար ներդնեն, որովհետև դրամը 20%-ով արժևորվել է: Այսինքն՝ մեր երկիրը 20%-ով պակաս գրավիչ է դարձել ներդրումների առումով:

– Եթե ձեր կոչին արձագանքեն, ու դրամը տարեսկզբյան փոխարժեքին մոտ վերականգնվի, հնարավոր կլինի՞ կրած վնասները որոշ չափով հետ բերել, թե՞ սա միայն հնարավորություն կտա հետագա վնասներից խուսափել, պարո՛ն Միրաքյան:

– Չէ՛, կրած վնասները չեն վերականգնվի, բայց հետագայի համար գոնե ինչ-որ կանխատեսելիություն ու կայունություն կլինեն: Զբոսաշրջության ոլորտին ևս հարվածում է, այնքան շատ են տուժած ոլորտները, որ չեմ էլ հասցնի բոլորը թվել: Բազմաթիվ ոլորտներ են տուժել ու տուժում, ապշում եմ՝ ինչպե՞ս կարելի է մինչև հիմա քայլեր չձեռնարկել, նույնիսկ անհասկանալի մեկնաբանություններ անել, օրինակ՝ ԿԲ նախագահն ասել էր, որ արտահանողները պետք է ավելի ունիկալ դառնան, մանկապարտեզային տրամաբանությանը բնորոշ մեկնաբանություն:

– Հաշվի առնելով այս ամենը, այնուամենայնիվ, հույսեր ունե՞ք, որ ինչ-որ քայլեր կարվեն վիճակը շտկելու համար:

– Այս պահին եթե խոսենք ԿԲ-ի մասին, իրենց մեկնաբանություններից հասկացվում է, որ թքած ունեն, մենք մեր գլխի ճարը պետք է տեսնենք: Չեմ կարող ասել, մի փոքր էլ որ ակտիվացնենք մեր քայլերը, պարզ կլինի՝ կմնա՞ն իրենց դիրքորոշմանը, թե՞ կփոխեն դիրքորոշումը: Բայց իրավիճակի շտկման համար պետական որոշում է անհրաժեշտ, մասնավոր հատվածը չի կարող որևէ լուծում տալ, միայն կարող է խնդիրը բարձրաձայնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am