Այս պահին շատ ավելի հավանական է ռազմական առճակատումն Արցախի տարածքում, քան՝ Հայաստանի. Արմեն Պետրոսյան

Լուսնակարը՝ Factor.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, ամերիկյան հետախուզական ծառայությունն իր սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցում հնարավոր է համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարճատև զինված առճակատումը։ Նման առճակատման հիմքեր իսկապե՞ս առկա են։

– Միանշանակ է, որ կա նման վտանգ ու բավականաչափ բարձր մակարդակի, հատկապես՝ Արցախի դեմ։ Առճակատման հավանականությունն արդեն իսկ պարզ էր, երբ Լաչինի միջանցքի արգելափակման գործընթացը հատեց թույլատրելի սահմանները, ու դրան գումարվեց այն, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է չկատարել Հաագայի դատարանի որոշումը։ Սա խոսում է այն մասին, որ Արցախի հարցի հետ կապված կարծես թե լուռ փոխհամաձայնություն կա միջազգային հանրության ու Ադրբեջանի միջև։ 

Եթե հումանիտար բնույթի խնդիրը մեծ հաշվով չի կարգավորվում ու անգամ միջազգային իրավակարգի ամենաազդու գործիքակազմի գործարկման պայմաններում, նշանակում է, որ հիմնական ազդեցիկ դերակատարների կողմից որոշակի ըմբռնում կա Արցախի հետ կապված։ 

Մեծ հաշվով, երևի թե ընդունելի է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու տարբերակը, և Ադրբեջանի կողմից այդ նպատակի իրացմանն ուղղված և՛ քաղաքական, և՛ ռազմական քայլերը ևս կարող են ընդունելի լինել միջազգային հիմնական դերակատարների համար։ 

Ադրբեջանում էլ գիտակցում են, որ միջազգային մի շարք դերակատարների համար ևս ընդունելի է, որ արցախյան հիմնախնդիրն արագ լուծվի, որպեսզի օրակարգում լինի ռուսական զորակազմի դուրսբերումն Արցախից, ինչը կնպաստի Ռուսաստանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում։ 

Հետևաբար, այս ամենի համապատկերում, այո՛, կանխատեսելի է, որ սահմանափակ գործողություն կարող է իրականացվել, որը կակտիվացնի Արցախի հիմնախնդրի լուծման հետ կապված քաղաքական գործընթացը, բայց, ցավոք սրտի, հենց ադրբեջանական սցենարով, որովհետև և՛ Արցախը, և՛Հայաստանը բավարար ռազմական ներուժ չունեն հակազդելու Ադրբեջանի գործողություններին։ 

– Դիվանագիտական ճանապարհո՞վ էլ Հայաստանը հակազդեցության որևէ հնարավորություն չունի։

– Երեք ամիս է՝ փորձ է արվում դիվանագիտական ճանապարհով հումանիտար խնդիր լուծել ու չի հաջողվում, եթե հումանիտար խնդիրը չի հաջողվում լուծել, ապա չեմ կարծում, թե մյուս հարցերում հնարավոր կլինի ինչ-որ բան անել։ 

Եթե սկսվի ռազմական էսկալացիա, ապա ակտիվ ջանքեր կգործադրվեն նոր ռազմական լարումը կանխելու ուղղությամբ, բայց դրանից հետո արդեն տվյալ պահի ստատուս քվոն հաշվի առնելով՝ հայկական կողմին կներկայացվեն շատ ավելի ծանր պահանջներ՝ ընդունելու այն իրավիճակը, որն ստեղծվել է ռազմի դաշտում ձևավորված արդյունքներով։ 

– Այսինքն՝ ստացվում է, որ միջնորդ կողմերը, որոնք փորձում են կարգավորման հասնել հայ-ադրբեջանական հարաբերություններում, հետապնդում են ոչ այնքան իսկապես խնդրի կարգավորման նպատակ, այլ, ըստ էության, գործ ունենք Արևմուտք-Ռուսաստան բախման հե՞տ, որովհետև ձեր խոսքում նշեցիք, որ միջազգային խաղացողները ուզում են արցախյան խնդիրը հնարավորինս շուտ կարգավորվի, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից։

– Միանշանակ։ Արևմուտքի նպատակն այս տարածաշրջանում խաղաղության արագ ապահովումն է, որպեսզի դրա միջոցով լուծվի նաև Ռուսաստանի ազդեցության հարցը, քանի որ արևմտյան բոլոր տեսությունները հիմնված են այն կանխադրույթի վրա, որ Ռուսաստանը կարողանում է իր ազդեցությունն ապահովել տարբեր հիմնախնդիրների առկայությամբ ու դրանց կարգավորման վրա ազդեցություն ունենալու եղանակով։ 

Արևմուտքում կարծում են, որ եթե մեր տարածաշրջանում լուծվի ամենաարյունալի ու ամենալուրջ՝ Հայաստան-Ադրբեջան հիմնախնդիրը, ապա տարածաշրջանում տևական խաղաղություն կլինի, ու Ռուսաստանի ազդեցությունն էլ կթուլանա։ Տվյալ պարագայում արագ խաղաղության հասնել հնարավոր է կողմերից մեկի պարտությամբ, իսկ այդ կողմը 2020-ից հետո հայկական կողմն է։ 

– Ձեր դիտարկմամբ՝ այդ ռազմական բախումը միայն Արցախի՞, թե՞ նաև Հայաստանի դեմ էլ է լինելու։

– Այս պահին շատ ավելի հավանական է ռազմական առճակատումն Արցախի տարածքում, որովհետև Հայաստանի դեմ նոր ռազմական արկածախնդրությունը շատ ավելի բարդ ու խնդրահարույց կարող է լինել Ադրբեջանի համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ է, ՄԱԿ-ի անդամ պետություն է, ու այսօր միայնակ մնացած Ադրբեջանի համար բարդ կլինի հիմնավորել այդ հարձակումը, որովհետև Թուրքիան հիմա իր ներքաղաքական խնդիրների լուծմամբ է զբաղված։ Գոնե կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի նկատմամբ նոր էսկալացիայի հավանականությունն այնքան էլ մեծ չէ, ինչը չի կարելի ասել Արցախի մասին։

– Պարո՛ն Պետրոսյան, բայց Արցախում հնարավոր ռազմական հարձակումը չի՞ ենթադրում ուղիղ առճակատում հենց Ռուսաստանի հետ, որովհետև այնտեղ ռուս խաղաղապահներն են տեղակայված։

– Դժվար է կանխատեսել, թե Ռուսաստանն իրեն ինչպես կդրսևորի, եթե նման բախում տեղի ունենա, բայց հաշվի առնելով Ռուսաստանի ու Ադրբեջանի բավականաչափ սերտ հարաբերությունների իրողությունը և համակողմանի համագործակցության առկայությունը, շահերի ներդաշնակումը, չի բացառվում, որ կողմերը գնան ինչ-որ գործարքի և որոշակի պայմանավորվածությամբ՝ ավելի հեշտացնելով Ադրբեջանի կողմից Արցախի խնդրի լուծումը։ 

Պետք է հասկանաք, որ այս պահին Ադրբեջանի իշխանության համար ամենակարևոր խնդիրը արցախյան հիմնախնդիրը լիովին լուծելն է։ Իսկ դրան հասնելու համար կանխատեսելի է, որ Ադրբեջանը Ռուսաստանին կվճարի ցանկացած գին, որպեսզի նոր էսկալացիայի ու լուծման պարտադրումը հնարավորինս նվազ խնդրահարույց լինի նաև Ռուսաստանի համար։ 

– Այսինքն՝ Ռուսաստանը պատրա՞ստ է իր խաղաղապահներին դուրս բերելու Արցախից՝ հանուն Ադրբեջանի վճարած «ցանկացած գնի»։

– Այո՛, ինձ թվում է, որ Ռուսաստանը պատրաստ է սակարկության այս հարցում Ադրբեջանի հետ, և Ադրբեջանն էլ պատրաստ է վճարելու այն գինը, որը կպահանջի Ռուսաստանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am