Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների վրա․ կա զոհ և վիրավորներ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից մոտ 25-30 կմ հարավ-արևմուտք գտնվող Իվելին դեպարտամենտում տղամարդը մեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը նախ կրակել է Տրապ քաղաքի ավտոբուսի կանգառի, այնուհետև՝ հանրային այգու և բենզալցակայանի մոտ։

Դրանից հետո նա տեղափոխվել է հարևան Լա Վերիեր քաղաք, որտեղ դեղատան մոտ վիրավորել է երեք մարդու, այդ թվում՝ 12-ամյա աղջկա։

BFMTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ կասկածյալը 39-ամյա տղամարդ է, որը միջադեպից հետո ձերբակալվել է Կուանիեր քաղաքում։

Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը սպանության գործով հետաքննություն է սկսել՝ դիտարկելով ահաբեկչական շարժառիթի վարկածը։

Որպես հնարավոր ծանրացուցիչ հանգամանք՝ քննությունը դիտարկում է տուժածների իրական կամ ենթադրյալ էթնիկ, ազգային կամ կրոնական պատկանելությամբ պայմանավորված հանցագործության վարկածը։