«Ռուսաստանին մշտապես ձեռնտու է եղել թույլ, իրենից կախվածության մեջ եղած, փալասի վերածված Հայաստան». քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյան

«Ռուսաստանին մշտապես ձեռնտու է եղել թույլ, իրենից կախվածության մեջ եղած, փալասի վերածված Հայաստան». քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյան
«Ռուսաստանին մշտապես ձեռնտու է եղել թույլ, իրենից կախվածության մեջ եղած, փալասի վերածված Հայաստան». քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

– Պարո՛ն Մեհրաբյան, Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրմանն այս անգամ Ռուսաստանը չխոչընդոտեց, ինչո՞ւ:

– Հարցի պատասխանն ունի մի քանի հարթություն: Ես կնշեմ նախ իրավաբանական հարթությունը. այս համաձայնագիրն այնպես կազմվեց, որ որևէ իրավական խնդիր չստեղծվի կապված Հայաստանի պարտավորությունների հետ` այսպես կոչված Եվրասիական տնտեսական միությունում: Այդ հարթության մեջ գոնե առարկելու տեղ չմնաց: Երկրորդ` քանի որ չորս տարի առաջ Ռուսաստանն իր այսրոպեական շահերը սպասարկելու համար ուղղակի փուռը տվեց իր դաշնակցին, ինչն էապես փչացրեց Հայաստանի իմիջը և դիրքերը միջազգային հարաբերությունների համակարգում, պարզ է, որ երկրորդ անգամ նման բան Հայաստանը չէր հանդուրժի: Եվ արդեն խնդիր կդրվեր ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների ողջ համալիրի վերաբերյալ: Այսինքն՝ Ռուսաստանին այդ քայլից հետո մնում էր միայն Ղրիմի պես բռնազավթել Հայաստանը: Երրորդ գործոնն այն է, որ, ի վերջո, 2013 և 2017 թվականների Ռուսաստանը նույն Ռուսաստանը չէ: Այն ժամանակ Ռուսաստանը G8-ի անդամ էր, լիովին ընդգրկված էր միջազգային հարաբերությունների համակարգում, ակտիվորեն մասնակցում էր միջազգային գործընթացներին՝ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ: Ներկայումս Ռուսաստանը գտնվում է պատժամիջոցների ներքո, այդ երկրի տնտեսական ու քաղաքական ապագան մեծ հարցականի տակ է, Ռուսաստանի ներկայիս իշխանության դիրքերը նույնը չեն:

Բացի այդ, Ռուսաստանն այսօր համարվում է միջազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը: Շատ էլ թե այդ թեման դիվանագիտորեն շրջանցվում է, ինչպես բրյուսելյան գագաթնաժողովում եղավ, բայց, այնուամենայնիվ, այն ընկալումը կա, որ ի դեմս Ռուսաստանի գործ ունեն հրեշի հետ: Այո՛, սա չարիքի կայսրություն է, որին այժմ արդեն սկսել են մեկուսացնել: Եվ եթե այն ժամանակ Ռուսաստանը փորձում էր աշխարհին բարձել սեփական տեսլականներով, ապա ներկայումս խնդիր է հետապնդում իր վրայից թոթափելու այդ ծանրագույն պատժամիջոցների բեռը: Եվ Հայաստանի հետ կապված Ռուսաստանը հույս ունի, որ այստեղ կարող է երկխոսության հարթակի պես մի բան ձևավորել՝ իր հարաբերություններն աշխարհի հետ ինչ-որ տեղ մեղմելու համար: Սա էլ երրորդ գործոնն էր, որը նույնպես բարենպաստ էր, որպեսզի Հայաստանը կարողանար խուսանավել և անել այն, ինչ արեց:

– Իսկ հնարավո՞ր է, որ հետագայում Ռուսաստանը փորձի խոչընդոտել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը:

– Պետք է փաստենք հետևյալը. որքան էլ Ռուսաստանն առարկություն չունի այս համաձայնագրի հետ կապված, բայց ռուսական պրոպագանդան չի լռել և շարունակում է դատափետել Հայաստանը: Նույնիսկ Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչներն են գալիս Հայաստան և ասում, որ կողմնակից են «և՛-և՛»-ի քաղաքականությանը, բայց մենք տեսնում ենք, որ վայրահաչոցը չի դադարել ու չի էլ դադարելու:

– Ինչո՞ւ, որովհետև մտածում են Հայաստանը Ռուսաստանի սեփականությո՞ւնն է:

– Այո՛, սա հենց բնազդով է պայմանավորված, կայսերական կամ նեոկայսերական բնազդներով:

– Իսկ իշխանության մակարդակով խոչընդոտներ կլինե՞ն:

– Իշխանության մակարդակով կլինի՞, թե՞ ոչ` պայմանավորված կլինի այդ պահին առկա գործոնների հանրագումարով: Եթե նժարը թեքվի այն կողմը, որ Ռուսաստանը համարի, որ միջամտելն ու խոչընդոտելն իրեն մոտեցնելու են իր պատկերացումների իրագործմանը, նա առանց մեկ րոպե մտածելու կխոչընդոտի, ինչպես միշտ արել է: Ռուսաստանի համար կոպեկի արժեք չունեն ստորագրված փաստաթղթերը: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանը ստորագրել է մի բան, բայց ինչ-որ բան դուրը չի եկել, հետո մի պատճառ գտնում են: Հազար ու մի պատճառ կարող է գտնել Ռուսաստանը, թե ինչո՛ւ պետք է թղթի վրա գրվածը չանել: Ռուսաստանին մշտապես ձեռնտու է եղել թույլ, իրենից կախվածության մեջ եղած, փալասի վերածված Հայաստան, որին կարող է իր համար անհրաժեշտ պահին օգտագործել իր տարածաշրջանային խաղերի համար: Ուրիշ բան Ռուսաստանին պետք չի եղել, պետք չէ և չի էլ լինելու: Ռուսաստանի այս պահի արհեստական ժպիտներին ու նրբանկատությանը չպետք է խաբվել և կորցնել զգոնությունը: Գիտակցության որևէ տրանսֆորմացիա այդ երկրում տեղի չի ունեցել:

– Ռուսաստանի Առաջին ալիքով հայերին ու Հայաստանը վատաբանելու միտում է նկատվում: Ռուս հաղորդավարը Արցախն ադրբեջանական տարածք է համարում, հայերին՝ թշնամի, սա պետական քարոզչության մի մա՞ս է:

– Այդ լրագրող կոչվածը նույնիսկ իր սառնարանի դուռը չի բացում առանց Կրեմլի թույլտվության կամ Կրեմլի հետ համաձայնեցնելու: Այդ, այսպես կոչված, լրագրողների կամ փորձագետների բանդան նախատեսված է նրա համար, որ բարձրաձայնի այն ամենը, ինչը Կրեմլը պաշտոնական մակարդակով կամաչի կամ հարմար չի գտնի բարձրաձայնել: Եվ այս երկդիմի խաղը Ռուսաստանի ֆիրմային ոճն է, սա ընդամենը դրա դրսևորումներից մեկն է: Այո՛, ասել են, ասում են և կասեն, ցանկացած թեմայով մեզ քննադատելու են, մեղադրելու են դավաճանության մեջ, պետք է պատրաստ լինենք դրան:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am