​Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման. Մակրոնը՝ Խաչատուրյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

«Թանկագի՛ն (ավելացված է ձեռագիր) պարոն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ հղում եմ Ձեզ, ինչպես նաև բարեկամ հայ ժողովրդին, խաղաղության, երջանկության և բարգավաճման բարեմաղթանքներս։

Մեր երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր։ Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր ոլորտներում, մասնավորապես, նկատի ունեմ մեր կողմից ընդունված երկկողմ տնտեսական ճանապարհային քարտեզը և մարտի 9-ին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» միջոցառումը, որը միավորեց տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը և տնտեսական դերակատարներին՝ մշակելու նոր նախագծեր։ Ավելին, գիտեք՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։

​Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման։ Ֆրանսիան վճռականորեն օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը։ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջև երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում։ Այս առումով կարող եք ապավինել իմ անձնական հանձնառությանը՝ ի շահ մեր ժողովուրդների։

​Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, խորին հարգանացս հավաստիքը:

​Շնորհավորանքներս և հարգանքով՝ (ավելացված է ձեռագիր)

Էմանուել Մակրոն

Նորին գերազանցություն պարոն Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ»,- նշված է ուղերձում։