Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական նոր զինված բախում է կանխատեսում․ «Ազատություն»

«Ազատություն» – Միացյալ Նահանգները հայ-ադրբեջանական նոր զինված բախում է կանխատեսում։ Նախօրեին ամերիկյան հետախուզական ծառայությունն իր սպառնալիքների գնահատման տարեկան զեկույցում հնարավոր է համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարճատև զինված առճակատումը։

Երեկ էլ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը, ստեղծված իրավիճակը որակելով «զգայուն», ասել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները չափազանց մոտ են բռնության վերաճելու։

«Դա մի իրավիճակ է, որը չափազանց մոտ է բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում։ Դա ձգձգվող հակամարտություն է, որի լուծմանը Միացյալ Նահանգները ցանկանում է ամեն ինչով աջակցել: ԱՄՆ-ն կշարունակի երկկողմ աշխատանքը երկրների հետ, եռակողմ աշխատանքի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ աջակցելով երկխոսության ու դիվանագիտության նրանց ջանքերին, նաև բոլոր համապատասխան մեխանիզմների միջոցով օգնելով այդ երկրներին ինքնուրույն դիվանագիտություն վարել և հասնել համաձայնությունների, որոնց, հույս ունենք, նրանք կհասնեն», – ասել է նա։

Հայ-ադրբեջանական լարվածության պահպանումը ամերիկյան հետախուզությունը խաղաղության պայմանագրի բացակայությամբ էր բացատրել, սահմանին երկու երկրների զինված ուժերի չափազանց մոտ լինելով, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությամբ, ինչպես նաև Հայաստանի հետ բանակցություններում ռազմական ճնշումներից չհրաժարվելու՝ Ադրբեջանի վարքագծով. «Խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց գրանցվել է, սակայն ամենախնդրահարույց հարցերն, ինչպիսիք են պետական սահմանների և Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցը, հեռու են լուծվելուց»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։