Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. Հետք

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ:Այս մասին գրում է Հետքը:

Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:

Մամուլը, ԱՆԻՖ-ն ու ԿԿՀ-ն տարակարծիք են

Փոխքաղաքապետի ու ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումը տարակուսանք էր առաջացրել հայկական մամուլում նախորդ տարվա աշնանը: Դրանից հետո ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելու վերաբերյալ:

Տիգրան Ավինյանը Երեւանի փոխքաղաքապետ դառնալուց հետո մնացել է ԱՆԻՖ-ում. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել

Մինչեւ ԿԿՀ-ն վարույթ կհարուցեր, մամուլի հրապարակումներին արձագանքել էր ԱՆԻՖ-ը՝ հայտարարելով, թե Ավինյանի կողմից երկու պաշտոնների համատեղումն օրենսդրության սահմաններում է, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «հանրային պաշտոն զբաղեցնող անձը (այս դեպքում՝ փոխքաղաքապետ Տ. Ավինյանը – «Հետք») կարող է ընդգրկվել 50 եւ ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ՝ առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու»։ Այս առումով ԱՆԻՖ-ը նշել էր, որ ինքը 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություն է, իսկ տնօրենների խորհրդի նախագահ Ավինյանը վարձատրություն չի ստանում:

Սակայն ամենակարեւոր հանգամանքն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջով՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը կարող է ընդգրկվել նույն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակի կապ ունի նրա պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ: Երբ 2018-2021 թթ. Տ. Ավինյանը փոխվարչապետ էր, ըստ էության, հակասություն չկար նրա այս պաշտոնի ու ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելու միջեւ, քանի որ որպես փոխվարչապետ նա համակարգում էր այն ոլորտը, որում գործում է ԱՆԻՖ-ը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: