Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը էներգետիկի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է.
«Հարգելի՛ էներգետիկներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ:
ԽՍՀՄ անկումից հետո Հայաստանի էներգետիկ համակարգը լուրջ խնդիրներ ունեցավ՝ անցնելով փոխակերպումների մեծ շրջափուլ: Տարիներ ի վեր ոլորտում առկա դժվարություններին բախվել են առաջին հերթին մասնագետները, ովքեր պետք է պատվով և պատասխանատվությամբ լուծեին դրանք՝ կատարելով իրենց գործը և ապահովելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:
Ներկայումս անգնահատելի է էներգետիկայի դերը յուրաքանչյուր պետության տնտեսության զարգացման գործում: Հայաստանն այս առումով բացառություն չէ, որը ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ համակարգը՝ ելակետում ունենալով էներգետիկ անվտանգության և կայունության երաշխավորումը, էներգիայի այլընտրանքային աղբյուրների բացահայտումն ու կիրառումը:
Այս գործում անփոխարինելի է էներգետիկների դերակատարությունը, մասնագիտական ներուժի առավել արդյունավետ օգտագործումը մեր պետության՝ այդ կարևորագույն բնագավառի զարգացման հարցում:
Վերստին շնորհավորում եմ բոլոր էներգետիկներին՝ մաղթելով անսպառ ուժ և եռանդ, որպեսզի միահամուռ աշխատանքով լծվենք նոր խնդիրների լուծման և ծրագրերի իրականացման հանրօգուտ գործին»: