Ատեստավորումից երկու անգամ կտրված ուսուցչի դիմորդները բարձր գնահատականներով ընդունվում են բուհեր. Սոֆյա Հովսեփյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սոֆյա Հովսեփյանը

 -«Մենք դպրոցներում պրոբլեմներ ունենք։ Մինչև այսօր մեր դպրոցներում տնօրեններ և ուսուցիչներ կան, որոնք այնպիսի գաղափարներ են դասավանդում, տգիտություն են դասավանդում։ Լավ է, որ այս թեման կա։ Ես ընտրություններից հետո նախարարի առաջ խնդիր եմ դրել, ասել եմ, որ այդ ամբողջ մասսային պետք է դուրս հանել դպրոցներից։ Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից, իսկ նրանք տասնյակներով են»,- ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով աշակերտների առաջադիմությանը վերաբերող PISA միջազգային հետազոտության արդյունքներին: Նախարար Ժաննա Անդրեասյանն էլ այս ցուցանիշը հիմնավորում է այն հանգամանքով, որ դպրոցներում դեռ հին չափորոշիչներով են սովորում: Տիկի՛ն Հովսեփյան, համակարծի՞ք եք նախարարի ու վարչապետի հիմնավորումներին:

– Եթե հիմա ինչ-որ մեկն ասի, որ պետք է հեռացվեն տգետ վարչապետը, տգետ նախարարը, նույն Նիկոլ Փաշինյանը դատի կտա այդ անձին, դրամական փոխհատուցում կպահանջի և այլն: Երբ երկրի ղեկավարը, կառավարության առաջին դեմքերը խոսում են նման բառապաշարով, խնդիրը տեսնում են հին հանրակրթական ծրագրերի մեջ, հարց է ծագում. նույն Ժաննա Անդրեասյանը, Նիկոլ Փաշինյանը չե՞ն սովորել այդ հանրակրթական դպրոցներում, այսօրվա կառավարության անդամները այդ նույն համակարգո՞ւմ չեն կրթություն ստացել: Հիմա՝ իրենք այդ բացառիկնե՞րն էին, որ հասան այդտեղ, թե՞ իրենք այդ անկիրթ ուսուցիչների անկիրթ կադրերն են: 

Երբ ոլորտից անտեղյակ մարդիկ մշակում են ատեստավորման կարգ, նյութ, հաշվի չառնելով մի շարք հանգամանքներ, օրինակ՝ այն, որ ավագ դպրոցի ծրագիրը բացարձակապես կապ չունի հանրակրթական հիմնական (միջին) դպրոցի հետ, դրանք, այո՛, մեկը մյուսին լրացնում են, բայց վեցերորդ կամ յոթերորդ դասարանի ուսուցչի վրա դրված չէ, որ նա ծանոթանա ավագ դպրոցի դասագրքերին ու բովանդակությանը, բայց դու դնում ես ատեստավորում նույն մակարդակում: Ա՛յ եթե նախարարությունը մոնիթորինգ աներ ու ապացուցեր, որ, օրինակ՝ հիմնական դպրոցի ուսուցիչը չի հաղթահարել հիմնական դպրոցի դասագրքում գրվածը, այդ դեպքում պետք է բոլոր ուսուցիչներին ազատել, բայց եթե դու մոնիթորինգ չես անցկացրել ու բոլորին հավասար որակում ես տգետ, ապա դա շատ ճիշտ գնահատական է քեզ ընտրողին: 

Ասում ես՝ տգետ տնօրեններ, 2025-ի դրությամբ Հայաստանում 200-ից ավելի դպրոցներ ու միջին մասնագիտական հաստատություններ պաշտոնակատարների հույսին են: Պատվերով տնօրեններ եք սարքում ու սարքում եք այդ տնօրեններին, որովհետև այդ տնօրենների 90 տոկոսը «Հանրակրթության մասին» օրենքը հանձնում է թեստերով, որից հետո գալիս են ձեզ մոտ հարցազրույցի, որտեղ հարցազրույցը բացարձակ չի պարզաբանում, օրինակ՝ ներքին կարգի մասին այս մարդը շատ բաներ գիտի՞, թե՞ չէ: 

Մեկին նշանակում եք տնօրեն, որովհետև ձեր ծանոթն է, կամ նրա համար դիմել է ձեր ծանոթը, իսկ մյուսին կտրում եք, որովհետև նրա համար ձեզ չեն ասել: Այսպես բազմաթիվ դպրոցներում է, մեծ մասում էլ պաշտոնակատարներն են, որոնք բոլորը ձեր սրտի ուսուցիչներն են, հիմա ինչի՞ց եք բողոքում: Պլյուս սրան, դու ինքդ օրինակ ես ծառայում, թե տնօրենն ինչպես խոսի ուսուցչի հետ, ասի՝ վարչապետն ասում է, դու ատեստավորում չես անցել, տգետ ես, գնա: 

– Բայց ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին համատարած հեռացնելը ճի՞շտ մոտեցում է:

– Դա ոչ միայն ճիշտ մոտեցում չէ, այլ նաև՝ ընդունելի չէ: Դպրոցներ մտցրել են արհեստական բանականությունը, քավ լիցի, ոչ մեկը չի ասում, որ դպրոցը չպետք է ժամանակին համընթաց քայլի, բայց դու քո ուսուցչին խորքային վերապատրաստման ուղարկե՞լ ես, թե՞ ոչ: Եթե 50 ուսուցչի սովորեցրել ես, ապա դա չի նշանակում 20 հազար ուսուցիչ: Եթե խոսում են գրել-կարդալու դժվարության ու այլնի մասին, մի հատ նայեք այս նոր չափորոշիչները, որ մտցրել են 2021 թվականից, երեխաներն արդեն անցնում են նոր չափորոշիչներով, պետք է, չէ՞, այդ հարցը շտկվեր: Շտկվե՞լ է, մոնիթորինգ արե՞լ եք, թե՞ հիմա էլ կասեք՝ մենք մտցրել ենք, բայց անցնում են հնով: Եթե սա եք ասում՝ ուրեմն դուք վատ կառավարիչ եք, նոր չափորոշիչներով դասագրքեր մի շարք առարկաներից դեռ չկան, որևէ մեկն այս մասին ասո՞ւմ է: Տնօրենն է խոսում, ուսուցիչը, բայց թաքուն, որևէ մեկն այս մասին չի բարձրաձայնում: 

– Տիկի՛ն Հովսեփյան, ստացվում է նախարարի հիմնավորումները, թե ինչու մենք ունենք այս պատկերը, այնքա՞ն էլ իրական պատճառը չէ:

– Միանշանակ, նրանք ընդամենը փորձում են արդարացումներ տալ: Նրանք համատարած մասնագիտական մոնիթորինգ չունեն, մոնիթորինգի արդյունքում որոշակի օրինաչափություն են ձևավորում, մեկ-երկու էպիզոդիկ դեպքերը չեն կարող օրինաչափություն դառնալ: Եկել գնահատե՞լ են քո ներկայիս դպրոցի մակարդակը, չեն գնահատել, ինչպես շրջանառվում է, Աշոտյանի, Լևոն Մկրտչյանի ժամանակվա աշակերտի մակարդակը: Գոնե Արմեն Աշոտյանը 2017 թվականից նախարար չէ, 2017-ից մինչև այսօր անցել է 9 տարի, 9 տարում պետք է, չէ՞, ձեր բարեփոխումները արդյունք տային: Արայիկ Հարությունյանը, հիշում ենք, դեմ էր կրկնուսույցներին, բայց շարունակեցին թողարկել թեստերը, եթե դու շարունակում ես թեստերով տանել ամբողջ ուսուցումը, ինչպե՞ս կարող ես արգելել կրկնուսույցների գործունեությունը: 

Դու նույն սխալն արեցիր տնօրենների քննությունների մեջ, նույն սխալը պահեցիր ու ստեղծեցիր ատեստավորումների մեջ, ինչի՞ մասին ես խոսում: 

Այսօր ուսուցիչն այնքան ծանրաբեռնված է տարատեսակ գործառույթներով, որոնք նախարարությունն է սահմանել, որ ժամանակ չունի անհատական մոտեցում ցույց տալու աշակերտներին ու ուզած-չուզած թերանում է իր աշխատանքում: Միայն մեկ emis.am կայք 6 տարի է՝ չես կարողացել կարգի բերել, մինչև հիմա դպրոցները տառապում են, տիկի՛ն նախարար, տեղյա՞կ ես քո emis-ի վիճակից, էդ ինչի՞ մասին ես խոսում: Երկրորդ դասարանի երեխայի դասագրքի տեքստը կարդացե՞լ ես, տեսեք՝ դուք բովանդակություն կգտնե՞ք, այդ տարիքում այդ երեխան աբստրակտ մտածողություն ինչո՞ւ պետք է ունենա, եթե պետք է ունենա, ապա պետք է սկսել մանկապարտեզից: 

Հիմա նրանք գրքերը սարքել են տառաշարքով, ինչը չի ապահովում բովանդակություն, իսկ եթե չկա բովանդակություն, մենք շարունակ բախվելու ենք նույն խնդրին: Ուսուցիչներին ես ազատում, բայց չունես անհրաժեշտ թվով մասնագետներ, արդեն եղածին ո՞ւր ես ազատում: 

Քիմիայի ատեստավորումից երկու անգամ կտրված ուսուցչի մոտ պարապող դիմորդները մինչև այս պահը բարձր գնահատականներով ընդունվում են բժշկական համալսարան ու այլ բուհեր, բարձր միավորներով, իսկ այդ կրկնուսույցը, կրկնում եմ, երկու անգամ չի հաղթահարել ատեստավորման շեմը: Ազատելով՝ դպրոցին զրկում ես այդ մասնագետից, նա տանը պարապելով իր գումարն էլի կաշխատի: Մոնիթորինգ արե՞լ ես, թե ինչո՛ւ չեն հաղթահարում, լսե՞լ ես ուսուցիչների բողոքները, թե՞ լսել ես տիկին նախարարին ու ամրապնդում ես նրա ասածները: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am