Հանրությունը պետք է շուտ կանխի այս վտանգավոր զարգացումները, քան ինչ-որ Սահմանադրություն հանրաքվեի կդրվի Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, Արարատ Միզոյանը հաստատել է, որ ադրբեջանական կողմը խնդիր է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի հետ կապված, որին հղում է արված գործող Սահմանադրության նախաբանում, որտեղ հիշատակում կա նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։ Ձեր գնահատականն եմ խնդրում, ինչի՞ մասին է սա վկայում։

– Ադրբեջանական կողմը խնդիր է տեսնում հայկական պետության գոյության մեջ, խնդիր է տեսնում հայերի՝ այս տարածքում ապրելու մեջ ու բազմաթիվ խնդիրների շարք ունի, որոնք հերթով, կարգով ներկայացնում է հայկական կողմին: Այստեղ հարցն այն է, թե ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները դարձել այդ խնդիրների սպասարկուն, երբ իրենց գերնպատակը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է, ոչ թե Ադրբեջանի ներկայացրած ցուցակի իրագործումը։ Հարցն այստեղ ընդամենը դա է, որ այլևս ակնհայտ ու անթաքույց է, որ Հայաստանի իշխանությունները դարձել են ադրբեջանական երազանքների ցուցակի կատարողները։ 

Այս թեմաները, որ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ դրել է շատ ավելի վաղ՝ խորհրդարանի ելույթներում և այլն, այդ բոլորը թելադրվում էր Բաքվից։ 2021 թվականին Ալիևն արել է հայտարարություն, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, դրանից հետո իշխանական բազմաթիվ պատգամավորներ են դրա մասին խոսել, այսինքն՝ հստակ է, որ այդ օրակարգը Բաքվից է թելադրված, հարցն այն է, թե ինչո՞ւ են իշխանությունները որոշել այդ օրակարգը սպասարկել, ու, ի վերջո, ի՞նչ է դա բերելու Հայաստանին ու հայ ժողովրդին։ Արդյոք դա նոր պատերազմի սկիզբ չի՞ դառնալու, ինչպես եղել է նախորդ բանակցությունների ժամանակ։ 

– Բայց իշխանության ներկայացուցիչները հերքում են, թե Սահմանադրությունը փոխում են նրանց պահանջով։

– Իշխանության ներկայացուցիչները հարկադրված են դա ընդունել, որովհետև դա այդպես է։ Գոնե Արարատ Միրզոյանն այնքան ազնվություն է ցուցաբերում, որ չի ստում, իհարկե, փորձում է երեսը փրկել, ասել, որ իրենք էլ են պահանջներ ներկայացնում, բայց ի՞նչ, նրանց աշխատանքային օրենսգի՞րքն են փոխելու, թե՞ կարմիր գծերի հարցերով են միջամտելու։ 

– Ստացվում է ի՞նչ, որ Հայաստանն իսկապես այլընտրանք չունի՞ Ադրբեջանի պահանջները չկատարելու, թե՞ Հայաստանի իշխանությունն է նման քաղաքականություն որդեգրել։

– Ցավալիորեն ստացվում է, որ իշխանությունները դարձել են գործիք Բաքվի ձեռքին՝ հայ ժողովրդի ու հայկական պետության դեմ այդ նպատակներն իրագործելու ճանապարհին։ Միշտ կան լուծումներ ու այլընտրանքներ, ուրիշ բան որ չլինի, հրաժարականի ճանապարհը կա ու կա, այսինքն՝ չկատարել այդ պահանջներն ու հրաժարական ներկայացնել, եթե այլ տարբերակ չեն տեսնում։ Բայց տարբերակները շատ-շատ են, հենց երեկ նույն ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց՝ Ադրբեջանի անդամակցությունը մեկ տարով սառեցնելու վերաբերյալ։ Չեմ ասում, թե սրանով Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունեցավ, բայց հեղինակության առումով, բարոյական տիրույթում ու նաև որոշակիորեն իրավական տիրույթում, այո՛, դա քայլ էր ցույց տալու, որ Ադրբեջանի այդ արհամարհական վերաբերունքը կառույցների հանդեպ որոշակիորեն պատժի կենթարկվի։

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ նման որոշման հանգելու պատճառը ո՞րն էր, ըստ ձեզ։

– Պատճառները տարբեր են, որովհետև, իրականում, վերջին շրջանում Ադրբեջանը շատ արհամարհական է խոսում և՛ Եվրոպայի ներկայացուցիչների, և՛ կառույցների ներկայացուցիչների հետ, նույնիսկ ելույթ ուներ, որտեղ եվրոպացի պատգամավորներին բառացի կոչում էր «մանյակներ» [մոլագարներ], այսինքն՝ ակնհայտ վիրավորական ու արհամարհական բնույթի արտահայտություններ՝ ամբողջությամբ դուրս դիվանագիտական էթիկետից։ Միևնույն ժամանակ այդ նույն գործոնը աշխատել է ԱՄՆ-ի նկատմամբ։ 

Ընդհանուր առմամբ, այս քաղաքականությունը, քանի որ իրենք մտադիր չեն հեռուն գնալ, պատժամիջոցներ կիրառել, զուտ որոշել են այդ ակտն անել՝ ցույց տալու Ադրբեջանին, որ իրենք կարող են ինչ-որ գործողության գնալ, եթե Ադրբեջանը շարունակի այդ քաղաքականությունը, որովհետև այստեղ խնդիրը Հայաստանին չի վերաբերում, այստեղ խնդիրն այդ կառույցների հեղինակությանն ու միջազգային իրավունքինն է, ինչպես կարող է բռնապետ ղեկավարն ամենակեղտոտ ձևերով վիրավորել այդ մարդկանց, ու այդ ամենը հետևանք չունենա։ Խորհրդանշական քայլ էր սա, ես ձեզ վստահեցնում եմ, որ ադրբեջանական կողմը շուտով արշավ կսկսի, ասելով, որ իրենց ընդհանրապես այդ կառույցները պետք չեն և այլն։

– Կարո՞ղ ենք ասել, որ Արևմուտքը, ըստ էության, խստացնում է վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ, թե՞ միայն այս քայլը բավարար չէ նման հետևությունների համար։

– Այդ խորհրդանշական քայլով դժվար է ասել, բայց եթե Հայաստանը այսպիսի դիրքորոշում չորդեգրեր, եթե Հայաստանի իշխանությունները չդառնային ադրբեջանական օրակարգի սպասարկու, ապա շատ հարցեր կարելի էր լուծել Արևմուտքի ու այլ գործընկերների հետ աշխատանքի արդյունքում, որովհետև Բաքուն չի կարող անպատիժ առաջ գնալ, այդպես չի լինում ընդհանրապես։ Արդեն բավականին պարզ խոսում են, որ պայմանագիր չի լինելու, ինչի մասին մենք մեկ տարի առաջ կամ գուցե ավելի շուտ ասում էինք, բայց Ադրբեջանն ուզում է, որ լինի միակողմանի թուղթ, որով Հայաստանը պաշտոնապես Արցախի նկատմամբ որևէ իրավունք չի ներկայացնելու, ու հենց դրան է միտված Սահմանադրության փոփոխության պահանջը։

– Հանրությունը կողմ կքվեարկի՞ այդ նոր Սահմանադրությանը։

– Հանրությունը պետք է շատ ավելի շուտ կանխի այս վտանգավոր զարգացումները, քան ինչ-որ Սահմանադրություն հանրաքվեի կդրվի, որովհետև եթե փաստացի ապացուցվում է, որ քո իշխանությունը համագործակցում է քո հակառակորդի հետ ու կատարում նրա պահանջները, ապա այդ իշխանությունը դառնում է սպառնալիք քո պետության անվտանգությանը, ու նրա հեռացումը պետք է դառնա առաջնահերթ յուրաքանչյուրի համար, որպեսզի հետո կարողանանք մյուս մարտահրավերներին արձագանքել։ Չի կարող երկրի ներսում նստած լինել իշխանություն, որը համագործակցում է հակառակորդիդ հետ, ու դու կարողանաս այդ հակառակորդին ինչ-որ պահի կանգնեցնես։

– Այդ համգործակցության, ինչպես ասում եք՝ մղումը, շարժառիթը ձեզ համար պա՞րզ են։

– Պարզ չեն, որովհետև ես չեմ կարող հասկանալ այդ տրամաբանությունը երբևիցե, իրենք կարող է ունեն իրենց պատճառները, որոնք մի օր կպարզեն հետաքննությունն ու դատավարությունը, բայց որևէ իրավիճակում ինձ համար դա չի կարող ընկալելի լինել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am