Ալիևի ասածներին այդքան լուրջ վերաբերվել պետք չէ, դրանք կարող են հոգեբանորեն ճնշելու միջոց լինել, պետք չէ խորանալ. Հովիկ Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 

– Պարո՛ն Աղազարյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին, ի՞նչ նպատակով է իշխանությունը ցանկանում փոխել Սահմանադրությունը։

– Միարժեքորեն համաձայն եմ  վարչապետի դիրքորոշմանը, մենք գիտենք, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ստեղծվել է մի քանի տարի առաջ, գործընթացները գնում են, ու, փաստորեն, բարեփոխումներն այնքան ընդգրկուն դարձան, որ ավելի նպատակահարմար էր դա ամբողջացնել ու նոր Սահմանադրության տեսքով ներկայացնել։

– Նպատակը ո՞րն է, դա ենթադրում է նոր հանրապետության ձևավորո՞ւմ։

– Դա հո մենք չենք նստում ու որոշում, որ այսօրվանից ստեղծում ենք չորրորդ հանրապետությունը, այդպես չի լինում, որոշ ժամանակ հետո պատմաբանները, քաղաքագետները կամ այլք գտնում են, որ պատմական այդ ժամանակահատվածում փոփոխություններն այնպիսին են, որ դա կարելի է համարել նոր հանրապետության սկիզբը։ Հիմա դժվարանում եմ ասել՝ նոր Սահմանադրության ընդունմանը կարելի՞ է այդպիսի բնորոշում տալ, թե՞ չէ։

– Գործող Սահմանադրության մեջ, օրինակ՝ ի՞նչը դուր չի գալիս իշխանությանը, ի՞նչն է ուզում փոխել մասնավորապես։

– Ես իմ անունից կարող եմ ասել, որ դատաիրավական համակարգում կարելի է շատ բան փոխել, ես նույնիսկ առաջարկությունների փաթեթ եմ ներկայացրել ժամանակին, իմ հիմնական դիտարկումը եղել է դատաիրավական համակարգի հետ կապված։ 

Իհարկե, նոր Սահմանադրություն ընդունելիս շատ է կարևորվում նաև կառավարման համակարգի նկատմամբ դիրքորոշման ցուցաբերումը, բայց այս պահին, բարեբախտաբար, որովհետև ես էլ այդ գաղափարի կրողն եմ, իմ գործընկերների մոտ պառլամենտական համակարգը համարվում է մեր ժողովրդի համար ճիշտ համակարգ։ Փոփոխություններ կլինեն, ասենք, ինչ-ինչ գործառույթների վերաբաշխում և այլն, բայց  համակարգը՝ որպես այդպիսին, մնալու է, որին ես կողմ եմ ։

– Իսկ կո՞ղմ եք սուպերվարչապետական համակարգին, որն այժմ գործում է, պարո՛ն Աղազարյան։

– Չէ՛, ես սուպերլիազորություններին միշտ եմ դեմ եղել ու պետք է կարգավորել այդ ամենը ու լիազրությունների ավելի հավասարակշռված բախշում լինի։ Կարծում եմ, որ ընդդիմության լիազորությունները պետք է էապես մեծացվեն։ 

– Ի՞նչ անի ընդդիմությունը, օրինակ, որ հիմա չի անում, սահմանափակվա՞ծ է։

– Սահմանափակված չէ, հիմա էլ ահագին լիազորություններ ունի, բայց, կարծում եմ, դա կարելի է ընդլայնել։ Ես կողմնակից եմ այն բանին, որ կայացած ժողովրդավար երկրում ընդդիմությունը պետք է վերահսկողական ֆունկցիաներ շատ ունենա։

 -Կարծիքներ կան, որ ձեր իշխանությունը գնում է այս քայլին, որովհետև դա Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջն է, որ դուք ուզում եք Անկախության հռչակագիրը վերացնել, այսպես ասած, որին հղում է անում Սահմանադրությունը, ուզում եք այսպիսով երաշխիքներ տալ Ալիևին, որ Հայաստանում ռևանշիստական ուժեր չեն լինի։ Ձեր գնահատականը խնդրեմ։

– Ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ խաղաղության պայմանագիրը չեն կարող նման երաշխիքներ տալ, ամեն ինչը պետք է լինի իրողությունների արձանագրման արդյունք։ Խաղաղության պայմանագիրը պետք է արձանագրի այն իրավիճակը, որ կողմերից որևէ մեկը չի կարող իր հարցերը լուծել ռազմական ճանապարհով, հետևաբար կնքում ենք պայմանագիր այդ տիպի երկկողմանի հարաբերություններ զարգացնելու  համար։ 

Նման կարծիքները ծիծաղելի են, տասը տարի հետո կգա մի ուրիշ սերունդ, կփոխի Սահմանադրությունը։ Ո՛չ, դա այդպես չէ, մենք բարեփոխումներ էինք սկսել, որոնք համարյա թե բերում էին նոր Սահմանադրության, փոխում ենք նաև այն պատճառով,որ մենք մի իրողությունից փոխվում ենք մեկ այլ իրողություն, այն իմաստով, որ մենք ուզում ենք ամրագրել և՛ ընտրությունների, և՛ դատական համակարգի նկատմամբ վստահությունը, սրանք շատ կարևոր բաներ են, որոնք պետք է ամրագրել հիմնականա օրենքում, որից պետք է բխեն մյուս օրենքները։ 

Ցանկացած դեպքում մեր ընդդիմախոսները կարող են նման գնահատականներ տալ, բայց նորից եմ ասում, դա ծիծաղելի է, պետք չէ Ալիևի ասածներին այդքան լուրջ վերաբերվել պետք չէ, դրանք կարող են հոգեբանորեն ճնշելու միջոց լինել, պետք չէ այդքան խորանալ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am