Հայաստանի դիվանագիտության խնդիրը պետք է լինի դուրս գալ Ամերիկա՞, թե՞ Ռուսաստան պարզունակ բանաձևերից. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում՝ քշեք ռուսներին՝ «Ցարգրադ» հեռուստաալիքի հետ զրույցում նման միտք է ասել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պարո՛ն Բադալյան, ըստ ձեզ՝ Արևմուտքն իսկապե՞ս նման ազդակներ է ուղարկում հայկական կողմին, թե՞ այս ամենը դարձյալ տեղավորվում է Արևմուտք-Ռուսաստան հակամարտության տիրույթում։

– Ես իհարկե չգիտեմ՝ իրականում արվե՞լ է նման առաջարկ, թե՞ ոչ, ու քանի որ նման հայտարարություն հնչել է Ռուսաստանի արտգործնախարարության մակարդակով, գուցե Հայաստանից նաև որոշակի իմաստով պաշտոնական արձագանք լինի՝ արդյոք ստացվե՞լ է նման առաջարկ, թե՞ ոչ, որովհետև Լավրովը հղում էր անում, որ իրենք ունեն այդպիսի տվյալներ։ 

Մյուս կողմից՝ ես այստեղ ավելի շատ տեսնում եմ հռետորաբանություն և որոշակիորեն նաև դիվանագիտական սադրանքի նմանվող հայտարարություն, որովհետև Ռուսաստանի արտգործնախարարության համար թերևս խնդիրները շատ ավելի խորն են, այն իմաստով, որ հենց նույն արտգործնախարարությունն է փաստացի տապալել հենց նույն ռուսական քաղաքականությունը Հայաստանում։ 

Նույն Սերգեյ Լավրովը մոտ 20 տարի Ռուսաստանի արտգործնախարարն է, ու այդ տարիների ընթացքում գործնականում դժվար է մտաբերել Հայաստանի, նաև Հայաստանի հանրության հետ հարաբերություններում Ռուսաստանի դիվանագիտական շատ թե քիչ որևէ հաջողություն։ 

Հիմա Ռուսաստանի արտգործնախարարությունը խնդիր ունի ինչ-որ կերպ կոծկելու այդ անարդյունավետ քաղաքականությունը, որն այս տարիների ընթացքում վարվել է Հայաստանի հանդեպ, բնականաբար, այդ ամենը պետք է կոծկել Արևմուտքի այս մարտահրավերներն ուժգնացնելով, դրանք ուռճացնելով, որովհետև, իմ կարծիքով, ՌԴ-ի արտգործնախարարությունը խնդիր ունի նաև ռուսական էլիտայի ներսում՝ տարբեր խմբավորումների հետ փոխհարաբերություններում։ Կարծում եմ՝ այնտեղ բավական դժգոհություն կա արտգործնախարարության գործունեությունից ընդհանրապես։ 

Այն, որ Արևմուտքն փորձում է այստեղ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը, հնարավորինս նվազեցնել այն ծավալը, որ ունի Ռուսաստանը, երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ամբողջ հարցն այն է, որ այդ ամենի խորքում, այդուհանդերձ, Ռուսաստանի քաղաքականության անարդյունավետությունն է Հայաստանի հանդեպ ու Հայաստանի հանրության հետ հարաբերություններում, այն գործընկերների ու մեթոդաբանության ընտրության հարցում, որ ունեցել է Ռուսաստանն այս տարիների ընթացքում ու շարունակում է ունենալ։ 

Այսինքն՝ այստեղ խնդիրները շատ ավելի խորքային են, ու Լավրովը պարզապես փորձում է հռետորաբանության մակարդակում նաև դրանք կոծկել։ Այո՛, այստեղ կարող ենք նկատել Երևանի հանդեպ որոշակի զգուշացում և այլն, սա հասկանալի է, ռուսական դիվանագիտության ոճն է, ու այստեղ որևէ նորություն չկա։ 

– Այսինքն՝ համակարծիք չե՞ք Լավրովի այն մտքին, որ «ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայման դեպքում Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կունենար»։

 – Եթե այդ մեխանիզմի արդյունավետությունը գնահատենք այն տրամաբանությամբ, որ մեխանիզմն ինքնին ավելի լավն է, հուսալի ու այլն, ես կարծում եմ, որ մոլորություն է մտածել, թե ՀԱՊԿ-ի մեխանիզմն ավելի արդյունավետ էր լինելու, քան ընդհանրապես ռուսական ներկայությունը, որ կա այսօր Արցախում կամ Հայաստանում: 

Բայց, մյուս կողմից՝ եթե Լավրովը նկատի ունի, որ իրենց ներկայության պարագայում իրենք շատ ավելի լավ կպայմանավորվեին Ալիևի հետ, որը չէր դիմի սադրանքների և այլն, ապա այստեղ առաջանում են հարցեր, թե ինչի՞ շնորհիվ պետք է այդ մեխանիզմն ավելի արդյունավետ լիներ, որովհետև մտածել, որ Ալիևը կաշկանդվելու էր այդ ներկայությունից, կրկնեմ, մի քիչ միամտություն է: 

Մենք տեսնում ենք, որ նա բոլորովին չի կաշկանդվում Արցախում ռուսական ներկայությունից, հետևաբար այդ հայտարարությունն էլ դիվանագիտական բազմաշերտության մեջ է, և Լավրովն ընդամենը փորձում է պատասխանատվությունը նաև Երևանի վրա գցել, թե մենք պատրաստ էինք, իսկ Երևանը պատրաստ չէ, որովհետև Արևմուտքի հետ ինչ-որ գործընթացների քննարկման մեջ է։ 

Երևանն էլ, բնականաբար, պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի վրա է դնում, և ես առիթ եմ ունեցել ասելու, որ մի իրավիճակ է այստեղ, որ գործնականում առկա պատկերը բոլոր կողմերին ձեռնտու է, բայց հռետորաբանության մակարդակում ամեն մեկը փորձում է իր դիվիդենտները քաղել, որովհետև ես չեմ կարծում, թե, օրինակ՝ ՀԱՊԿ-ի մյուս անդամներն առանձնապես ոգևորված էին լինելու գալ ու կանգնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

 – Պարո՛ն Բադալյան, եթե տեսականորեն դիտարկենք, թե այդ առաջարկն իսկապես արել է Արևմուտքը, ապա եթե Հայաստանը ընդունի այդ առաջարկը, ռուսներին դուրս հանելը հե՞շտ գործընթաց կլինի, ու Արևմուտքն իսկապե՞ս կկարողանա ավելի լավ ապահովել մեր անվտանգությունը, որը չի կարողանում հիմա անել Ռուսաստանը։

– Իմ պատկերացմամբ՝ խնդիրն այդ պարզունակ դաշտում չէ, այսինքն՝ ռուսներին հանեք, մենք կգանք։ Լավրովը, իհարկե, իր դիվանագիտական հաշվարկներից ելնելով է այդ դաշտում ներկայացնում խնդիրը, ինչպես նշեցի։ ԱՄՆ-ն շատ պարզ ասում է, որ մենք պետք է պայմանավորվենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, այսինքն՝ հիմա այս հարցերը մենք պետք է քննարկենք, երբ, օրինակ՝ դիտարկում ենք անվտանգության ամերիկյան ինչ-որ մոդերատորություն։ 

Այս առումով Հայաստանում ամեն ինչ տեղավորում ենք ԱՄՆ-Ռուսաստան դիմակայության պայքարի մեջ, բայց եթե առարկայորեն նայենք այս ամեն ինչին, ապա պետք է ավելի ազնվորեն ու բաց արտահայտվենք՝ մենք ինչպե՞ս ենք վերաբերվում ամերիկյան առաջարկներին՝ պայմանավորվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ինչպե՞ս ենք պատկերացնում այդ պայմանավորվելու գործընթացը, ի՞նչ բովանդակությամբ, մեզ համար ի՞նչ ռիսկեր կան, հետագան ի՞նչ անվտանգային համակարգ պետք է ենթադրի։ 

Երբ մենք իրավիճակը բերում ենք «ռուսները գնում են, ամերիկացիները՝ գալիս», անհամեմատ պարզունակ ենք դարձնում, մենք մեզ զրկում ենք իրողությունները համարժեք ու խորքային գնահատելու հնարավորությունից ու թույլ ենք տալիս, որ յուրաքանչյուրը մեզ հետ վարվի այնպես, ինչպես ինքն է պատկերացնում։ 

Ես չեմ համարում, որ ԱՄՆ-ն պատրաստ է գալ ու ռազմական ներկայություն ունենալ Հայաստանում ու մեր անվտանգության հարցում պատասխանատվություն ստանձնել այնպիսի աստիճանով ու բնույթով, ինչպիսին չստանձնելու համար մենք հարցեր ենք ներկայացնում Ռուսաստանին։ Այս տեսանկյունից պետք է շատ ավելի խոր դիտարկենք հեռանկարները ու աշխատենք հարցը չդնել մեկին ճանապարհելու, մյուսին դիմավորելու մակարդակում։ 

Ավելին՝ ՀՀ դիվանագիտության խնդիրը պետք է լինի խուսափել որևէ մեկի հետ այդօրինակ խոսակցությունից, ու եթե իսկապես կա այդ տրամաբանությամբ խոսակցություն Արևմուտքում, ինչին խիստ կասկածում եմ, ապա Հայաստանի դիվանագիտության խնդիրը պետք է լինի հենց դուրս գալ այդ տրամաբանությունից:

Այսօր ավելի շատ պետք է շեշտը դնենք երկկողմ հարաբերությունների բովանդակային խորացման վրա ու ոչ թե մեկին մյուսով փոխարինելու այս խնդիրը լուծելու, առավելևս՝ ներկայիս միջազգային պայմաններում, երբ տեսնում ենք, որ անվտանգության միջազգային ճարտարապետությունն է ամբողջությամբ փոխվում, ու մենք նույնիսկ պատկերացում չունենք, թե դրանք ինչ առնչություն են ունենալու ոչ միայն բուն Կովկասում, այլ նաև Մեծ մերձավորարևելյան տարածաշրջանում, ու այստեղ, կրկնեմ, մեր խնդիրը պետք է լինի պրոցեսների դիտարկումը դուրս բերել Ամերիկա՞, թե՞ Ռուսաստան պարզունակ բանաձևերից։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am