ԼՀԿ-ն ուզում է հասնել նրան, որ ընտրություններում ոչ մի ուժ չստանա 51 տոկոս ձայն. Մարուքյան

The pre-election campaign of the Bright Armenia Party has started in Yerevan, Armenia

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ակնկալում է, որ առաջիկա ընտրություններում որևէ ուժ չի ստանա 51 տոկոս ձայն, խորհրդարան կանցնեն համերաշխություն բերող ուժեր, և ԼՀԿ-ն կպարտադրի ազգային համերաշխության կառավարության ձևավորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Երևանում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Առաջին բանը, որ ԼՀԿ-ն ուզում է անել, հասնելն է նրան, որ ոչ մի ուժ չունենա 51 տոկոս ձայն, որ ամբարտավանությունը երկրում դադարեցվի»,- ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի հավաքելու իր ակնկալած 60 տոկոսից ավելի ձայնը, Մարուքյանը վստահ է, որ որևէ այլ ուժ ևս այդքան ձայն չի հավաքելու: «Կարևոր է այն, որ մտածող, ժողովրդի համար անհանգիստ և հիմնականում համերաշխություն բերող ուժեր մտնեն խորհրդարան՝ «Լուսավոր Հայաստան»-ի գլխավորությամբ, և մենք պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում: Իսկ եթե մի ուժ ստանում է 51 տոկոսը, ունի օրակարգ՝ ոչնչացնել իր հակառակորդներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս»,-ասաց Մարուքյանը:

Նա կրկին խոսեց քաղաքական ուժերի՝ միմյանց նկատմամբ վերաբերմունքից՝ նկատի ունենալով հատկապես Նիկոլ Փաշինյանիn և Ռոբերտ Քոչարյանին: «Երկրի վիճակն այնպիսին է, որ ճոխություն է հիմա իրար ատելը, ոչնչացնելու պլաններ մշակելը, պետք է պլան մշակել, թե ադրբեջանցիներին ինչպես հանել Սյունիքից և Գեղարքունիքից, պլան է պետք մշակել բանակը, տնտեսությունը վերականգնելու»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ ԼՀԿ-ն գիտի, թե ինչպես: