«Նա այն անձը չէ, որ փորձի լքել դեպքի վայրը». փաստաբանը պնդում է, որ հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը չի լքել դեպքի վայրը

Ապրիլի 26-ին Երևանի Լեոյի-Պարոնյան փողոցների խաչմերուկում հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված ոստիկանը գործել է ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների շրջանակում: Այդ մասին «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց ոստիկանի ներկայացուցիչ, ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հայտնի փաստաբան Ռուբեն Բալոյանը:

«Ես որևէ խախտում չեմ տեսնում, որ տեղի է ունեցել: Խաչմերուկը կարգավորվել է ոստիկանության տեսուչի ազդանշաններով, ինչի ընթացքում տեղի է ունեցել ողբերգական դեպքը»,- «Մեդիալաբին» ասաց փաստաբանը:

Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ վարչապետի ավտոշարասյան ուղեկցող սպայական գումարտակի հրամանատար Արամ Նավասարդյանի մասին է: Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրել էր, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը):

Նշվել էր նաև, որ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ Նավասարդյանը ձերբակալվել է: Ըստ աղբյուրի՝ իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ:

Բալոյանի խոսքով՝ և՛ վարորդները, և՛ հետիոտները պարտավոր են ենթարկվել խաչմերուկը կարգավորող տեսուչի հրահանգներին, և դրանք տարածվում են երթևեկության բոլոր մասնակիցների վրա: «Այդ դեպքում չեն գործում ո՛չ լուսացույցի լույսերը, գծանշումները և ո՛չ էլ այլ հանգամանքներ: Բոլորը պարտավոր են ղեկավարվել խաչմերուկը կարգավորող տեսուչի ազդանշաններով, ես կարծում եմ ինքը գործել է դրա սահմաններում»,- նշեց նա` ընդգծելով, որ չեն բողոքարկելու ձերբակալման որոշումը:

Փաստաբանը նաև ասաց, որ օբյեկտիվ քննությունը շատ հարցերի պատասխաններ կտա: Բայց մինչ այդ նա խոսել է իր պաշտպանյալի հետ և պարզել՝ Նավասարդյանը չի լքել դեպքի վայրը: «Նա այն անձը չէ, որ փորձի լքել դեպքի վայրը, խուսափի պատասխանատվությունից: Իմ պաշտպանյալը եղել է ուղեկցման մեջ: Մենք ասում ենք՝ կանգնել է, լուրեր են տարածել, որ չի կանգնել: Իրականում նա 50 մ առաջացել է, կանգնել է ու ոտքով քայլելով հետ է գնացել: Նա նույնիսկ այդտեղ է եղել, երբ շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել քաղաքացուն»,- ընդգծեց Ռուբեն Բալոյանը:

Ավելին, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալ Արամ Նավասարդյանը նաև մասնակցել է դեպքի վայրում քննչական գործողություններին:

Փաստաբանն այս պահին այլ մանրամասներ չի հաղորդում կատարվածի հանգամանքների մասին և հույս ունի, որ օբյեկտիվ քննություն կիրականացվի:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am