Հայկական Շուշին վերածվեց ադրբեջանական պետական արգելոցի.Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է գրավյալ հայկական Շուշի քաղաքը պետական արգելոցի վերածելու ծրագիրը։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի մասին» օրենքը։

Դրանով նախատեսվում է հայկական Շուշիի վարչական տարածքում ստեղծել պետական արգելոց։

Փաստաթղթով նաև որոշվում են պետական քաղաքականության հիմնական  ուղղությունները, որոնք ուղղված են քաղաքի վերականգնմանը, մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանությանը, ինչպես նաև զբոսաշրջության համար պայմանների ստեղծմանը:

Ադրբեջանի կառավարությանը հանձնարարված է երեք շաբաթվա ընթացքում որոշել և հաստատել Շուշիի պետական արգելոցի պահպանվող գոտու սահմանները, որոշել  անվտանգության ռեժիմը, հաստատել հուշարձանների մոնիթորինգի կարգը։

Բացի այդ, կառավարությունը երեք ամսվա ընթացքում պետք է նաև հաստատի քաղաքում արգելված ձեռնարկատիրական գործունեության տեսակները, ինչպես նաև պատրաստի ու ներկայացնի պետական արգելոցի ֆինանսավորման աղբյուրների մասին առաջարկներ։

Նաև հաստատվել է Շուշիի պետական արգելոցի կանոնադրությունը։ Կառավարման ֆոնդը կազմում է 1 մլն մանաթ և ձևավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։

Այս մասին հայտնում է Factor.am-ը