«Ուշացած եմ համարում Ռուսաստանի հետ ապարդյուն սիրախաղը, որ մեզնից այդքան ժամանակ խլեց». Անուշ Սեդրակյան

«Ուշացած եմ համարում Ռուսաստանի հետ ապարդյուն սիրախաղը, որ մեզնից այդքան ժամանակ խլեց». Անուշ Սեդրակյան
«Ուշացած եմ համարում Ռուսաստանի հետ ապարդյուն սիրախաղը, որ մեզնից այդքան ժամանակ խլեց». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:
Չի կարելի բարեփոխումը սկսել ծայրից, սկսում են գլխից,սրանք ուշացած քայլեր են բազմաթիվ այլ ուշացած քայլերի հետ մեկտեղ 

– Տիկի՛ն Սեդրակյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս խոսեց հանրության մեջ քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու անհրաժեշտության մասին։ Ընդհանրապես, մեր հասարակության մեջ քրեական ենթամշակույթը հեղափոխությունից առաջ կամ հետո ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել։

– Պետք է հասկանանք, որ նախորդ իշխանությունների օրոք քրեական ենթամշակույթը խրախուսվում էր, իսկ հայերը, ընդհանուր առմամբ, ընդունում էին իշխանության լռելյայն խրախուսանքը և ենթարկվում դրան։ Փաշինյանի հայտարարությունը ճիշտ էր, որովհետև դրանով վարչապետն ազդակ տվեց, որ իշխանություններն այլևս չեն հանդուրժում այդ համագործակցությունը քրեական ենթամշակույթների հետ։

Դա բացառում է արդեն պաշտոնական և ոչ պաշտոնական կապերի արմատավորումը, նաև խրախուսում է եղած կապերի խզումը։ Այլ հարց է, թե ինչպես է դա լինելու հանրային գիտակցության մեջ, որովհետև հանրային գիտակցությունից այդ ենթամշակույթը՝ փողոցից, բակից, հանելը կլինի շատ ավելի բարդ և խնդրահարույց։ Մենք հասկանում ենք, որ այն, ինչը նստած է մեր հանրային գիտակցության մեջ, մեկ հայտարարությամբ չի վերանալու։ 

– Դուք ինչ լուծում եք տեսնում՝ կրթական, օրենսդրական, թե՞ այլ եղանակներով։

– Ես միայն տեսնում եմ կրթական լուծում, որովհետև օրենսդրական լուծումը բավական է անել քաղաքական կամքի և քաղաքական հայտարարության մակարդակով։ Իսկ մնացածն արվում է ժամառժամ աստիճանական կրթությամբ։ 

– Իսկ այդ ուղղությամբ իշխանությունը վերջին մեկ տարում քայլեր արե՞լ է։

– Կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ շատ թույլ քայլեր են արված, որովհետև հանրային տեղեկացվածությունը պետք է խրախուսել այլ ձևերով։

– Ինչպե՞ս եք գնահատում ուժային կառույցների ղեկավարներին զինվորական կոչումներ շնորհելու պետության քաղաքականությունը։ 

– Դրանով այդ մարդկանց տրվում է որոշակի անձեռնմխելիություն, բայց ես կվիճարկեի այդքան արագ կոչումներ տալու մոտեցումը։ Ինձ թվում է, որ նոր Հայաստանում մարդիկ ոչ թե կոչման համար պետք է աշխատեն, այլ որպես առաքելություն։ 

– Իշխանությունները այս քայլով ակնարկում են, որ հենվում են ուժայինների վրա՞։

– Ժամանակն ապացուցել է, որ կոչումներ տալով ոչ մեկի վրա չես կարող հենվել։ Միակ հենքը, որի վրա կարելի է հենվել՝ աշխատանքն է։

– Այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ է խուսափում այդ կառույցները խորհրդարանի վերահսկողության տակ դնելուց։ 

– Որովհետև այն Սահմանադրությունը, որի դեմ այսօրվա իշխանությունը պայքարում էր, այժմ ամեն կերպ կառչած է այդ Սահմանադրությունից։ Դա երկակի ստանդարտ է, որը ցանկալի չէ։ 

– Կարծում եք՝ Սահմանադրության փոփոխություննե՞ր պետք է նախաձեռնել։

– Ես կարծում եմ, որ դեռ մեկ տարի առաջ սահմանադրական փոփոխությունների շուրջ քննարկումները պետք է սկսված լինեին։ 

– Իսկ ի՞նչն է խանգարում, որ չեն ծավալվել նման քննարկումներ։ 

– Դա պետք է իշխանություններից հարցնել։ Ինձ թվում է՝ եթե այդքան կտրուկ քաղաքական կամքի դրսևորումներ կան, ապա արժի, որ բոլոր միջոցառումների մեջ առաջինը հենց օրենքների օրենքի փոփոխությունների քննարկումն սկսել։ Հենց օրենքների օրենքն է որոշում ընդհանուր քաղաքական գործընթացի վեկտորը։

– Իշխանությունը դատական իշխանության բարեփոխման խնդիր է դրել և կարծես քայլեր անում է այդ ուղղությամբ։ 

– Իշխանության բարեփոխումը չի կարող լինել հանրապետության գլխավոր փաստաթղթի բարեփոխումից ու քննարկումից առաջ։ Չի կարելի բարեփոխումը սկսել ծայրից, սկսում են գլխից։ Սրանք ուշացած քայլեր են բազմաթիվ այլ ուշացած քայլերի հետ մեկտեղ։ 

– Ո՞ր քայլերն եք ուշացած համարում։

– Օրինակ՝ ուշացած եմ համարում Ռուսաստանի հետ ապարդյուն սիրախաղը, որ մեզնից այդքան ժամանակ խլեց։ Եթե այդ սիրախաղը չի ավարտվել, էլի շարունակում է ապարդյուն ժամանակ խլել։ 

– Իսկ ՌԴ դեսպանի տարբեր հանդիպումներն ինչպե՞ս եք գնահատում։ 

– Բոլորը գիտեն իմ դիրքորոշումը, ես կարծում եմ, որ որևէ երկրի դեսպան չի կարող խառնվել Հայաստանի ներքին գործերին, իհարկե, եթե խոսքը ինչ-որ անհատի իրավունքների մասին չէ։ Բայց քաղաքական հարցերին դեսպանն իրավունք չունի խառնվելու։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am