Չպետք է հասարակությանը խաբել, ասել՝ եթե գանք իշխանության, Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու ենք, որովհետև դա հնարավոր չէ. Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, տևական ժամանակ մեկնարկած «Հայաքվե» նախաձեռնությունը իշխանական որոշ պատգամավորներ համարում են «Հայաստանին ու Արցախին դիտավորյալ նոր պատերազմի տանելու» միջոց։ Նախաձեռնության ու իշխանական այս մեկնաբանության վերաբերյալ ո՞րն է ձեր դիրքորոշումը։

 – Իշխանությունը, ինչպես միշտ, չափազանցում է ամեն ինչ, եթե մի բան կա, որ երկիրը պատերազմի է տանում, դա իշխանության քաղաքականությունն է, որևէ այլ բան երկիրն ավելի չի մոտեցնում պատերազմին, քան նրանց քաղաքականությունը։ 

Ինչ վերաբերում է «Հայաքվեին», ցավոք սրտի, ներքին օրենսդրությունը որևէ ձևով չի կարող փոխել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը, չի կարող ազդել կարգավորման գործընթացի վրա, հետևաբար, ընդդիմադիր սոլիդարությունից ելնելով, չեմ ուզում նախաձեռնության մասին բացասական շեշտադրումներով խոսել, այնուամենայնիվ, ասացի, որ դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ կարգավորման գործընթացի վրա։ 

Նույն ձևով Նիկոլ Փաշինյանը փորձում էր նախկիններին մեղադրել, իբր մեր ձախողումների պատճառն 2010-ին ընդունված ինչ-որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն է։ Ամեն դեպքում, նախաձեռնողներին հաջողություն եմ մաղթում։

– Եթե դա, ըստ էության, չի կարող բեկել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, ապա ինչո՞ւ են նույն այդ նախաձեռնության կազմակերպիչները հանրության մեջ պատրանքներ ստեղծում, թե այս ստորագրություններով կարող են փրկել Արցախը։

– Ես որևէ միսիոներական գաղափարի միշտ դեմ եմ։ Ամեն մեկը փրկվելու մի ուղղություն է մատնանշում, որոնք ես չեմ ընդունում, ընդհանրապես որևէ միսիոներություն որևէ հասարակության ու պետության լավ տեղ չի տարել։ Չի կարող մի գործընթաց որևէ բան փրկել կամ կործանել։ Ցանկացած գործընթաց, այդ թվում՝ «Հայաքվեն», ունի իր դրական ու բացասական կողմերը, որոնցից յուրաքանչյուրը չպետք է ֆետիշացնել ու ծայրահեղացնել։ 

Բացասականի մասին ասացի, որ այն չի կարող ինչ-որ բան փոխել, դրականն այն է, որ, այնուամենայնիվ, դա նպաստում է հասարակական ինչ-որ կոնսոլիդացիայի, եթե հետո այդ կոնսոլիդացիան ճիշտ օգտագործվի։ 

– Պարո՛ն Սուրենյանց, ձեր դիտարկմամբ՝ գոնե Արցախի մասով ի՞նչ պետք է անեն և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը, որպեսզի մենք շոշափելի արդյունք ունենանք։ 

– Իշխանություններն արդեն ինչ ավեր կարող էին՝ բերել են, նրանցից որևէ սպասելիք չունեմ։ Ընդդիմադիր շարժումները, որոնք մեկնարկեցին հետպատերազմյան շրջանում, ձախողվեցին, որովհետև ոչ թե մարդիկ հիացած են Փաշինյանով ու զզվում են նախկիններից, այլ որովհետև ընդդիմությունը հանրությանը այդպես էլ իրական օրակարգ չներկայացրեց:

Չպետք է հասարակությանը խաբել, ասել՝ եթե գանք իշխանության, Շուշին ու Հադրութը դեօկուպացնելու ենք, որովհետև դա հնարավոր չէ: Չպետք է ասել՝ եթե գանք իշխանության, ճանաչելու ենք Ղարաբաղի անկախությունը, որովհետև դա հնարավոր չէ։ 

Իրատեսական բաներ պետք է ասել, իսկ դրանք երկուսն են՝ պետք է հասնել Լեռնային Ղարաբաղի վարչատարածքային ու քաղաքակրթական սուբյեկտությանը, որպեսզի էթնիկ զտումներ չլինեն, երկրորդ՝ պետք է հասնել ՀԽՍՀ-ից ժառանգություն մնացած տարածքի, այն է՝ 29.800 քառակուսի կիլոմետրի ամբողջականությանը։ 

Այս երկու խնդրի լուծումն էլ Նիկոլ Փաշինյանն արդեն ձախողել է, այն ընդդիմադիր ուժը, որն այս երկու խնդրով կկարողանա կոնսոլիդացնել հասարակությանը, նա էլ իշխանության գալու շանս կունենա։

– Վերադառնալով «Հայաքվեին»՝ իշխանությունն ինչո՞ւ է այս նախաձեռնությունը ներկայացնում որպես պատերազմի դրդման իրական միջոց։

– Իշխանությունն իրականում վախենում է ոչ թե այս նախաձեռնության ընթացքից, այլ դրա քողարկված շերտից։ Ակնհայտ է, չէ՞, որ իրենք արդեն արել են քայլեր, որոնք հակասում են ՀՀ օրենսդրությանը, օրինակ՝ 1992 թվականի հունիսի 8-ի Գերագույն խորհրդի որոշում կա, որ Հայաստանի իշխանությունը իրավունք չունի գնալու այնպիսի լուծման՝ ա) որին դեմ է Լեռնային Ղարաբաղը, բ) որը Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի մաս։ Այս իշխանությունն արդեն դա արել է ու հիմա վախ ունի, որ «Հայաքվեի» գործընթացի ժամանակ այս խոսակցություններն ուժգնանալու են։ 

Խնդիր չկա, թող իշխանությունը չընդունի «Հայաքվեն», բայց թող խիզախություն ունենա պատասխանատվությունն իր վրա վերցնել, Ղարաբաղն անվերապահորեն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո մտնել խորհրդարան, մանավանդ բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում, 1992 թվականի հունիսի 8-ի որոշումը չեղյալ հայտարարել։ 

Դա թող անի, ես կասեմ՝ մարդիկ քաղաքական պատասխանատվություն են իրենց վրա վերցնում, որովհետև իրենց արածը ճիշտ են համարում, «Հայաքվեի» անհրաժեշտությունն էլ այդ դեպքում չեմ տեսնի։

– Կանի՞։

– Իհարկե ոչ, որովհետև մենք ունենք վախկոտ, ստի ու մանիպուլյացիայի վրա հիմնված իշխանություն։ Մարդը գնում է անվերապահորեն Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչում, գալիս է Հայաստան ու փոխանակ իր վրա վերցնի քաղաքական պատասխանատվությունը, Տիգրան Մեծից սկսած Սերժ Սարգսյանով վերջացրած մեղադրում է՝ մոռանալով, որ նրանք, չնայած իրենց բոլոր մեղքերին, նախկին նախագահներից որևէ մեկը չի ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am