Ադրբեջանը հերքում է, որ անձը իրենց մոտ է՝ նույնիսկ տեսանյութերի, նկարների առկայության պարագայում․ Factor.am (տեսանյութ)

Ադրբեջանում գտնվող երկու հայ ռազմագերիների՝ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը կմեկնարկի հունիսի 2-ին Բաքվի ռազմական դատարանում, գրում է Factor.am-ը։

 Ըստ պաշտոնական Բաքվի՝ Լյուդվիգ Մկրտչյանը և Կապանի բնակիչ, 54-ամյա Ալյոշա Խոսրովյանը միասին կատարել են ռազմական հանցագործություններ։ Նրանք մեղադրվում են պատերազմի կանոնները խախտելու, Ադրբեջանի պետական սահմանը անօրինական անցնելու, զինված խմբավորում ձևավորելու համար։

Ալյոշա Խոսրովյանին Բաքուն մեղադրում է 5 ադրբեջանցի գերիների հետ դաժան և անմարդկային վարվելու համար, Մկրտչյանին՝ գերեվարված 11 ադրբեջանցու խոշտանգելու համար։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կարծում է, որ այս մեղադրանքներն ադրբեջանական հերթական մանիպուլյացիան են։

«Այսինքն՝ ենթադրյալ փաստերի հիման վրա հարուցում են քրեական գործ, անձանց պատասխանատվության ենթարկում, ինչն այդ անձանց իրավունքների կոպտագույն խախտում է»,- ասաց նա։

Եվրադատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած հիմնական գանգատում նաև շեշտադրում են ազատազրկված հայ ռազմագերիների արդար դատաքննության իրավունքի պահպանման անհրաժեշտությունը։

«Ադրբեջանն արդեն իսկ ՄԻԵԴ-ին և միջազգային այլ կառույցների գերիների որոշակի թիվ հայտնել է, վերջին տվյալներով՝ նրանք 72-ն են, վերջին երեքի վերադարձից հետո՝ 69-ը։ Ավելի շատ անձանց նրանք չեն հաստատում, և դա տարբեր կերպ են մեկնաբանում»,- նշում է Դրմեյանը։

Հայկական կողմի տվյալներով՝ ադրբեջանական բանտերում շուրջ 200 հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք են պահվում։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72-ը։

Թշնամի երկիրը, գերիների իրական թիվը թաքցնելուն զուգահեռ, հաճախ նաև տեղեկություն չի տալիս անձանց մասին, որոնց գերեվարված լինելու մասին ակհայտ փաստեր, տեսանյութեր կան։

«Նույնիսկ հստակ տվյալների առկայության դեպքում, երբ կան տեսանյութեր կամ ֆոտոներ, նույնիսկ այդ պարագայում ադրբեջանական իշխանությունների պատասխանները շատ ընդհանրական են, թե իրենք չունեն տվյալներ, որ այդ անձինք գտնվում են իրենց տիրապետության տակ, չեն կարողացել նույնականացնել նման տվյալներով անձանց, և դրանով սահմանափակվում է իրենց պատասխանը»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում