Հադրութի մոտ Մարտունու 7-րդ վաշտի 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Օրերս «Արմենպրես» լրատվական գործակալությունը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվել էր, թե ի՞նչ փուլում է այժմ գտնվում 44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի մոտակայքում Մարտունու 7-րդ վաշտի 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունը։ Արդյո՞ք գործով առկա են որպես մեղադրյալ ներգրավված անձինք։

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին փոխանցել են հետևյալը. «Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, երկու բարձրաստիճան սպաներ անփույթ վերաբերմունք են դրսևորել ծառայության նկատմամբ, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ զորամասի N ստորաբաժանման 73 զինծառայողներից բաղկացած անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով 2020 թվականի հոկտեմբերի 11-ին՝ կեսօրին, անցել է Հադրութի շրջանի ճանապարհների խաչմերուկ՝ 9-րդ կիլոմետր կոչվող տեղամասը և հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են:

Վերոգրյալ առերևույթ հանցանքի կատարման համար բարձրաստիճան սպաներին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին): Քրեական վարույթի նախաքննությամբ հավաքված ապացույցները գնահատելով և հանգելով հետևության, որ մեղադրյալներին վերագրվող հանցանքի համար իրավասու դատարանի կողմից նրանց դատապարտումը մեծապես հավանական է՝ տուժողի իրավահաջորդներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին հայտարարվել է քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին և մեղադրական եզրակացությամբ հանձնվել հսկող դատախազին։ Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշմամբ հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ միասին հանձնել իրավասու դատարան»։