Արտգործնախարարը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

Արտգործնախարարը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում
Արտգործնախարարը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հանդիպում ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 4-ին այցելեց Երեւանի պետական համալսարան, ուր վերջին տարիներին հաստատված ավանդույթի համաձայն առաջին դասախոսությունը կարդաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, որին ներկա էին նաեւ մայր ԲՈւՀ-ի եւ ֆակուլտետի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Շնորհավորելով առաջին կուրսեցիներին ԵՊՀ ամենահեղինակավոր ֆակուլտետներից մեկն ընդունվելու կապակցությամբ ԱԳ նախարարն ասաց. «Փաստ է, որ այսօր հայ դիվանագետների զգալի մասն ավարտել է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Հաճելի է նշել, որ ուսանողների մի մասն ընտրում է դիվանագետի մասնագիտությունը, ընդունվում Դիվանագիտական դպրոց եւ համալրում արտգործնախարարության շարքերը»:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Անդրադառնալով հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակմանը` ԱԳ նախարարն ասաց.

«2004թ. ոճրագործությունից անմիջապես հետո, դատավարության ընթացքում, դատավճռի հրապարակումից հետո, այս տարիների ընթացքում, Ադրբեջանը ինտենսիվ ջանքեր էր գործադրում հանցագործին տեղափոխելու համար: Հունգարիայի իշխանությունները կտրականապես մերժում էին այդ բոլոր փորձերը: Ի՞նչ պատահեց, որ Հունգարիայի ներկայիս կառավարությունը հանկարծակի հավատաց Ադրբեջանի ստերին:

Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը, հերոսացնում էր մարդասպանին: Հիմա, ինչպես կարող է Հունգարիան ձեւացնել, որ հավատացել է ադրբեջանական կեղծ խոստումներին եւ գնացել նման կասկածելի քայլի:

Ադրբեջանի իշխանությունները իրենց երկրում խորապես արմատավորված կոռուպցիան փորձում են բարձրացնել միջպետական հարաբերությունների մակարդակի:

Տեղյակ լինելով, Ադրբեջանի փորձերին, Հայաստանը բոլոր՝ նախագահի, խորհրդարանի ղեկավարի, վարչապետի, ԱԳ նախարարի, դեսպանների մակարդակներով շարունակաբար հունգարական իշխանությունների ուշադրությունն է հրավիրել ոճրագործի հանձնման անթույլատրելիության վրա ու միանշանակ հավաստիացումներ ստացել, որ նման քայլը բացառված է:

Ադրբեջանի ղեկավարության այս խայտառակ քայլը միջազգային հանրության մոտ շոկ է առաջացրել, բայց ոչ պակաս շոկ է առաջացնում Ադրբեջանից վերջին օրերին հնչեցվող արձագանքները: Ադրբեջանը, փաստորեն, իր ցինիկ արհամարհանքն է արտահայտում միջազգային հանրության նկատմամբ: Միջազգային հանրության կողմից նման երեւույթների հանդուրժումն է ձեւավորում սադամհուսեյների»,- ընդգծեց նախարարը:

© Medialab.am