«Թիվ մեկ հիմնախնդիրը Հայաստանում, որի պատճառով տեղի ունեցավ հեղափոխությունը՝ արդարության դեֆիցիտը, դեռևս չի հաղթահարվել». Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Արդարության դեֆիցիտը կարող էր վերացվել սահմանադրական, օրենսդրական, ինստիտուցիոնալ արմատական փոփոխությունների արդյունքում, երաշխավորելու համար իրավունքի գերակայության սկզբունքը, հաշվետու և թափանցիկ, բարեխիղճ և մասնակցյաին կառավարումը, արդարադատության նկատմամբ հանրային վստահության վերականգնումը։

Հատվածային, անկանխատեսելի, ոչհետևողական, անսկզբունքային կառավարմամբ, որոշումների ընդունմամբ անհնար էր և անհնար է վերացնել համակարգային խնդիր դարձած արդարության դեֆիցիտը։Այս ամենի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է։

Եվ լիովին հիմնավոր ու տեղին են, անկախ գնահատականների բնույթից՝ խստությունից, մեղմությունից, կոռեկտ կամ ոչկոռեկտ բառապաշարից, հանրային դժգոհությունները՝ անկախ դրանց դրսևորման ձևերից, անկախ դրանց մասնակիցների շարժառիթներից ու նպատակներից։

Բացառությամբ հեղափոխության արդյունքում կոռուպցիոն, հանցավոր եկամուտներից զրկվածներից, հեղափոխությամբ անձնական խնդիրների լուծումը ակնկալած բայց չստացած խիստ փոքրաթիվ որոշ խմբերից, ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության միակ ակնկալիքը, առաջարկությունների, քննադատությունների, գնահատականների գլխավոր շարժառիթը եղել է ու կա վերականգնել արդարադատությունը, վերացնել արդարության դեֆիցիտը ապահոված ու ապահովող սահմանադրական, ինստիտուցիոնալ, օրենսդրական, կառավարման արդեն մերժված, բայց դեռևս գործող համակարգը։

Սպասելիքների և իրականության միջև ակնհայտ ու մեծ խզման հետևանքով ներկա անըմբռնելի, որոշակիությունից, կանխատեսելիությունից զուրկ իրավիճակի շարունակականությունը ստեղծում է վակուում, որում ստեղծարար միտքը մղվում է լուսանցք, և պարարտ է դառնում տարատեսակ զոռբայությունների, խմբապետական, թայֆայական, հայտնի դասական որակմամբ՝ գյադայությունների։

Պետությունը անունով կա, պետական մարմինները կան, բայց պետությունը չի երևում։ Ամեն մի քաղաքացի ակնկալում է իր ստեղծած արդար պետության ներկայությունը, ակնկալում է իր կողքին տեսնել, զգալ իր ստեղծած, իր արժանապատվության հանդեպ հարգանք ունեցող պետությանը։

Պետության ներսում թե նրա սահմաններից դուրս քաղաքացու արժանապատիվ անվտանգության, ապահովության, արդարության բնական ձգտումների, ակնկալիքների, սպասելիքների երաշխավորողը պետք է լինի պետությունը, և այդ բոլոր խնդիրներում պետության ներկայության փոխարեն նրա վերացական, ոչ իրական լինելու թիվ մեկ պատասխանատուն ներկա իշխանությունն է։

ՀՀ քաղաքացիները չեն ցանկանում կորցնել իրենց ստեղծած պետությունը, չեն հրաժավել ու չեն հրաժարվելու արդար պետության իրենց պահանջից, և հենց այդ պատճառով չեն մասնակցում իրենց աչքի առաջ պետությունը բզիկ-բզիկ անելուն ուղղված արկածախնդրություններին։

ՀՀ քաղաքացիները դեռ սպասում են, թե ովքեր են մոտենալու իր սրտի ու մտքի ապրումներին, ովքեր են տարրական արժանապատվությամբ և հարգանքով վերաբերվելու այդ ապրումներին։ Մեծ ու լայն սիրտ ու հոգի, ու միտք ունի ՀՀ քաղաքացին, շատ մեծ, անչափելի, և որոշ պատեհապաշտներ փորձում են նորից սողոսկել այդ լայն ու մեծ սրտի, հոգու, մտքի մեջ, հերթական անգամ ներսից խժռելու, կրծելու տզրուկի նման։

Բայց մի փոքր հարց հին ու նոր տարատեսակ տզրուկները մոռանում են։ ՀՀ քաղաքացին արդեն գիտելիք ու միտք դարձած դաժան փորձ ունի իր լայն ու մեծ սրտում ու հոգում տեղ չտալու տզրուկներին»։