Ադրբեջանը բանակցում է Իսրայելից 2 մլրդ դոլարի զենքի գնման շուրջ․Israel Hayom

Ադրբեջանն Իսրայելի հետ բանակցություններ է վարում  2 մլրդ դոլարի զենք գնելու վերաբերյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Israel Hayom թերթին։

Նշվում է, որ կա երկու հիմնական գործոն, որոնց պատճառով Ադրբեջանը, Արցախյան պատերազմի ժամանակ անօդաչուներ ու իսրայելական արտադրության հրթիռներ օգտագործելուց հետո, հիմա ցանկանում է ևս 2 մլրդ դոլարի զենք գնել։

Առաջին պատճառը, ըստ աղբյուրի՝ հայ-ադրբեջանական սահմանի  փոխհրաձգությունն է, որը կարող է վերաճել պատերազմի։

Երկրորդ գործոնն էլ  Իսրայելի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումն է, հատկապես՝ պատերազմում Բաքվի հաղթանակից հետո։

Պարբերականը նաև նշում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ինքնաթիռները վերջին օրերին հաճախ են վայրէջք կատարում Իսրայելի օդանավակայաններում, տեղափոխում տարբեր տեսակի զինատեսակներ։

Նշվում է զենքի վաճառքի նոր գործարքը կստորագրվի առաջիկա ամիսներին և ևս մեկ անգամ  ցույց կտա Բաքվի ու Իսրայելի հարաբերությունների կարևորությունը։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: